Latest 10 episodes

Իշխանության վախի հիմքը

Դատելով ներքաղաքական դաշտում ծավալվող նախընտրական վերակազմավորումներից, 2017 թվականի ընտրական շրջանն աչքի է ընկնելու նախընտրական շրջանում սահմանների «չեղարկումով»: Համենայն դեպս ուրվագծվում են այնպիսի միավորումներ, տեղի են ունենում այնպիսի քննարկումներ, որտեղ հարաբերվող կողմերը թվում է թե տրամագծորեն տարբեր դիրքերում էին և ընդամենը մի քանի ամիս առաջ որևէ կերպ չէին պատկերանում մեկ ճամբարում: Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կամ քաղաքականությունից Սերժ Սարգսյանի վիրավորական հայտարարությունների ներքո հեռացված Գագիկ Ծառուկյանը, որը այժմ վերադառնում է Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններով: Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ այդ անսպասելի թվացող զարգացումները ծավալվում են այսպես ասած՝ իշխանական ընդհանուր համակարգում, որի դերակատարները ինչ որ պահի միասին եղել են միևնույն իշխանության մեջ, ընդ որում՝ ակունքներում: Այսինքն՝ այդ իմաստով տեղի ունեցող գործընթացը ներհամակարգային վերակազմակերպում է, և այդ տեսանկյունից արդեն ամեն ինչ այդքան էլ անտրամաբանական և անսպասելի չէ:

Բանն այն է, որ այդ վերակազմակերպումը ընթանում է արդեն մեկ տասնամյակից ավելի, բուռն թափով սկսվել է 2006 թվականին և շարունակվում է առ այսօր: Արդեն մեկ տասնամյակ իշխանությունը, իշխող համակարգը գտնվում է ինտենսիվ որոնումների փուլում, որոնք իրականացվում են ժամանակ առ ժամանակ ակտիվացող տրոհումների տեսքով: Ինչքանով է այդ գործընթացը կազմակերպված և մշակված, ու ինչքանով է այն տարերային, երբ իշխանության համակարգին այս կամ այն կերպ առնչվող ուժերը պարզապես ստիպված են փնտրել ուղիներ ընդհանուր համակարգային ճգնաժամի պայմաններում: Դա իհարկե բավական բարդ է հասկանալ, չգտնվելով այդ համակարգի ներսում և անմիջականորեն չկրելով այն շարժառիթները, որոնք թելադրում են համակարգում ընթացող զարգացումները: Սակայն փաստ է, որ տրոհումները, բաժանումները, վերակազմավորումը շարունակվում են: Բայց, այդ ամենի առանցքային, շարժիչ ուժն իհարկե կապված է սեփականության հետ: Հայաստանի իշխող համակարգը խոշոր սեփականատերերի կոնգլոմերատ է և նրանց բոլոր գործողությունները թելադրվում են հենց այդ ելակետով: Այդ տեսանկյունից, մոտ մեկ տասնամյակից ավելի ծավալվող և շարունակվող զարգացումները, որոնց թափը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ ավելացել է, պայմանավորված են սեփականության անձեռնամխելիության խնդիրներով, սեփականության հետ կապված մտավախություններով, սեփականության իրավունքի չերաշխավորվածությամբ: Հայաստանում ընդունված է համարել, որ երաշխավորված չէ միայն իշխանությունից դուրս գտնվողների սեփականության իրավունքը, իսկ ով իշխանության մեջ է` չունի այդպիսի խնդիր: Իրականում դա իհարկե այդպես չէ, բացարձակապես այդպես չէ:

Ի վերջո, հստակ է, որ Հայաստանում խոշոր սեփականություն ունեն միայն նրանք, ովքեր իշխանության մեջ են, իշխանական համակարգի շրջանակում են` անկախ, թե ինչ կարգավիճակով: Հետևաբար, մեծ հաշվով, սեփականության խոշոր կորստի վտանգ կա միայն այդ մարդկանց համար, ովքեր իշխող համակարգի մեջ են: Կորցնել կարող է նա, ով ունի կորցնելու բան: Իսկ համակարգը հասարակությանը կորցնելու բան չի թողել: Ու քանի որ երկրում ստեղծված է մի վիճակ, երբ հանրությունն այլևս կորցնելու բան չունի, իշխանությունը այդպիսով մնալով իր ստեղծած վիճակի դեմ միայնակ՝ հասկանում է, որ ինքը կորցնելու բան ունի: Եվ դա առաջացնում է տոտալ վախ, որն էլ սրում է ներհամակարգային լարվածությունն ու մղում անընդհատ առավել հուսալի և կայուն երաշխիքների որոնումների: Այդ որոնումները նույն անձին կարող են իշխանությունից տանել ընդդիմություն և հակառակը: Իշխանությունը ընդհանուր առմամբ կառավարում է ներքին վիճակը, սակայն անկառավարելի է ներքին վախը:

Ընդ որում, որքան իշխանությունը մնում է միայնակ, այդքան այդ վախը դառնում է անկառավարելի: Պատահական չէ, որ իշխանության մեջ վերակազմավորման, վերադասավորման գործընթացները աշխուժանում են այն ժամանակահատվածում, երբ ընդդիմադիր դաշտում իշխանությունը գործնականում չի ունենում իր կողմից անկառավարելի կամ շատ դժվար կառավարելի մրցակից: Վերջին տարիները փաստացի հենց այդ վիճակն են, ինչն էլ ավելի է սրել սեփականության կորստի հանդեպ իշխանության ներքին վախերը: Ի վերջո, խոշոր հաշվով, իշխանության ներսում ներկայումս բավական տեսանելի են սեփականության վերատնօրինման գործընթացները և թեև դրանք կորստի դրսևորում չեն այդ բառի դասական իմաստով, սակայն ֆինանսական հոսքերի վերաբաշխումը առավել քան ակնառու է, ինչը բոլորի մոտ հարց է առաջացնում, թե ինչ ձևի կարող են լինել դրանք վաղը:

Today's most read news !
  • Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց
  • Երբեք չեմ դադարի սիրել… Անահիտ Կիրակոսյանը` ճակատագրական որոշման, ամենամեծ հիասթափության մասին և ոչ միայն
  • Գնելի եւ Աննայի թաիլանդական հանգիստը
  • Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին
  • Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է
  • Որտեղ և ինչ պայմաններում է ապրում Լիլի Հովերը
  • Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին
  • Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվածները կհայտարարեն Ծառուկյանին միանալու մասին
Comments

Name: