Հայաստանին կփրկի դիկտատուրան

Այն, որ տնային-քաղաքական բանավեճերի ընթացքում ՀՀ միջին քաղաքացին հաճախ է ի վերջո խոսում, ասենք, Ստալինի կամ դիկտատուրայի անհրաժեշտության մասին, ոմանց թույլ է տալիս հայտարարել, թե հայկական մենթալիտետը հեռու է ժողովրդավարությունից, և հայ ժողովուրդը պատրաստ չէ ժողովրդավարության:

Հենց այստեղից էլ բխում են «հզոր ղեկավարի» և պետության ուժային կառավարման մասին տեսությունները, որոնք ներկայացվում են իբր մեր ժողովրդի մենթալիտետից բխող, և որպես եզրակացություն, ասվում է, որ մեր ժողովուրդը չի հավատում ժողովրդավարությանը: Սակայն, ինչպես ասում է հայտնի հերոսը, երբեմն հավատալ նշանակում է տեսնել, որ հատկապես ժողովրդավարության դեպքում հենց այդպես է: Ու եթե մի պահ փորձենք ժողովրդավարության մասին պատկերացում կազմել միայն ՀՀ միջին քաղաքացուն հասու տեղեկատվության համադրությամբ, կհասկանանք, որ այդ շարքային մարդուն մատուցվող ժողովրդավարությունը իսկապես եղկելի մի երևույթ է:

ՀՀ միջին քաղաքացուն պաշտոնական քարոզչությունը համոզում է, որ Հայաստանը ժողովրդավարության հարցում լուրջ առաջընթաց արձանագրող երկիր է: Հեռուստացույցից անդին նույն այդ քաղաքացին ժողովրդավարական այս երկրում տեսնում է անթաքույց թալան, ապօրինություններ, կեղծիք, բեսպրեդել: Երեկոյան պաշտոնական քարոզչությունը այդ օրը փողոցում, աշխատավայրում բազմաթիվ աղաղակող անարդարություններ տեսած ու դրանց մասին լսած քաղաքացուն նորից մատուցում է Հայաստանի և նրա իշխանությունների ժողովրդավարական լինելու մասին հեքիաթը: Եվ ժողովրդավարությունը ՀՀ շարքային մարդու գիտակցության մեջ ասոցացվում է այն ամենի հետ, ինչ ինքը տեսնում է իրական կյանքում և հասկանում է, որ երկրի փրկությունը Ստալինի ու դիկտատուրայի մեջ է:

Իրականում, սակայն, մարդը, Ստալին ասելով, նկատի ունի ոչ այնքան անձ կամ հասարակարգ, որքան մի իրավիճակ, ուր յուրաքանչյուրը պատասխանատու է օրենքի առաջ, դիկտատուրա ասելով` նկատի ունի սովորական կարգուկանոն, որովհետև նրա քաղաքական հիշողությունը կարգուկանոնի այլ տեսակ չի ճանաչում, չի տեսել: Ու եթե այս տեսակետից մոտենանք խնդրին, հասկանալի կլինի, որ ժողովրդավարական բանահյուսության մեջ ապրող Ստալինը ոչ միայն չի հակասում ժողովրդավարության պահանջարկին, այլև դրա ամենափայլուն ապացույցն է: Որովհետև ժողովրդավարության առանցքային սկզբունքը ոչ թե ալան-թալանն է, այլ օրենքի գերակայությունը, օրենքի դիկտատուրան, երբ բոլորը հավասար են դրա առաջ` անկախ իրենց սոցիալական և քաղաքական դիրքից:

Եվ իսկապես, Հայաստանին դիկտատուրա է պետք, բայց ոչ թե անձերի, այլ օրենքի դիկտատուրա, որը կարողանա մարդասպանին, գողին, ընտրակեղծարարին բանտ ուղարկել, պաշտպանել երկրի ղեկավարություն ընտրելու քաղաքացու իրավունքը, նրա ազատությունն ու արժանապատվությունն ընդհանրապես: Իսկ հայլուրաքոչարյանասերժական «ժողովրդավարությունից», իսկապես, հարկավոր է ժամ առաջ ազատվել և երկրում ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ մարդկանց գիտակցությունից կհանի առերևույթ` Ստալինի և դիկտատուրայի նկատմամբ, իրականում օրենքի ուժի և նրա գերակայության նկատմամբ ունեցած նոստալգիան:

Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: