Latest 10 episodes

«Անելիք» բանկի իրավաբանի սպանության գործով ամբաստանյալը անհնարին է դարձրել իր փաստաբանի պաշտպանության իրականացումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նորից չսկսվեց Մկրտիչ Պողոսյանի գործով դատական քննությունը:

Նախորդ դատական նիստին Պողոսյանի պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպան Ս. Խչեյանը հայտարարել էր, որ ամբաստանյալն իրեն չի տրամադրել քրեական գործի նյութերը: Ամբաստանյալն էլ նշել էր, թե պաշտպանը նյութերի հետևից գնացել է դատական նիստից երկու օր առաջ, ինքը կասկածել է, որ պաշտպանը երկու օրում կկարողանա ծանոթանալ նյութերին և բարեխիղճ կերպով իրականացնել իր պաշտպանությունը:

Այս դատական նիստին դատարանը հրապարակեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մ.Առուստամյանի որոշումը, համաձայն որի՝ գրասենյակը Մ. Պողոսյանի գործով դադարեցնում է հանրային պաշտպան Ս. Խչեյանի լիազորությունները:

Գրասենյակի ղեկավարը որոշումը հիմնավորել էր «Փաստաբանության մասին» օրենքի համապատասխան հոդվածներով և «Փաստաբանների վարքագծի կանոնագրքի» համապատասխան դրույթներով:

Ըստ որոշման՝ տվյալ գործով անհնարին է դարձել տվյալ փաստաբանի կողմից իր պարտականությունների կատարումը, քանի որ ամբաստանյալը կատարել է կոնկրետ պաշտպանի մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը անվանարկող գործողություններ:

Ամբաստանյալը հայտարարեց. «Ես կոնկրետ անձի դեմ ոչինչ չունեմ, անցած նիստին էլ եմ ասել: Նյութերը չեմ տրամադրել, քանի որ մի օր էր մնացել դատական նիստին: Ես չեմ ցանկացել վիրավորել փաստաբանի անձը, ուղղակի ասել եմ՝ չես հասցնի ծանոթանալ նյութերին…»:

Ամբաստանյալը պնդեց, թե ինքը ցանկանում է,  որ իր պաշտպանությունն իրականացնի հանրային պաշտպան:

Գործով մեղադրող դատախազը նշեց, որ հարկավոր է ապահովել ամբաստանյալի՝ պաշտպան ունենալու իրավունքը:

Նախագահողը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, տեղեկացնել ամբաստանյալի դիրքորոշման մասին. «Թող գրասենյակը որոշի»:

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը:

Հիշեցնենք, որ 54-ամյա Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում:

Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր մեքենայի միջից հանել է որսորդական հրացանը ու, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, սպանելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել «Անելիք» բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին և տեղում սպանել է նրան:

Սպանվածը ծնունդով Շիրակի մարզից էր, նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին, երկու անչափահաս երեխաների հայր:

Ըստ գործի նյութերի՝ Մկրտիչ Պողոսյանը մի քանի տարի շարունակ գույքային վեճ է ունեցել «Անելիք» բանկի հետ: Նա մի քանի հանդիպում է ունեցել տուժող Հ. Աթանյանի հետ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց սպանության օրը: Հերթական մերժողական պատասխանը ստանալով բանկի իրավաբանական ու խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետից՝ Մկրտիչ Պողոսյանը վճռել է կյանքից զրկել նրան: Մի քանի ժամ անց նա որսորդական հրացանից կրակել ու սպանել է Հ. Աթանյանին:

Դեռ 2012 թվականին Մկրտիչ Պողոսյանը վաճառել է իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որը գտնվում է Փարաքարում:

Ռեստորանի ներսում եղած գույքը պայմանագրով անհատույց օգտագործման է հանձնվել ռեստորանի նոր սեփականատիրոջը: Վերջինս ռեստորանը գրավադրել է «Անելիք» բանկում ու դրա դիմաց ստացել է 1 միլիոն 300 հազար դոլար վարկ: Հետագայում նա վարկային պարտավորությունները չի կատարել, գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկին՝ ռեստորանում մնացած շարժական գույքի դիմաց բանկից պահանջելով 300 հազար դոլար: Բանկը մերժել է Մկրտիչ Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ անշարժ գույքի հետ միասին գրավադրված է եղել նաև ռեստորանում առկա շարժական գույքը, որի վրա նույնպես բռնագանձում է տարածվել, այն նույնպես դարձել է բանկի սեփականությունը և չի կարող վերադարձվել:

Մկրտիչ Պողոսյանը այդ հարցով դիմել է բանկի իրավաբան, ապա և վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց միշտ մերժում է ստացել: Նա դիմել է նաև դատարան, բայց քաղաքացիական գործի քննությունը դեռ չավարտված՝ իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը ներսում առկա գույքով հանդերձ շահագործվում է: Այդ հանգամանքը Պողոսյանին հանել է հունից…

Նախաքննության սկզբում Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն երբ քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը կապված է տուժողի ծառայողական գործունեության կատարման հետ, Մկրտիչ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել հոդվածի ավելի ծանր մասով, որով նաև ցմահ ազատազրկում է նախատեսվում՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Today's most read news !
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
  • Գյումրիում հորաքրոջ տնից 6 միլիոն դրամի զարդեր գողացած 45-ամյա տղամարդը ինսուլտից մահացել է
Comments

Name: