Latest 10 episodes

Իրավունք և ազատություն

Հացի խնդիրը ներկայիս իշխանությունը կարծես թե ունակ չէ լուծել: Հացը թանկանում է բառի բուն և պատկերավոր իմաստով, նաև մնացյալ ապրանքատեսակները, և այդ պրոցեսը դեռ շարունակվելու է, ինչը չի թաքցնում նույնիսկ իշխանությունը:

Այդ խնդիրը, սակայն, այդուամենայնիվ հնարավոր կլիներ լուծել, եթե իշխանությունը կարողանար որոշակիորեն նեղել իր յուրային օլիգարխներին և օլիգարխակերպ պաշտոնյաներին: Սակայն դա, թերևս, անլուծելի խնդիր է, որը հատուկ է բոլոր այն պետական կառավարման համակարգերին, որոնք ձևավորվում են և գործում ոչ թե պետական օրենքի, այլ պայմանավորվածությունների հիման վրա: Խնդիրը նրանում է, որ այդ պայմանավորվածությունների շրջանակում «նեղվել» հասկացությունը տեղ չունի: Այսինքն` թերևս հենց այդ հասկացությունը բացառելու համար է, որ շրջանցվում է օրենքը, և համակարգը հիմնվում է պայմանավորվածությունների վրա: Հետևաբար, համակարգի մասնակիցները նեղվում են «նեղվել» հասկացությունից: Մինչդեռ հացի խնդիրը լուծելու համար իշխանությունը ստիպված է նեղել յուրայիններին ոչ միայն հարկերով ու մաքսատուրքերով: Դրանք ընդամենը ֆիսկալ խնդիր են լուծում, ապահովելով բյուջեից վարձատրվող խավի բարեկեցությունը: Մինչդեռ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը բյուջեին տալիս է, բայց չի ստանում:

Դա նշանակում է իշխանությունը պետք է յուրային օլիգարխներին և օլիգարխակերպ պաշտոնյաներին ստիպի, որ նրանք հարգեն աշխատանքային օրենսգրքի կանոնները, նորմալ վարձատրեն աշխատողներին, նաև ապահովի հավասար մրցակցային պայմաններ, որպեսզի յուրայինները չգրավեն տնտեսության բոլոր ոլորտները, մյուսներին թողնելով միայն տնտեսության ոսկորները:

Թվում է, թե առաջիկայում, ելնելով այդ իրողությունից, հացի խնդիրը լուծելը վեր է լինելու իշխանության ուժից: Մոտ հինգ տարի չունենալով հանրային վստահություն` իշխանությունը չի կարող ռիսկի դիմել և կորցնել նաև իր յուրայինների վստահությունը: Բայց այդ նույն խնդիրը առաջանում է նաև տեսարանների պարագայում: Ժողովրդին դրանցով կերակրելու համար էլ անհրաժեշտ է նեղություն տալ յուրայիններին, ընդ որում` լավ նեղություն տալ, որովհետև ի տարբերություն իշխանության, հասարակության ինտելեկտն ու գիտելիքը բավարարում են տարբերելու համար իմիտացիան իրական պայքարից: Հասարակության գիտելիքն ու ինտելեկտը թույլ են տալիս ավելի լավ պատկերացնել հանրապետության պետական կառավարման համակարգում կոռուպցիայի կառուցվածքը և հասկանալ, որ եթե ստորաբաժանումներում կոռուպցիա կա, ապա դա ոչ թե պատճառ է, այլ ընդամենը հետևանք: Հետևանք այն իրողությունների, որ առկա են ավելի բարձր ատյաններում:

Բայց հացի ու տեսարանների դիլեման, իշխանության համար իր գրեթե անլուծելիությամբ, մանրուք է այն խնդրի համեմատ, որ իշխանության համար առաջ է բերում մեր հասարակության` շատերի գնահատմամբ միգուցե փոքր, բայց բավական ակտիվ մի խավ, որի զգալի մասը կազմում են երիտասարդները: Այդ խավի համար հեղինակությունն իրավունքն է, իսկ հպարտությունը` ազատությունը, ինչն անհնար է դարձնում նրանց մեր ազգային քարոզչական խոհանոցի հիմնական բլյուդով` հերոսներով ու հերոսամարտերով, հազարամյա մշակույթով և միասնականությամբ, արտաքին թշնամիներով ու համաշխարհային դավադրությամբ կերակրելը, քանի որ ի տարբերություն իշխանության, այդ խավի ինտելեկտուալ և տեղեկատվական ռեսուրսը բավականացնում է այդ ամենի իրական արժեքը հասկանալու, և Հայաստան պետությանն ու քաղաքացիներին սպառնացող իրական և վիրտուալ վտանգները տարբերակելու համար:

Ռեպրեսիվ մեխանիզմներով ձևավորված յուրաքանչյուր իշխանության համար այդ խավի առկայությունը խնդիր է ինքնին, քանի որ ներկայացնում է այլընտրանք հացին ու տեսարաններին, մշտապես հիշեցնելով, որ կա իրավունք և ազատություն: Իսկ եթե հասարակության մի մասն առայժմ դա չնկատի էլ` կուշտ չլինելու պատճառով, միևնույն է, կշտանալուց հետո անխուսափելիորեն ուշադրություն է դարձնելու դրան: Այսինքն` իրավունքի և ազատության համար պայքարի ալիքը զսպելու համար, իշխանությունը, թերևս, պետք է հասարակությանը չկշտացնի հացով ու տեսարաններով, որպեսզի դրա պահանջարկը պահպանվի: Սակայն այդ դեպքում արդեն հասարակությունը պայքարում է հենց հացի կամ տեսարանների համար, իսկ պատմության փորձը ցույց է տալիս, որ հացի ու տեսարանի համար պայքարող հասարակությունն իշխանության համար շատ ավելի վտանգավոր է, քան իրավունքի ու ազատության համար պայքարող քաղաքացիները, քանի որ եթե երկրորդի դեպքում առաջնորդողը միտքն է, ապա առաջինի դեպքում թելադրողը բնազդն է: Դա հասկանալու համար երևի թե պետք է որ բավարար լինի իշխանության անգամ ներկայիս ինտելեկտը:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: