Latest 10 episodes

Ինչ «արգումենտացիայով» Հայաստանը կարող է կասեցնել Ադրբեջանի կողմից վրացական գազատարի ձեռքբերումը

«Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի մի մասի հնարավոր ձեռքբերումը Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի կողմից իրական ռիսկեր է պարունակում Հայաստանի անվտանգության համար:

Վրաստանի նավթագազային կորպորացիան այն կազմակերպությունն է, որը տնօրինում է Վրաստանի տարածքով ռուսական գազ տարանցող Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը: Մոտ երկու շաբաթ առաջ  Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է գազամուղը տնօրինող նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը ֆոնդային բորսայում վաճառքի հանելու հարցը, հետևաբար, եթե SOCAR-ը գնի այդ փաթեթը՝ ազդեցություն կունենա նաև գազատարի վրա: Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը տեսնում է թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական շարժառիթներ Ադրբեջանի՝ բաժնետոմսերը գնելու մտադրության մեջ, ասելով՝ վտանգն այն է, որ 25 տոկոսը գնելուց հետո Ադրբեջանը կարող է հետագայում գնել ևս 25-26 տոկոս բաժնեմաս, որից հետո կստանա կորպորացիայի բաժնետոմսերի 51 տոկոսը:

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնաբանությանը, որ ինքը ռիսկեր չի տեսնում SOCAR-ի կողմից 25 տոկոսը գնելու հնարավորության մեջ, բայց, եթե տոկոսները աճեն և ռիսկեր առաջանան՝ «մենք գիտենք՝ ինչ արգումենտացիա ունենք՝ մեր հարևան, բարեկամ երկրի հետ խոսելու»: Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ Հայաստանը հնարավորություն չունի ազդելու Վրաստանի որոշումների վրա, եթե իրադարձություններն իսկապես զարգանան վատագույն սցենարով:

«Կարեն Կարապետյանը գազային ոլորտից է, գուցե լավ է հասկանում այդ խնդիրները, բայց պիտի ասեմ, որ եթե հանկարծ զարգացումները սխալ ուղղությամբ գնացին, չեմ կարծում, որ Հայաստանը հնարավորություն ունի այդ որոշումների վրա ազդելու: Համոզված չեմ, որ Վրաստանը շատ ուշադիր կլինի Հայաստանի փաստարկների հանդեպ»:

– Հրանտ, ի՞նչ հավանականություն կա, որ ադրբեջանական SOCAR-ը ամբողջությամբ կգնի Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը, և եթե դա իսկապես տեղի ունենա, ի՞նչ ռիսկեր են առաջանում Հայաստանի էներգետիկ անվտանգության համար այն իմաստով, որ ադրբեջանցիները կարող են տնօրինել Վրաստանի տարածքով ռուսական գազ տարանցող Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը:

– Կարծում եմ՝ այս հարցում ավելի նեղ մասնագետ է պետք, որպեսզի ավելի մանրամասն բացատրի, թե ինչ հավանական ռիսկեր կան, բայց փորձենք գնահատել` ելնելով քաղաքական ենթատեքստից:

Առաջինը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը գնում այդ գազատարը, հավանաբար պատճառներ ունի: Պատճառներից մեկն այն է, որ նա ուզում է պարզապես ներդրում անել և եկամուտներ ստանալ այնտեղից, որովհետև Վրաստանը մինչ օրս այնտեղից տոկոսով ստանում էր եկամուտ, իսկ հիմա Վրաստանը ներդրումների կարիք ունի: Եվ դա կարող է հավանական պատասխան լինել, որովհետև Ադրբեջանի եկամուտները կրճատվելու են եկող տարիներին: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ նրանք ուզում են դա օգտագործել՝ որպես քաղաքական գործիք, և սա էլ կարող է հավանական պատասխան լինել այս հարցին, որովհետև եթե ադրբեջանցիները պատրաստվում են կա՛մ պատերազմի, կա՛մ խոշոր լարվածությունների, դա կարող են ինչ-որ կերպ օգտագործել: Ենթադրենք այդ գազամուղը պայթեց, և նրանք ասում են, որ հնարավորություն չունեն, որպեսզի վերանորոգեն այդ գազամուղը: Օրինակ, այդպիսի խնդիր կարող է լինել: Համենայն դեպս, կարծում եմ՝ երկու խնդիրներն էլ կան այստեղ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական:

– Բայց ի՞նչ հավանականություն կա, որ հենց SOCAR-ը պիտի գնի այդ 25 տոկոսը, ոչ թե մեկ այլ երկրի կազմակերպություն: Երկրորդը՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Վրաստանի կառավարությունը՝ դիմելով այս քայլին, արդիականացնե՞լ երկրի էներգետիկ ոլորտը, ներդրումնե՞ր բերել, թե՞ կարող են նաև քաղաքական նպատակներ լինել:

– Վրաստանի կողմից, կարծում եմ, տնտեսականից բացի՝ այլ շարժառիթ չկա: Վրաստանը այսօր գումարների շատ մեծ պակաս ունի, իրենց ազգային արժույթը զգալիորեն՝ մոտ 10 տոկոսի չափով, արժեզրկվեց վերջին երկու ամիսներին, և հիմա անկումը շարունակվում է, այդ պատճառով վրացիներն ուզում են դոլար ձեռք բերել, որպեսզի ապահովեն իրենց առևտրային, վճարային բալանսը և կարողանան կայունացնել լարիի փոխարժեքը:

Ինչ վերաբերում է գազամուղին՝ երկու գնորդ կար: Եթե չեմ սխալվում, ադրբեջանցիներից բացի՝ նաև ռուսական «Գազպրոմն» էր ուզում գնել, և Վրաստանում մեծ բանավեճեր սկսվեցին, որ դա վտանգ է պարունակում Վրաստանի համար, և նրանք չէին ուզում գազամուղը վաճառել ռուսներին, ուստի, հավանաբար, հիմնական գնորդ ընտրվեց Ադրբեջանը: Չմոռանանք՝ եթե հիմա 25 տոկոսն են վաճառում, 6 ամիս անց կարող են ևս 25 կամ 26 տոկոս վաճառեն, որից հետո Ադրբեջանը արդեն կունենա 51 տոկոս այդ կորպորացիայում:

– Եվ ռիսկերը կարող են աճել:

– Վրացիներն ասում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանի համար լավ լինի, բայց ինձ թվում է՝ նրանք չեն մտածում դրա մասին, մտածում են իրենց եկամուտները ապահովելու մասին, և դա է իրենց մոտիվացիան:

– Այս հարցը Ազգային ժողովում բարձրաձայնեց ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ SOCAR-ը կարող է տնօրինել գազամուղը և ավելի խորացնել Հայաստանի տնտեսական, էներգետիկ շրջափակումը: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ինքն այստեղ ռիսկեր չի տեսնում. «25 տոկոսը ձեռք բերելու դեպքում չեմ կարծում, որ վրացական կողմը իրեն կպահի ոչ պայմանագրի համաձայն»: Նշանակում է՝ կա պայմանագիր, որը չի կարող խախտել Վրաստանը:

– Պայմանագիր կա, որի հիման վրա Վրաստանը ստանում է իր տարածքով դեպի Հայաստան տարանցվող գազի 12 տոկոսը: Հիմա երևի դրա ¼-ը կստանա Ադրբեջանը՝ գումարի տեսքով: Այստեղ պետք է էներգետիկ ոլորտի ավելի նեղ մասնագետ: Կարեն Կարապետյանը գազային ոլորտից է, գուցե լավ է հասկանում այդ խնդիրները, բայց պիտի ասեմ, որ եթե հանկարծ զարգացումները սխալ ուղղությամբ գնացին, չեմ կարծում, որ Հայաստանը հնարավորություն ունի այդ որոշումների վրա ազդելու: Ադրբեջանը, ունենալով մեծ գումարներ, ավելի մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա:

– Վարչապետն ասաց, որ վրացական կորպորացիայում ադրբեջանական ընկերության տոկոսներն աճելու դեպքում «մենք գիտենք՝ ինչ արգումենտացիա ունենք՝ մեր հարևան, բարեկամ երկրի հետ խոսելու»: Ձեր կարծիքով՝ ի՞նչ փաստարկներ ունենք, խոսքը հավանաբար քաղաքական ինչ-որ լծակների մասի՞ն է:

– Հավանաբար կլինեն և՛ քաղաքական լծակներ, և՛ պայմանագիրը, բայց ես համոզված չեմ, որ Վրաստանը շատ ուշադիր կլինի Հայաստանի փաստարկների հանդեպ: Տեսնենք: Վրաստանը Հայաստանից կախված չի, ու դրանից ելնելով՝ կարծում եմ, որ շատ ուշադիր չեն լինի մեր կողմի «արգումենտացիային», թեկուզ դա ճիշտ լինի:

– Իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական ի՞նչ գործոններով Հայաստանը կարող է ազդել Վրաստանի վրա: Հավանաբար դա կապված է Հարավային Օսիայի, Աբխազիայի խնդիրների կամ Ջավախքի խնդրի հետ: Ձեր ենթադրությամբ՝ ի՞նչ փաստարկների մասին է խոսքը:

– Իմ ենթադրությամբ՝ ո՛չ Ջավախքի հարց կարող է լինել, ո՛չ էլ Աբխազիայի և Օսիայի հարց, բայց այստեղ կարող է առաջանալ այն հարցը, որ եթե Վրաստանը այլևս չեզոք չի, անցնում է Ադրբեջանի կողմը (որովհետև մինչև հիմա Վրաստանը փորձել է չեզոք դիրք ունենալ), դա արդեն փչացնում է մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Եվ ինձ չի թվում, որ Հայաստանը կարող է բարձրացնել Ջավախքի կամ Հարավային Օսիայի, Աբխազիայի հարցերը:

– Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի գազի թիվ մեկ մատակարարն է: Այս գործոնը որքանո՞վ կարող է օգնել Ադրբեջանին՝ ավելի ազդեցիկ դիրքեր ձեռք բերելու Վրաստանի էներգետիկ ոլորտում: Երկրորդ, մյուս կողմից՝ Վրաստանի գործող կառավարությունը վերջին տարիներին բավական հետաքրքիր էներգետիկ քաղաքականություն է վարում՝ փորձելով դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը, բանակցելով Ռուսաստանի, Իրանի հետ: Գուցե վրացիները փորձեն հավասարակշռե՞լ իրենց էներգետիկ ոլորտը և ավելի մեծ էներգետիկ կախվածության մեջ չընկնել Ադրբեջանից:

– Որքան ես եմ հասկանում վրացիների էներգետիկ քաղաքականությունը՝ այն ուղղված է միայն Ադրբեջանից ավելի շատ գնային զեղչեր ստանալուն, այսինքն՝ նրանք բանակցում են ռուսների ու իրանցիների հետ, բայց հիմնական նպատակն այն է, որ Ադրբեջանը իջեցնի գազի գները: Եթե իրենք ուզեն, կարող են գազ ստանալ և՛ Ռուսաստանից, և՛ Իրանից, բայց դա իրենց պետք չի, Վրաստանը պարզապես ուզում է ցույց տալ Ադրբեջանին, որ իրենք ունեն այլ ճանապարհներ: Դա է իրենց դիվերսիֆիկացիայի քաղաքականության հիմնախնդիրը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազդեցությանը, նորից եմ ասում՝ Վրաստանը ֆինանսական խնդիրներ ունի, բավական լուրջ ճգնաժամի մեջ է և անում է ամեն ինչ ավելի ուժեղ անկումից խուսափելու համար: Օրինակ, մեկ տարի առաջ էլ կար այդ քննարկումը, բայց Վրաստանը որոշեց չվաճառել այս գազամուղը: Հիմա արդեն որոշել են, որ պիտի վաճառեն: Կարծում եմ՝ պարզապես զգացին, որ այսօր ավելի մեծ խնդիրներ կան, և իրենց պետք են այդ գումարները: Եվ կրկնում եմ՝ հետագայում կարող են բաժնետոմսերի ևս մի մաս վաճառել:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Երևանում LADA 2112-ի վարորդն բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ Nissan և ВАЗ մակնիշի ավտոմեքենաներին
  • Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ինձ. Զարուհի Փոստանջյան
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
Comments