Latest 10 episodes

Երբ կեղտը չի վախենում նայել մարդկանց աչքերին

«Խրախճանք ժանտախտի ժամանակ»: Հայաստանի ներկայիս վիճակի ամենադիպուկ բնորոշումը թերևս այդ նախադասությունն է, որին կարելի է շատ անգամ հանդիպել, շատ տարբեր առիթներով, բայց թերևս հազվադեպ կարելի է արձանագրել իրավիճակի և նախադասության այդքան դիպուկ «ներդաշնակություն»:

Հայաստանի պարագայում այդ իրավիճակն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն` Հայաստանում ժանտախտը սկսել է խրախճանքից, այսինքն՝ ժանտախտը խրախճանքի հետևանք է: Դա այդքան էլ բարդ ապացուցելի բան չէ: Բավական է նայել մեր անկախության ընթացքին, նայել ընդհանրապես անկախության գործընթացին` Ղարաբաղի շարժումից սկսած, ու պարզ կերևա, որ ժանտախտը եղավ այն ժամանակ, երբ սկսվեց խրախճանքը:

Եթե մարդկանց մի խումբ, մի դաս, մի շերտ կամ պարզապես մի թայֆա չորոշեր իր կյանքը վերածել խրախճանքի, ժանտախտը հազիվ թե պատեր մեր պետական ու հասարակական կյանքին: Չէ՞ որ այդ կյանքի ակունքները բավական զուլալ էին, այնքան զուլալ, որ հատուկենտ կեղտերը երևում էին՝ չկարողանալով ձուլվել որևէ ֆոնի: Ու շատերին թվաց, թե այդ կեղտը միշտ այդպես քիչ էլ մնալու է, միշտ այդպես առանձնանալու է, միշտ այդպես լինելու է մեկուսի, խեղճացած, կռացած ման եկող, միշտ վախենալու է լույսից, ամաչելու է նայել մարդկանց աչքերին:

Բայց իրավիճակը շատ արագ փոխվեց. ավելի արագ, քան հանրության մեծամասնությունը կփորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ու մեկ էլ հանկարծ եկավ մի պահ, երբ այդ հատուկենտ, առանձնացող, վախեցող, միշտ խոնարհված ու կռացած, բարդույթավորված կեղտը, աղբը սկսեց արդեն քանակ կազմել, իսկ հետո նաև ազդել որակի վրա: Ու եղավ իրավիճակ, երբ այդ կեղտը արդեն չի վախենում նայել մարդկանց աչքերին, նույնիսկ պահանջում է, որ մարդիկ իրենց աչքերը խոնարհեն իրեն տեսնելիս: Այդ կեղտը արդեն լույսից չի վախենում, արդեն միայն գիշերները չէ, որ լցվում է փողոց: Նույնիսկ տներն է լցվում արդեն հեռուստատեսության միջոցով, հետապնդում է բոլորին ամեն քայլափոխի: Ու եթե անկախության գործընթացի ակունքներում այդ աղբն ու կեղտն էին տարբերվում, առանձնանում, ապա ներկայումս արդեն տարբերվում են ու առանձնանում առաքինությունը, պարկեշտությունը, ազնվությունն ու օրինապահությունը:

Հասարակությունը բաց թողեց խրախճանքի պահը` հասարակական-քաղաքական կյանք լցված աղբի խրախճանքի պահը, բաց թողեց նաև այն պահը, երբ տարբեր մարդիկ ու խմբեր հայտնվեցին ոչ այնտեղ, որտեղ պետք էր, ու այդ անհամատեղելիության հետևանքով վերածվեցին աղբի և համակարգային գարշահոտություն սկսեց տարածվել ամենուրեք, ուր խառնվել էին միջավայրերը և դրանցում գտնվող անհատներն ու խմբերը: Այդ ամենն առաջ բերեց ժանտախտ: Տարբեր խմբեր ու անհատներ հարստանում էին, խրախճանքի վերածում իրենց կյանքը հասարակության և պետության հաշվին, իսկ հանրությունը այդ ամենին նայում էր ներողամտորեն, պատերազմական և հետպատերազմական առասպելաբանության դիրքերից՝ չնկատելով, որ այդպես սկսվում է մի շատ ավելի լուրջ պատերազմ հենց հանրության և այդ շերտերի միջև: Ներկայումս մենք քաղում ենք այդ պատերազմի դառը պտուղները:

Խրախճանքի և ժանտախտի պատճառահետևանքային այդ կապը ներկայումս նաև բավական լուրջ հարց է դնում մեր հասարակության առաջ` հնարավո՞ր է արդյոք հաղթահարել ժանտախտը առանց խրախճանքը դադարեցնելու: Եթե այդ խրախճանքն էր Հայաստանում տարածված իրավիճակային ժանտախտի աղբյուրը, պատճառը, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել հետևանքը առանց պատճառը հաղթահարելու: Այդ հարցի պատասխանը բավական կարևոր է, եթե անգամ առերևույթ այն թվում է ոչ այդքան նշանակալից: Դա հիմնաքարային արժեքների առնչվող հարց է, որի պատասխանը պետք է ձևավորի հասարակական համապատասխան հոգեվիճակ և տրամադրություն. ինչպիսին է հանրության վերաբերմունքը խրախճանքի հանդեպ, որպես հասարակական-պետական կյանքի դեգրադացիոն երևույթ:

Իշխանությունը հանրության գործընկերը չէ, որովհետև եթե երկրում առկա ժանտախտը խրախճանքի հետևանք է, ապա երկրում առկա իշխանությունն էլ այդ խրախճանքի արդյունքն է տվյալ անհանտների և խմբերի համար: Եթե հասարակության համար ձևավորված չէ ժանտախտածին խրախճանքի հանդեպ հիմնարար մոտեցում, անկյունաքարային բանաձևված դիրքորոշում, ապա դա իր մեջ կարող է վտանգներ պարունակել անգամ իշխանափոխության դեպքում, քանի որ այդ ժամանակ ինքնաբերաբար, ուզենք դա, թե ոչ, առաջանալու է այդ խրախճանքին տնօրինելու հարցը: Իսկ դա կարող է բերել շրջանաձև դարձի, ինչից խուսափելու համար է անհրաժեշտ, որ եթե հասարակությունն իր վերաբերմունքը չհասցրեց ձևավորել այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, գոնե ներկայումս ձևավորի, երբ հնարավոր է շատ բաներ հնարավորություն կլինի սկսել նորից:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: