Ծառուկյանի վերադարձի սանիտարական էֆեկտը

Կասկածից վեր է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով ձևավորվելու է Հայաստանի նախընտրական գործընթացների ծանրության կենտրոնը: Այլ հարց է այդ կենտրոնի որակական հատկանիշները, քաղաքական համարժեքությունը, կազմը, բովանդակությունը, ուղենիշները և այլն: Բայց, որ այն դառնալու է նախընտրական գործընթացների ծանրության կենտրոնը, երևի թե անխուսափելի է: Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե ինչ է լինելու այդ կենտրոնի հետ արդեն հետընտրական շրջանում: Այսինքն՝ վերադարձը կարճաժամկետ նախընտրական քաղաքական ծրագիր է, թե այնուհանդերձ դրանում ներառվում են ինչ որ հեռանկարային նպատակներ: Կրկին, հարկ է շեշտել, որ մի կողմ ենք թողնում որակական խնդիրները, քաղաքական բովանդակության հետ կապված հարցերը: Հետընտրական համատեքստը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ծառուկյանը կարծեք թե նախընտրական շրջանում հանդես է գալու այսպես ասած՝ լայն կոնսոլիդացիայի կամ միասնականության դրոշի ներքո, իր շուրջ կամ իր տակ համախմբելով բազմաթիվ քաղաքական գործիչների և ուժերի: Նրանց հետ Ծառուկյանն իհարկե կանցնի խորհրդարան, իսկ ինչ է լինելու այդ ուժի ճակատագիրը հետագայում: Այսինքն՝ Ծառուկյանը հավաքելու է, անցկացնելու է խորհրդարան, իսկ հետո թողնելու է ամեն մեկին «իր բախտի՞ն», թե՞ այդ համախմբումը ձևավորելու է նոր կուսակցություն՝ լինի այդ բոլորին ԲՀԿ-ի մեջ միավորելու, թե բոլորով միասին մի նոր ուժ ստեղծելու տարբերակով: Այն, որ կուսակցությունների խոշորացման ծրագիրը իշխանական մտադրությունների շարքում ունի առաջնային դիտարկում՝ հաստատվեց Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարի ելույթից: Այն, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական կարգավիճակի վերականգնումը տեղի է ունենում իշխանական թրենդի շրջանակում, նույնպես կասկածից վեր է, և դրա մասին վկայում են Գագիկ Ծառուկյանի նախորդող հայտարարությունները: Թեև նրա կուսակիցները ասում են, որ նա վերադառնում է որպես ընդդիմություն, այնուհանդերձ նրա հայտարարությունները ներկայումս լիովին լոյալ են իշխանությանը:

Ինչ վերաբերում է փոփոխությունների մասին հայտարարություններին, ապա այդ փոփոխությունների անհրաժեշտությունից այսօր իշխանությունն է անգամ խոսում, և դա ներկայումս ամենևին չի կարող լինել ընդդիմություն հանդիսանալու ցուցիչ: Ավելին՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նույն համագումարում հայտարարեց, որ պետք է առաջիկա ընտրությունները հստակ սահմանազատեն ընդդիմությունն ու իշխանությունը: Այդ հայտարարությունը նշանակում է, որ խոշորացման մտադրությունը ներառում է նա, և այդ հստակեցման բաղադրիչը, և իշխանություն, փաստորեն, այդպիսով հանձնառություն է ստանձնում ոչ միայն իր ձևավորման, այլ նաև ընդդիմություն կազմավորելու համար: Այդ տեսանկյունից, ընդդիմություն բառը կամ հասկացությունն այլևս ինքնաբերաբար չի հանդիսանում իշխանությանը հակադրության սահմանում, քանի որ իշխանությունը գրեթե բաց տեքստով ազդարարել է, որ այդ խնդիրն էլ այլևս իր ուշադրության և օրակարգի ներքո է: Սա նաև տրամաբանական է, քանի որ ռազմավարական հեռանկարի իմաստով իշխանությունը անխուսափելիորեն պետք է կանգներ այդ հրամայականի առաջ: Վերարտադրության ավելի ու ավելի բարդացող խնդիրը, որ պայմանավորված է և՛ ներքին, և՛ արտաքին տնտեսական, քաղաքական և տեղեկատվա-տեխնոլոգիական մի շարք բաղադիչների ազդեցությամբ, իշխանությունից պահանջում է առավել երկարաժամկետ և հուսալի երաշխիքներ: Իսկ դրանց շարքում առանցքայինը կարող է լինել այսպես ասած՝ վստահելի, կանխատեսելի ընդդիմությունը, որի հետ միշտ հնարավոր է պայմանավորվել, և որին հնարավոր է վերահսկել, վստահ լինելով անկանխատեսելի քայլերի բացակայության հարցում: Ահա այդ համատեքստում հարց է առաջ գալիս, թե ռազմավարական հեռանկարի առումով իշխանությունն արդյո՞ք դիտարկում է Գագիկ Ծառուկյանին այդ դերում, կամ առնվազն այդ գործընթացը տանող լոկոմոտիվի դերում:

Այստեղ առկա է իհարկե երկակի խնդիր: Այդ պարագայում մի կողմից՝ առաջանում է արդեն ընդդիմադիր դաշտում երկարաժամկետ արգելափակման ռիսկ, մյուս կողմից՝ իրավիճակը ինչ որ իմաստով ստանում է սանիտարական բնույթ: Բանն այն է, որ նախ Ծառուկյանը կհավաքի տարատեսակ քաղաքական սուբյեկտներին և կզտի դրանց, այսպես ասած՝ առնվազն օպտիմալացնելով` ի վերջո նա գործարար է և հազիվ թե ավելորդ փողեր ծախսի «ուռճացված» կոնսոլիդացիայի վրա, հատկապես ընտրություններից հետո: Մյուս կողմից՝ այդ սուբյեկտի առաջացումով ընդդիմադիր դաշտի հնարավոր արգելափակման ռիսկը որոշակի նոր խթան կհանդիսանա ընդդիմության դաշտում քաղաքական որակներով արդեն այլ մակարդակում աչքի ընկնող կամ պոտենցիալ կրող ուժերի համախմբման համար, որտեղ նրանք ստիպված կլինեն փնտրել արդեն նոր ելքեր՝ հանգելով դրա համար ռեսուրսների մոբիլիզացիայի անխուսափելիությանը: Այդ տեսանկյունից, թեև 2017-ի վերարտադրությունն իշխանության համար գրեթե երաշխավորվում է, այս կամ այն ձևով կամ դեմքով, այնուհանդերձ, նաև բավական մեծ է թվում նոր իրավիճակի, մեկնարկային նոր ելակետերի ձևավորումը քաղաքական հետագա զարգացումների համար: Դրանք իհարկե բացարձակապես չեն երաշխավորում հայաստանյան քաղաքականության որակական աճ, բայց կարծես թե անխուսափելի են դարձնում իշխանության գծած սցենարներից դուրս գտնվող սուբյեկտներին, այդ քաղաքականության միտումներին և հեռանկարներին որոշակիորեն նոր հայացքով նայելու անհրաժեշտությունը:

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: