1000 դրամից ավելի մտահոգիչը

1000 դրամների նախաձեռնությունը, որ ընդունվեց Ազգային ժողովում միաձայն, իշխանության փաստացի վերադարձն է կուտակային կենսաթոշակային գործընթացին, բայց արդեն այնպիսի ձևակերպման ներքո, որը հասարակությանը դրեց բարոյական մի քանի կարևոր հանգամանքի առաջ: Իշխանությանը պետք են ֆինանսներ, և շատ: Պատճառները տարբեր են, ընդհանուր առմամբ դրանք բնորոշվում են ներիշխանական ճգնաժամով և տնտեսական ծանր կացությամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է տրանսֆերտների ծավալների նվազումով և արտաքին անբարենպաստ տնտեսական կոնյուկտուրայով: Իհարկե 1000 դրամները չեն փոխարինելու տրանսֆերտների նվազող ծավալին, սակայն իշխանությունը փորձում է փողի հարցը լուծել տարբեր ճակատներով, այդ թվում անգամ յուրայինների անձնական շահույթի և եկամուտների հաշվին, ինչպես օրինակ՝ ճանապարհային երթևեկության տեսախցիկների և արագաչափերի, նաև կարմիր գծերի բիզնեսների պետականացումը: Կամ, ավելի շուտ ճիշտ կլինի ասել, որ իշխանությունը այդ բիզնեսը տվել էր նվեր յուրայիններին, այժմ հետ է վերցնում, քանի որ շատ մեծ է փողի կարիքը: Այդ կարիքից դրդված էլ իշխանությունը հանդես է գալիս քաղաքացիների գրպանից պարտադիր գանձնման նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությունը երկու տարի առաջ տապալվեց ԴԵՄ ԵՄ շարժման միջոցով: Իշխանությունը ստիպված եղավ հրաժարվել պարտադիր կուտակային բաղադրիչ ունեցող կենսաթոշակային այդ ռեֆորմից, որը սկսել էր Տիգրան Սարգսյանը: Այստեղ շատ էական նշանակություն ունեցավ և այն, որ այդ ընթացքում, խնդրի՝ ըստ էության գագաթնակետին տեղի ունեցավ կառավարության փոփոխություն և կենսաթոշակային պարտադիր կուտակային այդ ռեֆորմի դեմ հանրային բողոքը այդ հարցում ունեցավ ամենևին ոչ վերջին նշանակությունը:

Բանն այն է, որ ԴԵՄ ԵՄ շարժմանը միացավ նաև ոչիշխանական ուժերի հայտնի բևեռը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը: Այդ միացման շնորհիվ ԴԵՄ ԵՄ շարժումը բավական թափ հավաքեց, ինչն էլ ավելի սրեց կառավարության դեմ ոչիշխանական բևեռի պայքարի թափը: Երբ ի վերջո այդ հանրագումարի արդյունքում ոչիշխանական բևեռը Հովիկ Աբրահամյանի համար բացեց դեպի վարչապետություն ճանապարհը, այդ պահին իրավիճակի տրամաբանությունն էր ուղղակի պահանջում, որ Հովիկ Աբրահամյանը ամեն ինչ անի պարտադիր կուտակայինը չեղարկելու համար, այլապես հասարակության համար կստեղծվեր տարօրինակ վիճակ և Աբրահամյանը իր վրա կվերցներ այն քարը, որը հենց ինքն էր ոչիշխանական բևեռի հետ միասին նետում Տիգրան Սարգսյանի կառավարության վրա: Միևնույն ժամանակ, իշխանությունը տեսավ, որ պարտադիր կուտակային բաղադրիչը առաջ է բերում բավականին մեծ հանրային դժգոհություն, որի լրջությունը սակայն ոչ թե քանակով էր պայմանավորված՝ քանակի առումով այդ շարժումը նույնիսկ ամենևին էլ պատկառելի չէր ինքնին, այլ պայմանավորված էր շարժման որակով, որի մաս էին կազմում գերազանցապես կրթված, կայացած մասնագետներ, տեխնոլոգիական ոլորտներ ներկայացնող, նոր մտածողությամբ, աշխարհայացքով ու արժեքներով առաջնորդվող մարդիկ:

Այսինքն՝ շարժումն ամենևին լյումպեն չէր, որպեսզի հնարավոր լիներ ենթարկել հեշտ մանիպուլյացիաների: Նաև դա հանգեցրեց նրան, որ իշխանությունը առժամանակ հրաժարվի պարտադիր կուտակայինից, թողնելով այն առնվազն ընտրություններից հետո: Խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է: Բայց, ծանր իրավիճակն ու փողի կարիքը ոչ միայն չեն սպասի խորհրդարանի ընտրությանը, այլ ավելի ու ավելի են ուժգնանում: Եվ այս հանգամանքը իշխանությանը ստիպեց մտածել պարտադիր հավաքագրման վերադառնալու մասին, բայց այն ձևակերպմամբ և հիմքով, որի դեմ բողոքի շարժման ձևավորումը կլինի անիրական: Դա զոհված և վիրավոր զինծառայողների ապահովագրավճարների, նրանց ընտանիքների փոխհատուցման թեման էր, որն էլ դրվեց պարտադիր հանգանակության գաղափարի վերագործարկման հիմքում: Մնացյալ բոլոր առումներով մեխանիզմը գործնականում հանդիսանում է պարտադիր կուտակային: Խաղադրույքը աշխատեց և հասարակության զգալի մասը բնականաբար ընդունեց խաղի այդ կանոնը՝ հանուն պետությունը պահող զինվորի և սպայի, թեկուզ և լավ հասկանալով, որ մեղմ ասած՝ շատ մեծ է պարզապես այդ հերոսների անվան ներքո մանիպուլյացիայի և իշխանական խնդիրների լուծման ռիսկը: Բայց, հանրությունը հերթական անգամ աչքի ընկավ պետության մասին մտածողությամբ՝ ի տարբերություն իշխանության: Դա տեղի էր ունեցել նաև ապրիլյան պատերազմի օրերին, ու նաև դրանից օրեր անց: Ապրիլյան պատերազմն էլ, իհարկե, իշխանությանը տվեց խնդրի բարոյական խաղարկման հնարավորությունը, հակառակ դեպքում շատ դժվար կլիներ նույնիսկ զինվորի և սպայի անունից գումար գանձելը: Բայց այն, որ նախաձեռնությունն իրականում այդքան էլ կապ չունի զինված ուժերի հետ, վկայում է հանգամանքը, որ հավաքվող գումարը չի տրվելու մինչև 2017 թվականի հունվար զոհվածների և վիրավորների ընտանիքներին, այսինքն՝ չունի հետադարձ ուժ: Ու եթե 2017-ից հետո զոհեր և վիրավորներ, կամ թեկուզ մեծաթիվ զոհեր և վիրավորներ չլինեն, ապա հավաքված գումարը կարող է ծառայել այլ նպատակների՝ կառավարվել տոկոսներ հավաքելու նպատակով, ինչի հնարավորությունն առկա է:

Ինչ խոսք, կասկած չկա, որ թե՛ պարտադիր հանգանակության գոտում գտնվող քաղաքացիները, թե՛ ընդհանրապես որևէ հայաստանցի և հայ աղոթել ու աղոթում է, որպեսզի Հայաստանի զինված ուժերում չլինի այդպիսի փողի կարիք ունեցող, այդպիսի ապահովագրության կարիք ունեցող որևէ զինվոր և սպա, կամ զինվորի և սպայի ընտանիք: Թեկուզ նրանց անվան ներքո փորձ է արվում լուծել որոշակի երկար փողերի խնդիր, այդուհանդերձ, թող այդպես լինի՝ եթե լինում է, միայն թե չլինեն ռազմական լայնածավալ գործողություններ, չլինեն վիրավորներ, զոհեր, որբացող երեխաներ: Թող Հայաստանի զինված ուժերի բոլոր զինծառայողներն ու սպաները իրենց ընտանիքների հետ միմյանց արժանանան ամեն առավոտ և երեկո՝ ոչ թե ինչ որ ապահովագրությունների: Իսկ փողը թող հավաքվի, թեկուզ իբրև Հայաստանի հասարակության զոհաբերությունը հանուն խաղաղության: Պարզապես, հերթական անգամ դրսևորվում է Հայաստանի իշխող համակարգի հակահանրային բնույթը, թեկուզ այն առումով, որ պետության համար իսկապես շատ կարևոր գաղափարը՝ որ անգամ պետք է իրականություն դարձած լիներ երկու տասնամյակ առաջ, ներդրվում և իրագործվում է ոչ թե հանրության օգնությամբ, այլ ի հեճուկս հանրության, հանրության նկատմամբ հաղթանակի և առավելության անթաքույց ենթատեքստով: Սա է մտահոգիչը, ոչ թե 1000 դրամը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...