Նոր դաշինք, նոր հարցեր, նոր ինտրիգ

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները քիչ առաջ հայտարարեցին նախընտրական դաշինքի շուրջ համաձայնության մասին, որով նրանք մասնակցելու են խորհրդարանի ընտրությանը: Արդյունավետ գործակցության դեպքում կուսակցությունները հնարավոր են համարում հետագայում մեկ կուսակցության վերաճելը:

Այսպիսով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությանն ընդառաջ առաջին ընդդիմադիր միավորումը կամ դաշինքը փաստորեն իրականություն է, իսկ թե ինչպիսի իրականություն է՝ կերևա առաջիկա ամիսների ընթացքում: Մի բան ակնհայտ է հենց սկզբից՝ խորհրդարանի 2017-ի ընտրությունը թերևս առանձնանալու է հենց այդպիսի բլոկային մասնակցությամբ, քանի որ այլ պարագայում պայքարել իշխանության վարչական ռեսուրսի դեմ ու դնել քաղաքական նպատակներ ընդդիմադիր դաշտի կուսակցությունների համար լինելու է գերդժվար կամ գրեթե անհնար:

Այս տեսանկյունից արձանագրված քայլն ինքնին արդեն իսկ համարժեք է նոր քաղաքական իրողությունների և մարտահրավերների տրամաբանությանն ու պահանջներին: Միևնույն ժամանակ, լինելով համարժեք, անկասկած անբավարար է հանրային-պետական խնդիրները սպասարկելու տեսանկյունից, անգամ հռչակված ընդհանուր սկզբունքների և արժեքների պարագայում՝ քաղաքացիականություն, ժողովրդավարություն, իրավունք և ազատություններ:

Բանն այն է, որ ընդհանուր սկզբունքներից բացի՝ կարևոր են արդեն շատ կոնկրետ խնդիրները, նախաձեռնությունները, հանրությանն արվող շատ կոնկրետ առաջարկները, որոնցով հանդես պետք է գա նոր դաշինքը: Այստեղ, իհարկե, իրականությունը բաժանվում է երկու մասի՝ նախընտրական և հետընտրական: Քանի որ երկրորդ մասը երեք ուժերը պայմանավորում են առաջինում գործակցության արդյունքով, էական է դառնում արդյունքի հարցը: Ո՞ր արդյունքն է համարվելու լավ, գոհացուցիչ:

Եթե դա խորհրդարանի ընտրությանը հաղթանակն է, ապա այստեղ երևի թե առաջանում է իրատեսականության, պրագմատիզմի հետ կապված լուրջ խնդիր, ինչը կսպառնա դաշինքին արժանացնել համանման այլ դաշինքների ճակատագրին, որն ամենևին արդյունավետ չի եղել թե՛ տվյալ ուժերի քաղաքական հեռանկարի, թե՛, առավել ևս, հասարակական-պետական խնդիրների տեսանկյունից: Հետևաբար շատ կարևոր է, թե միավորված երեք ուժերը իրենց նախընտրական գործունեության սպասվող արդյունքի տեսանկյունից ինչքանով են իրատես, պրագմատիկ և անկեղծ թե՛ միմյանց, թե՛ ընտրողների հետ:

Անկասկած է, որ երեք ուժերն ունեն մեկնարկային բավականին բարենպաստ հենք՝ չնայած անգամ տարբեր իրավիճակներում նույնիսկ միմյանց միջև արձանագրված բավականին թեժ հարաբերություններին, որոնք, իհարկե, առաջացնելու են հարցեր թե հանրության, թե լրատվամիջոցների շրջանում: Նաև կասկած չկա, որ այդ հանգամանքը փորձելու են դաշինքի դեմ օգտագործել թե՛ իշխանությունը, թե՛ հնարավոր մրցակից մերձիշխանական կամ ոչ իշխանական ուժերը: Եվ այստեղ նույնպես մարտահրավերը հաղթահարելու նվազագույն անհրաժեշտ միջոցը լինելու է բաց և անկեղծ վարքագիծը:

Միով բանիվ՝ Հայաստանի ներքաղաքական նախընտրական դաշտում ներկայացված է համատեղ պայքարի հերթական հայտը՝ հերթականը Հայաստանի անկախության պատմության 25 տարիների շղթայում: Ինչով, ինչպես է տարբերվելու նոր հայտը իր բովանդակությամբ, որակներով: Սրանք ընթացիկ հարցերն են, որոնց շուրջ կարող են լինել միայն համոզիչ գործ ենթադրող պատասխաններ:

Ինքնին խիստ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտից նախընտրական գործընթացը հագենում է նոր ինտրիգով: Միևնույն ժամանակ առանցքային հարցն այն է, թե ինչքանով է տվյալ դաշինքը՝ իր նախընտրականությամբ հանդերձ, ամուր ռազմավարական պատկերացումների առարկայականության տեսանկյունից: Ինչ խոսք, այդ իմաստով գործ ունենք հավի և ձվի տեսությանը՝ իրատեսական է մարտավարական ընդհանրացումներով հասնել ռազմավարական ընդհանուր հայտարարի՞, թե՞ հակառակը՝ ռազմավարական ընդհանուր տեսլականի առարկայության պարագայում է հնարավոր հասնել արդյունավետ մարտավարական գործակցության:

Այստեղ շատ կարևոր է և այն, թե ինչպիսի մրցակիցների հետ է գործ ունենալու նորաստեղծ դաշինքը, և ինչպիսի պլանավորմամբ են խաղի մեջ լինելու մրցակիցները: Իսկ այստեղ մրցակցային դաշտը բազմազան է, այդ թվում՝ հենց ընդդիմադիր տիրույթում: Ու հենց այդ հանգամանքը թերևս խոսում է հօգուտ ռազմավարական ընդհանրության անհրաժեշտության մասին, որովհետև նախընտրական միջավայրը իշխանությունն ինքն առաջին հերթին փորձելու է լցնել ժամանակավոր նախագծերով, և դրանց աղմուկի ծուղակում հայտնվելու գործում լավագույն պաշտպանությունը կարող է լինել ռազմավարական կայուն ընդհանրությունը:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: