Սերժ Սարգսյանի պլանները փոխվե՞լ են

Գագիկ Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքական կարգավիճակի առաջ է բերում մի շարք հարցեր և էապես փոխում ներքաղաքական, նախընտրական տրամաբանությունը, որն ինչ-որ առումով փորձարկվել կամ շոշափվել էր ՏԻՄ ընտրությունների ընթացքում:

Մասնավորապես, դրանք ի ցույց դրեցին այն, որ ՀՀԿ-ն չունի բացարձակ մեծամասնության տանող արդյունք ապահովելու ներուժ և հարկադրված է հաշվի նստել որոշ իրողությունների հետ: Սակայն Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է, որ ձևավորվում է կենտրոնացված մի բևեռ` ԲՀԿ-ով կամ վերկուսակցական որևէ հնարավոր ֆորմատով, ինչը հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա նշանակում է, որ կենտրոնացված բևեռ էլ ձևավորելու է իշխանությունը: Այսինքն՝ եթե մի բևեռը լինելու է Ծառուկյանը, ապա արդյո՞ք իշխանությունը լինելու է դրանից ավելի փոքր, թե՞ ոչ:

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձն արդյո՞ք նշանակում է, որ Սերժ Սարգսյանը գնալու է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակի, այսինքն՝ 50+1 ձայնի, իսկ Ծառուկյանն էլ կլինի երկրորդ տեղում: Համենայնդեպս, խորհրդարանական նախորդ երկու ընտրություններում՝ թե 2007 թվականին, թե 2012 թվականին, ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցել է, և արդյունքը եղել է այն, որ այդպիսով հանդիսացել է ՀՀԿ բացարձակ մեծամասնության տանող բուֆեր: Իհարկե, հնարավոր չէ միարժեք պնդել, որ ԲՀԿ-ն մասնակցել է հենց այդ նպատակով, այդ մոտիվացիայով, սակայն արդյունքը ի վերջո երկու անգամ էլ հանգել է միևնույնին:

Ավելին՝ 2012 թվականին, 2007-ի համեմատ, ՀՀԿ-ին հաջողվել է ապահովել ավելի համոզիչ բացարձակ մեծամասնություն: Եվ երբ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է 2017-ի շեմին, ապա, նախորդ երկու ընտրությունների պատկերը հաշվի առնելով, միանգամայն իրատեսորեն առաջանում է հարցը՝ Սերժ Սարգսյանի պլանները փոխվե՞լ են, և նա երրորդ անգամ անընդմեջ գնում է բացարձա՞կ մեծամասնության:

Առաջին հայացքից դա միգուցե խելահեղություն է թվում, այն էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայմաններում, և այն էլ մի սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ ՀՀԿ հասկացությունը հանրության ճնշող մեծամասնության մոտ առաջացնում է, մեղմ ասած, բացասական ասոցիացիաներ:

Թվում է, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության, մեղմ ասած, տխուր արդյունքներից հետո պարզապես պետք է մտքի ծայրով իսկ չանցկացներ բացարձակ մեծամասնության նոր փորձը: Սակայն, ըստ ամենայնի, հենց այս հանգամանքն էլ նրան բերել է երևի թե այն եզրահանգման, որ կա՛մ վերցնում է ամբողջը և միանգամից, կա՛մ ամբողջն էլ կորցնում է միանգամից:

Համենայնդեպս, Ծառուկյանի վերադարձը հուշում է, որ Սերժ Սարգսյանի պլաններում եթե չի կատարվել շրջադարձային փոփոխություն, ապա առնվազն դրանցում հիմնական կազմում է ընդգրկվել հերթական անգամ բացարձակ մեծամասնություն վերցնելու տարբերակը:

Սա կարող է վկայել Սարգսյանի կա՛մ ինքնավստահության մասին, կա՛մ հակառակը՝ մտահոգությունների, որոնց պատճառով էլ նա մտադիր է գնալ ռիսկի, գնալ վա-բանկ: Թեև Գագիկ Ծառուկյան բուֆերն, իհարկե, ըստ էության զգալիորեն նվազեցնում է Սերժ Սարգսյանի ռիսկերը:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: