Հարգել և սովորել

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել տարեվերջյան վերջին մամլո ասուլիով։ Աշխարհի հզորագույն երկրի հեռացող նախագահը բավական արժեքավոր մի հայտարարություն է արել, որը կարող են ընդօրինակել նաև այլ երկրների նախագահները, այդ թվում՝ և մեր երկրի նախագահը:

«Որպես նախագահ և գլխավոր հրամանատար՝ ես ամեն օր իմ հասցեին ահավոր բաներ եմ, բայց ես ամեն ինչ արել եմ մարդկանց իրավունքը պաշտպանելու համար»,- հայտարարել է նա։

Այս հայտարարությունը խորհրդանշական է և բնորոշում է պետության ուժը: Միայն ուժեղ պետության նախագահը կարող է իրեն այդօրինակ հայտարարություն թույլ տալ: Կամ ավելի շուտ՝ ուժեղ պետությունների նախագահները չեն կարող իրենց թույլ տալ այլ բնույթի արտահայտություններ: Եթե փորձենք ԱՄՆ նախագահի խոսքը տրանսֆորմացնել Հայաստանի վրա, ապա կտեսնենք, որ Հայաստանի իրականության մեջ իշխանության խոսքերը ոչ միայն հեռու են այդ ամենից, այլ լրիվ հակառակն են: Կարո՞ղ եք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանն ասի այն, ինչ Օբաման: Նրա վիճակը ներկայումս առավել ծանր է, քան Սերժ Սարգսյանինը: Օբաման ընտրության շեմին է, ԱՄՆ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բավական բարդ է, արտաքին մարտահրավերները բավական ուժեղ են՝ մահմեդական բողոքի նոր ու մեծ ալիք է: Բայց Օբաման կոչ չի անում համախմբվել իր շուրջ, և ոչ էլ այդ կոչը նրա կուսակիցներն են անում, որովհետև գիտեն, որ հզորության բանաձևն այլ է:

Հայաստանում Գերագույն գլխավոր հրամանատարը սրբության սրբոցի պես մի բան է, և եթե հանկարծ որևէ բան է տեղի ունենում երկրում, ապա հնչում են անմիջապես նրա շուրջ համախմբվելու կոչեր: Մինչդեռ, ազգային համախմբումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի կամ որևէ այլ պաշտոնյայի, այլ Սահմանադրության շուրջ, որը համազգային կոնսենսուսի արդյունք է: Այսինքն՝ հասարակությունը պետք է համախմբվի արժեքների շուրջ: Իսկ նախագահը ոչ թե արժեք է, արժեքների մարմնավորում կամ խորհրդանիշ, այլ պետական ծառայող, որին ընտրում է հասարակությունն իր նախանշած արժեքների շրջանակում՝ այդ արժեքների պահպանությունը երաշխավորելու համար:

ԱՄՆ նախագահի խոսքում, խորքային իմաստով հենց այդ փիլիսոփայությունն է, որը կազմում է ամերիկյան պետության ուժի, հզորության հիմքը բոլոր առումներով: Այդ ամենի շնորհիվ է աշխարհի ամենաերիտասարդ պետություններից մեկը դարձել աշխարհում ամենաառաջատարը, ամենագերական, ամենահզորը: Այդ հզորության, առաջատարության և գերակայության առումով գնահատականները տարբեր են, բայց առկա է փաստը, և այդ փաստը արժանի է առնվազն հարգանքի: Նաև գուցե արժանի է ընդօրինակման՝ իհարկե ոչ մոդելների, որովհետև այլ են մասշտաբները՝ օրինակ Հայաստանի և ԱՄՆ միջև, բայց պատկերացումների, հիմնարար արժեքների ու սկզբունքների իմաստով:

Ի վերջո, հզորության բանաձևը շատ պարզ է, իսկ իրավիճակը բարդացնում են նրանք, ում համար այդ բանաձևը շահավետ չէ անձնապես: Դրա համար էլ բանաձև է ընտրվում ոչ թե իրավունքը, այլ միասնականությունը, որը ի սկզբանե կեղծ կատեգորիա է՝ այն պարզ պատճառով, որ բացարձակապես դեմ է մարդկային հոգեբանությանը: Միասնականությունը գալիս է ինքնաբերաբար, եթե հասարակական համակեցության հիմքում իրավահավասարությունը, արդարությունն ու ազատությունն են:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...