Վարչապետն արդեն պատասխանատու է հետևանքների համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տարելիցի առիթով այցելել է Շիրակի մարզ և հիշատակի միջոցառումներից բացի՝ հանդիպում ունեցել նաև մարզի գործարարների, համայնքապետերի հետ: Կարեն Կարապետյանը նրանց հետ հանդիպմանը կրկնել է իր արդեն հայտնի մոտեցումը, որ բողոքների փոխարեն՝ ակնկալում է կոնկրետ առաջարկներ և նախաձեռնություններ համայնքապետերից, որ նրանք կառավարությանը ներկայացնեն իրենց որևէ ծրագիր և աջակցություն ակնկալեն կոնկրետ այդ ծրագրի դիմաց:

Կարեն Կարապետյանը այս մասին խոսում է համայնքային թեմաների գրեթե բոլոր առիթների պարագայում: Եվ առաջին հայացքից այս մոտեցումը իսկապես ռացիոնալ է, քանի որ համայնքներում մակաբույծ իշխանությունները խնդիր են և՛ այդ համայնքների, և՛ ընդհանրապես պետական կառավարման համար: Իսկ մակաբույծ են այն իշխանությունները, որոնք և իրենք են ընդամենը կենտրոնից աջակցություն ակնկալում, և պատասխանատվությունը հանում իրենց վրայից, և նաև իրենց բնակիչներին են ըստ էության տրամադրում հենց այդ՝ ուզվորի հոգեբանության և մտածողության:

Սակայն փորձենք խնդրին մոտենալ նաև հակառակ կամ մեկ այլ տեսանկյունից: Ինչպե՞ս են ձևավորվում այդ համայնքային իշխանությունները: Երևի թե ՀՀԿ-ին և այդ թվում նաև նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանին հարկ չկա բացատրելու այդ ամենը: Կարապետյանը մի քանի օր առաջ ՀԲԸՄ-ում հանդիպմանը հայտարարել էր, որ վատ իրազեկված չէ իրերի դրությունից: Եվ ուրեմն նա իրազեկված պետք է լինի նաև, թե ՏԻՄ ընտրություններում ինչ սկզբունքներով, ինչ տրամաբանությամբ, ինչ ճանապարհներով են ՀՀԿ-ական թեկնածուները կամ ՀՀԿ-ի հովանավորությունը վայելող թեկնածուները «հաղթում»:

Ամենաթարմ օրինակը վերջին ՏԻՄ ընտրություններն են և ամենավառ օրինակը՝ վանաձորյան խայտառակությունը: Կարեն Կարապետյանը այս ամենինց հեռու մնաց, թեև ՏԻՄ այդ ընտրությունները կատարվեցին արդեն նրա վարչապետության շրջանում: Սակայն նա հրապարակավ հեռու էր մնում դրանցից: Սակայն այժմ, երբ Կարապետյանը խոսում է քաղաքական հենարանի, քաղաքական թիմի մասին և խոսում է արդեն կուսակցական կարգավիճակում, այն էլ առաջին տեղակալից հինգ րոպե պակաս կարգավիճակում, նա ստանձնում է այս ամենի համար քաղաքական պատասխանատվություն, այդ թվում՝ վերջին ՏԻՄ ընտրությունների համար:

Տեղական ինքնակառավարման մակաբույծ համակարգը այն համակարգի տրամաբանական շարունակությունն է, որ Հանրապետական կուսակցությունն ու նրա նոր և հին առաջնորդները հաստատել են Հայաստանում իրենց իշխանության ժամանակաշրջանում: Հետևաբար այդ համակարգը կարող է մակաբուծելուց անցնել ստեղծագործելու, եթե ստեղծագործելու անցնեն առաջնորդները: Առաջնորդները առայժմ ցուցաբերում են միայն մի հարցում ստեղծագործելու ունակություն՝ իշխանության վերարտադրության, ընտրակեղծիքների տեխնոլոգիաների կատարելագործման, բյուջետային մսխումների և գանձագողության: Եվ, իհարկե, պատասխանատվությունը սեփական ուսերից վայր դնելու, ինչի տարբերակներից մեկն էլ կարող է լինել համայնքներին ուղղվող անընդհատ հորդորը առաջարկներ և ծրագրեր ներկայացնելու մասին՝ դժգոհությունների փոխարեն:

Եվ որքան զուտ տեսական մասով այդ մոտեցումը ճիշտ է, պրակտիկ իմաստով այն ընդամենը իրականության կամա, թե ակամա նենգափոխում է, որովհետև պատասխանատվության սլաքը ուղղվում է հետևանքի վրա՝ պատճառը պատասխանատվությունը տանում է դեպի հետևանք՝ փորձելով այն հանել իր վրայից: Մինչդեռ նախ պետք է պրակտիկայում փոխվի պատճառն իր վարքով՝ ոչ միայն խոսքով, որպեսզի հետևանքը փոխվի ինքնաբերաբար՝ վերածվելով արդեն արդյունքի:

Today's most read news !
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
Comments