Latest 10 episodes

«Հայկազն ինքնասպան ա էղել, հետո հետ ա էկել ու իրա արունը մաքրե՞լ». Կուրսանտի սպանության գործով դատական նիստերը թեժանում են

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալ էլ կա՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ միջադեպը տեղի է ունեցել Հայկազի սպանությունից երեք օր առաջ՝ 2015 թվականի հունվարի 25-ին:

Այս նիստի սկզբում նախագահող դատավորը տեղեկացրեց, որ վկա կուրսանտները դատարան են ներկայացվել դատարանի աշխատակազմի միջոցներով: Դատարանը գրություն է ուղարկելու  ռազմական ոստիկանություն, որ այսուհետ իրենց պարտականությունները կատարեն պատշաճ կերպով:

Դատարանը դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ՝ այնտեղ գտնվող ամբաստանյալների առողջական վիճակի հետազոտություն անցկացնելու և արդյունքների մասին դատարանին տեղյակ պահելու  հարցով, քանի որ դատական նիստերը հաճախ ձգձգվում և հետաձգվում են ամբաստանյալների առողջական վիճակի վատթարացման, շտապօգնություն հրավիրելու պատճառով:

Դեկտեմբերի 7-ին դատարանը ՔԿՀ-ից ստացել է տեղեկանք, համաձայն որի՝ ամբաստանյալների առողջական վիճակը հետազոտվել ու գնահատվում է բավարար: Տեղեկանքին կից դատարան են ուղարկվել ամբաստանյալների բժշկական քարտերի լուսապատճենները:

Դատական այս նիստն անցկացվեց տուժողների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանի բացակայությամբ: Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը, չառարկեց, որ նիստն անցկացվի իր ներկայացուցիչ փաստաբանի բացակայությամբ:

Դատարանը շարունակեց վկա Ավետիս Նահապետյանի՝ նախորդ դատական նիստի ընթացքում չավարտված հարցաքննությունը:

Վկա Նահապետյանը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գիշերը օրապահ է եղել, նա օրապահություն է արել գումարտակի շենքի երկրորդ հարկում:

Ի սկզբանե վկան ասել էր, թե սպանության գիշերը ինքը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ, հիմնականում ոչ թե կանգնած է եղել օրապահի տեղում՝ միջանցքի կողապահարանի մոտ, այլ քնած է եղել: Բացի դրանից, Ավետիս Նահապետյանը իր օրապահության ընթացքում հասցրել է դուրս գալ շենքից, գնալ հսկիչ-անցագրային կետ, այնտեղ սուրճ խմել ու զրուցել՝ մոտ հիսուն րոպե անց նոր վերադառնալ գումարտակի շենք, որպեսզի դարձյալ «հիմնականում քուն մտնի»:

Կողմերը հարցեր տվեցին վկային, երբ ավարտվեց նրա նախաքննական ցուցմունքների հրապարակումը:

Վկան նախ ասաց, որ նախաքննական բոլոր ցուցմունքները ճիշտ են, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել, իրեն չեն ուղղորդել:

Նաև վկան ասաց, որ չի ցանկանում հիշել դեպքի օրվա իրադարձությունները, դրանք իրեն «այնքան էլ չեն հետաքրքրում»:

Վկան հաստատեց նախաքննական ցուցմունքի այն մասը, որ դեպքի օրվա վաղ առավոտյան՝ մինչև վերկացը, աստիճանների վրա տեսել է Վաչե Սահակյանին, նրա վախեցած հայացքը տպավորվել է իր մեջ:

Առավոտյան, երբ հայտնաբերվել է Հայկազ Բարսեղյանի անշունչ մարմինը՝ պտտաձողից կախված, ըստ վկայի՝ կուրսանտերից ոմանք մոտեցել են նրան ու, որպես օրապահի, հարցրել են՝ գիշերը նա ինչ-որ տեղաշարժ չի՞ նկատել: Ինքը պատասխանել է, որ գիշերը տեսել է երրորդ հարկից երկրորդ հարկ իջնող աստիճանները մաքրող կուրսանտի, ով բուշլատի օձիքը բարձրացրել, դեմքը թաքցրել էր, ինքը չի հասցրել նկատել, թե ով էր:

Առաջին հարցաքննության ժամանակ վկան սկզբում ասել է, թե չի նկատել՝ ով էր աստիճանները մաքրող կուրսանտը, բայց նույն հարցաքննության մեջ, մի քանի տող ներքև հայտնել է, որ այդ կուրսանտի մարմնակազմությունից, քաշից, նայվածքից, բերանի՝ բաց հատվածից ու մանավանդ բերանի շարժումներից դատելով՝ իր պատկերացմամբ՝ այդ կուրսանտը եղել է ամբաստանյալի աթոռին նստած Մովսես Ազարյանը:

Մովսես Ազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Անահիտ Հովհաննիսյանը կոչ արեց վկային. «Ձեր խղճի հետ արդար եղեք: Դուք գրագետ ցուցմունքներ եք տվել, կազմակերպված անձնավորություն եք…»:

Վկան հանդուգն պատասխանեց. «Ինչ եք մտածում իմ մասին, դա ձեր խնդիրն է»:

Նախագահող դատավորը դիտողություն արեց վկային. «Ձեզ համեստ պահեք»:

Հարցաքննության ընթացքում վկան մի քանի անգամ ևս իրեն «անհամեստ» պահեց՝ զգացմունքային պատասխաններ տալով փաստաբաններին, ինչի պատճառով մի քանի անգամ ևս արժանացավ նախագահողի դիտողություններին. «Համեստ պատասխանեք, առանց հեգնանքների և արհամարհանքների»:

Մովսես Ազարյանի շահերի պաշտպան Ա. Հովհաննիսյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ, այո, Մովսեսին ճանաչել է նրա բերանի շարժումներից: Մովսեսը չի խոսել, ուղղակի շարժել է բերանը, միգուցե՝ ծամոն է ծամել, նա կատարել է բերանի ճանաչելի շարժումներ:

Վկան նախաքննական ցուցմունքում նկարագրել է, որ սպանության վաղ առավոտյան, երբ իրեն մոտեցել են յոթ-ութ կուրսանտներ ու հարցրել են՝ ինքը՝ օրապահը, տեղաշարժ չի՞ նկատել, ու ինքն ասել է, թե նկատել է, բայց չի կարողացել տեսնել, թե ով էր աստիճանները մաքրողը, իրեն ասել են. «Գնայիր հետևից ու տեսնեիր»: Ինքն էլ պատասխանել է. «Մինչև հիմա որի՞ հետևից ենք գնացել»:

Այդ խոսակցությանը ներկա Վաչե Սահակյանը, ըստ վկայի, հոգոց է քաշել, նա եղել է այլայլված: Հետո Վաչեն ձայն է տվել՝ ո՞վ է գիշերը տեղաշարժ տեսել, թող մոտենա: Ինքը մոտեցել է նրան…

Վաչե Սահակյանի շահերի պաշտպան, փաստաբան Նադիրյանի հարցին պատասխանելով՝ վկան հաստատեց, որ սպանության վաղ առավոտյան աստիճանների վրա հենց Վաչեին է տեսել. «Մեր հարկից դեպի ներքև էր իջնում»: Վկան նկարագրեց, որ Վաչեն «սպարծիվկայով էր»՝ սև գույնի, սպիտակ «պալոսկեքով», գլխին՝ սպորտային գլխարկ: Նրա գոտկատեղից վերևի հատվածն է տեսել վկան, այն էլ՝ մի քանի ակնթարթ, քանի որ գլուխը սեղանին դրած՝ քնած էր, մի քանի ակնթարթով արթնացել, քնաթաթախ նայել, տեսել է Վաչեին ու նորից քնել է: «Համոզված եմ, որ Վաչեն էր»,- պնդեց վկան: Նախաքննական ցուցմունքում նա ասել էր, որ եթե քնաթաթախ չլիներ, ավելի լավ կտեսներ, բայց իր պատկերացմամբ՝ աստիճաններով իջնողը հենց Վաչեն էր:

Գնել Թևոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը հարցրեց. «Ի՞նչ էին անում ռազմական ոստիկանությունում, որ ձեր հիշողությունը թարմանում էր»:

Վկան պատասխանեց. «Ոչ մի բան էլ չէին անում»:

Փաստաբանը շեշտեց, որ վկայի աթոռին նստածը «գրեթե ամենագրագետ կուրսանտներից է», ինչպե՞ս կարող է իրեն տրվող հարցերի իմաստը չհասկանալ: Վկան պատասխանեց. «Ոնց հասկացել եմ, պատասխանել եմ»:

Նա իր նախաքննական ցուցմունքներում առկա հակասությունները բացատրեց հետևյալ կերպ. «Սկզբում մտածում էինք՝ վատ ծառայություն կատարելու մասին չասենք, որ պատասխան չտանք: Բայց հետո, երբ հասկացանք դրա կարևորությունը, ասել ենք ճիշտը՝ որ ներքին վերակարգում խախտումներ ենք արել, քնել ենք…»:

Վկան ասաց, որ աստիճանները գիշերով մաքրողին նմանեցրել է հենց Մովսես Ազարյանին, այլ ոչ թե նրա մարմնակազմությունն ունեցող մեկ ուրիշ կուրսանտի, միգուցե նաև այն պատճառով, որ Մովսեսը գումարտակում «անընդհատ շարժի մեջ էր…»:

Արա Զաքարյանը հարցրեց՝ միգուցե աստիճանները մաքրողը Հայկազ Բարսեղյա՞նն էր, վկան կարո՞ղ է հաստատապես ասել:

Այս հարցն առաջացրեց տուժողի իրավահաջորդի վրդովմունքը: Նա նիստի ընթացքում ձայն չհանեց, բայց հենց որ նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց, միջանցքում իր վրդովմունքն արտահայտեց՝ վիճաբանության մեջ մտնելով փաստաբանի հետ, նրա հարցը համարելով անտակտ, հիշեցնելով, որ նույն փաստաբանը նախորդ նիստերում հիշատակել է նաև Հայկազ Բարսեղյանի՝ ինքնասպան լինելու վարկածը: Սպանված կուրսանտի հայրն ասաց. «Հա, Հայկազն ինքնասպան ա էղել, հետո հետ ա էկել ու իրա արունը մաքրել ա աստիճանների վրայից»:

Դատարանը հարցաքննեց վկա Հարություն Մեսրոպյանին, ով դեպքի գիշերն ընդգրկված է եղել ներքին վերակարգում, նա օրապահ է եղել երրորդ հարկում, որտեղ գտնվել է նաև Հայկազ Բարսեղյանի ննջարանը:

Այս վկան շատ անորոշ ցուցմունք տվեց, հիմնականում ասաց, թե ոչինչ չի հիշում:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները:

Վկան հայտնել էր, որ դեպքի օրվա՝ 2015 թվականի հունվարի 28-ի ցերեկը ճաշարանում վեճ է եղել Հայկազ Բարսեղյանի ու Կարեն Բաղրամյանի միջև՝ վերջինիս կողմից ուտելիքը ճպճպացնելով ուտելու պատճառով: Վաշտի ավագ Վաչե Սահակյանը մոտեցել է վիճողներին: Նա և Մովսես Ազարյանը միջամտել են՝ որպես Կարենի ընկերներ:

Երեկոյան ժամը 19-ին վկա Մեսրոպյանն  ընդունել է վերակարգը: Նա օրապահի կողապահարանի մոտ է եղել ժամը 22.30-ից մինչև 1-ը, հետո գնացել է երկժամյա հանգստի, ապա նորից օրապահի տեղն է զբաղեցրել ժամը 3-ից մինչև 5-ը, հետո գնացել ու քնել է մինչև ժամը 6-ն անց 30: Երբ արթնացել է, արդեն աղմուկ էր բարձրացել, արդեն Հայկազ Բարսեղյանի անկողինը գտել էին դատարկ ու արյան մեջ կորած:

Գիշերը, ըստ օրապահի, Հայկազը երեք անգամ դուրս է եկել ննջարանից: Մի անգամ գնացել է ծխելու, մի անգամ ջուր խմելու ու շշով ջուր վերցնելու, մի անգամ էլ գնացել է լվացարան:

Այդ գիշեր պահեստասենյակում Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը ու էլի մի քանի տղաներ «կերուխում» են արել: Մովսեսը նախապես «սետկաներով» ուտելիք է տարել այնտեղ: Օրապահին ասել են, որ զանգի ու կանչի նաև երկրորդ հարկից Վարազդատ Սաֆարյանին: Օրապահը զանգել ու կանչել է:

Պահեստասենյակում աղմկել ու հայհոյախոսել են:

Երբ Հայկազ Բարսեղյանը դուրս է եկել, որ գնա լվացարան, նա կանգ է առել պահեստասենյակի դռան մոտ…

Վկան մի քանի ձևով է նախաքննության ընթացքում ներկայացրել այս դրվագը: Մի դեպքում ասել է, թե Հայկազին ներս են կանչել, նա մտել է պահեստասենյակ, նրա հետ վիճել են, ապա Հայկազը դուրս է եկել ու օրապահի մոտով անցնելիս հայհոյել է պահեստասենյակում գտնվողների հասցեին: Մեկ այլ ցուցմունքում վկան ասել է, թե Հայկազին ներս չեն կանչել, նա կանգնել է դռան մոտ, ականջ է դրել, հայհոյախոսություն լսելով ու հայհոյախոսողների հասցեին անհասցե արտահայտություն  անելով՝ մտել է ննջարան: Ըստ վկայի՝ Հայկազը վախկոտ տղա չէր, եթե նա ի՛ր հասցեին հայհոյանք լսեր, պատասխան կտար, ուրեմն՝ պահեստասենյակում գտնվողները նրա հասցեին չեն հայհոյել, պարզապես հայհոյանքով խոսել են…

Վկա Մեսրոպյանը նշել է նաև, թե գիշերով միջանցքում  դաս են սովորել երեք կուրսանտներ, այդ թվում՝ Նորիկ Սահակյանը: Դաս սովորելուց և սուրճ եփելուց հետո նա, հավանաբար, գնացել է ննջարան, վկան չի նկատել, թե որ սենյակն է մտել, բայց կարող է ենթադրել, որ իր ննջարան է մտել:

Վկան նաև հայտնել է, որ երբ դաս սովորողները գնացել են, ինքը կողապահարանի մոտից նկատել է, որ աստիճաններով իջնում են հինգ հոգի: Երեք ստվերներ է տեսել՝ շատ «քիփ կպած» իջնելիս, նույնիսկ աստիճաններին զարնվող ոտնաձայներ է լսել՝ «թըփ-թըփ-թըփ»: Հետո իջել են ևս երկու հոգի, որոնցից մեկին վկան նմանեցրել է Վաչե Սահակյանին: Դատարանում վկան, պատասխանելով փաստաբանների հարցերին, ասաց, թե միայն նմանեցրել է Վաչեին, բայց համոզված չէ, որ իջնողը հենց Վաչեն էր:

Այս անհասկանալի ստվերների իջնելուց որոշ ժամանակ անց վկա Մեսրոպյանը նույնպես տեսել է, որ ինչ-որ կուրսանտ մաքրում է աստիճանները: Նա այդ կուրսանտին ասել է, թե աստիճանները մաքրել են արդեն, մաքրելու կարիք չկա: Բայց «մաքրասեր» կուրսանտը, ում վկան միայն հետևից է տեսել, դեմքը չի «ֆիքսել» ու չի ճանաչել, «շրջանցել է» օրապահի ասածը, շարունակել է իր գործն ու մաքրելով իջել է ցած:

Այս վկան հայտնել է, որ հինգ հոգու իջնելուց հետո ինքը նրանց բարձրանալիս չի տեսել: Բայց դրա փոխարեն, հինգ հոգու իջնելուց հետո զորամասի հերթապահ սպա Չոբանյանն է եկել ու կատարել է ստուգում: Ընդ որում՝ նա սկզբում մտել է հենց Հայկազի ննջարան: Հետո էլի մեկ-երկու ննջարան: Ոչ մի արտառոց բան… չի նկատել՝ ոչ մի բացակա կուրսանտ, ոչ մի արյունոտ անկողին: Խաղաղ, հանգիստ գիշեր է եղել, կարծես թե: Հերթապահ սպան կանգնել է օրապահի մոտ, նրան հարցեր է տվել՝ պարտականությունների կատարման վերաբերյալ՝ կարծես ինքն իր պարտականությունները կատարել էր գերազանց, կարծես այդ գիշեր հենց այն ննջարանում, որը ստուգել էր առաջին հերթին, ամեն բան եղել է կարգին…

Վկան կուրսանտների փոխհարաբերությունների վերաբերյալ հայտնել է, որ Տիգրան Մանասերյանի ու Գնել Թևոսյանի հարաբերությունները եղել են լարված: Տիգրանը «կամակոր էր», չէր ենթարկվում Գնելի ասածներին, իսկ Գնելը չէր սիրում, երբ իր ասածները չէին անում…

Երբ կուրսանտները պահեստասենյակում կերուխում էին անում գիշերով, օրապահի հարցին պատասխանել են, թե հերթապահ սպա Ավետիսյանը տեղյակ է… Այդ սպան գիշերը մի քանի անգամ շրջել է միջանցքներով ու դարձյալ ոչ մի կասկածելի բան չի նկատել…

Եթե հերթապահ սպաները ոչինչ չեն նկատել, ի՞նչ պիտի «նկատեին» շարքային կուրսանտները…

Պատասխանելով փաստաբանների հարցերին՝ վկա Մեսրոպյանն ավելի մշուշոտ դարձրեց իր նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալ Նորայր Սահակյանի հարցին՝ գիշերով միջանցքում լույս չլինելու պատճառով հնարավոր չէ՞ր, որ տեղաշարժ լիներ, օրինակ, երկրորդ հարկում, ու երրորդ հարկում այդ տեղաշարժվողների ստվերները տեսած լինի վկան, վերջինս պատասխանեց, որ դա էլ է հնարավոր…

Ի վերջո, պատասխանելով նախագահողի հարցերին, վկան ասաց. «Ես պատասխանը չգիտեմ՝ ինչ է եղել Հայկազ Բարսեղյանի հետ… Լսել եմ, որ նրան ծեծել են ննջարանում, հետո կախել են…»:

Վկան պնդեց, թե կուրսանտներից ոչ մեկի, անգամ՝ դեպքի գիշերվա մյուս օրապահի ու հերթապահի հետ մինչև օրս չի խոսել Հայկազ Բարսեղյանի հետ կատարվածի մասին…

Այս վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկա կուրսանտների հարցաքննությունը:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
Comments

Name: