Ինչ մնաց ընդդիմությանը Ծառուկյանից հետո

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի վերականգնումը, անկասկած, լուրջ մարտահրավեր է այն ուժերի համար, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ընդդիմադիր դաշտում: Այստեղ իհարկե կան տարբեր ուժեր, տարբեր խնդիրներով, այդ թվում՝ իշխանության դրածո ուժեր, կամ ուժեր, որոնց այնտեղ լինելը խիստ ձեռնտու է իշխանությանը, քանի որ դրանք բավականաչափ խոցելի են և վերահսկելի, քանի որ նախկինում այս կամ այն թելով կապված են եղել իշխանությանը: Այդ տեսանկյունից, Ծառուկյանի կարգավիճակի վերականգնումով առաջացող մարտահրավերը, իհարկե, հավասարապես նույնական չէ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի համար: Նրանք բոլորը կանգնում են խնդրի առաջ, բայց ամեն մեկի դեպքում այդ խնդիրը տարբեր է: Հնարավոր է իհարկե դիտարկել այդ ուժերի հիմնական սպեկտրի ներկայացուցիչներին և նրանց հանդեպ Ծառուկյանի բերած մարտահրավերը, սակայն, այստեղ երևի թե առավել կարևոր է արձանագրել ընդհանուր իրավիճակի մի էական հանգամանք:

Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի վերականգնումը` լինի դա զուտ ԲՀԿ կուսակցական շրջանակով, թե ավելի լայն մոբիլիզացիա և տարբեր այլ ուժեր ներառող ֆորմատով, նշանակում է, որ այդպիսով իշխանությունը լիովին ծածկում է նախընտրական շրջանի, այսպես ասած՝ սոցիալ-տնտեսական մասնաբաժինը: Իշխանությունն ու Գագիկ Ծառուկյանը իրենց ռեսուրսներով այս ամբողջ բաժինը կվերցնեն վերահսկողության տակ, և այստեղ իհարկե այլ ուժերի գործնականում չի մնում արդյունավետ խաղի որևէ հնարավորություն: Սոցիալ-տնտեսական բաժինը Հայաստանում առավելապես թիրախավորում է բողոքական ընտրազանգվածը, որի համար համակարգային խնդիրները, դրանց քաղաքական ճյուղավորումները, պատճառներն ու շերտավորումները էական չեն: Այդ ընտրազանգվածի համար էական են կոնկրետ սոցիալական և տնտեսական հեռանկարները: Իսկ այստեղ, իհարկե, իշխանությունն ու Ծառուկյանը լինելու են մրցակցությունից դուրս, հատկապես Ծառուկյանի ընդդիմադիր հռետորաբանության պարագայում: Դա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում ծավալվելու հավակնություն և ծրագրեր ունեցող ուժերի համար, ըստ ամենայնի, բաց է մնում գերազանցապես քաղաքական ասպեկտը, կամ իրավա-քաղաքական: Այսինքն, այդ ուժերը կարող են որևէ բան փնտրել այն քաղաքացիների շրջանում, որոնց մոտ բավական բարձր է քաղաքացիական իրավագիտակցության մակարդակը և նրանք քաղաքական գործընթացները դիտարկում են ինտելեկտուալ առավել բարձր չափորոշիչներով և նշաձողերով, դիտարկում են համակարգային խորությամբ և նրանց հետաքրքրում են երկարաժամկետ, ռազմավարական քննարկումները, հարցադրումները և լուծումները: Դա ներառում է թե՛ իրավական-քաղաքական ներքին շերտերը, թե՛ արտաքին քաղաքականության և անվտանգության շերտերը: Այդ ընտրազանգվածը կազմող քաղաքացիների թիվը Հայաստանում առանձնապես մեծ չէ, համենայն դեպս այն կարծեք թե մրցունակ չէ սոցիալ-տնտեսական առավել կարճաժամկետ թիրախների վրա կենտրոնացած քաղաքացիներից: Սակայն, այդ թիվը այնքան էլ փոքր չէ, քաղաքական կշիռ չունենալու, շերտ չկազմելու համար:

Ավելին, մեծ հաշվով այդքան էլ ուսումնասիրված չէ, թե իրականում ինչքան է կազմում այդ քաղաքացիների թիվը, պոտենցիալ քանի տոկոս է կազմում այդ ընտրողների շերտը: Բայց, այն կա, փոքր չէ, և անկասկած դրանով իսկ հանդիսանում է քաղաքական աշխատանքի բավական պարարտ տարածություն: Այստեղ շատ կարևոր է հասկանալ խնդիրներն ու աշխատանքի անհրաժեշտ բովանդակությունը: Առանցքայինն այն է, որ այդ հանրային շերտը կամ շերտերը բավական տարալուծված են, ապակենտրոնացած: Ավելին, դրանք ներքին մի շարք հանգամանքների և գործոնների ազդեցության տակ նաև խմբավորված են, ինչ որ առումով կլանավորված, ինչում մեծ ազդեցություն են ունեցել նաև հենց ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի մի զգալի մասը: Հանրության այդ խմբերը քաղաքական կշիռ կարող են ստանալ մեկ ընտրական շերտ կազմելու դեպքում, հետևաբար նախընտրական խնդիրը կարող է լինել այդ տարալուծված, ապակենտրոն, բազմաթիվ ներքին բաժանարար գծերով հագեցած հանրույթին մեկ նպատակի, խնդրի, բովանդակության շուրջ միավորելը: Իսկ դրա համար պետք է, որ մեկ միավոր դառնան նաև այդ դաշտում գործող ուժերը` մեկ բովանդակային միավոր: Ընդ որում, դա բոլորովին չի նշանակում բոլոր հարցերում համաձայնություն: Դա նշանակում է մեկ հարցում բոլորի համաձայնություն: Որը կարող է և պետք է լինի այդ հարցը: Դա է խնդիրը, որ առավել հրատապ է դառնում Ծառուկյանի կարգավիճակի վերականգնումից հետո:

Today's most read news !
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Լեոնիդ Ագուտինը Երեւանում է
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
Comments

Name: