Ֆրանկենշտեյնն ընդդեմ Հայաստանի պետականության և հայ ժողովրդի ապագայի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է, որ արևմտյան պատժամիջոցները էական հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը։ Ըստ ԱՄՆ հեռացող նախագահի, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հարցում արևմուտքի միասնականությունը պահպանելու դեպքում կարճ ժամանակում կարելի է էական արդյունքների հասնել։ Ավելի վաղ, աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, ով հանդիսանում է Ամերիկայի Միացյալ նահանգների արտաքին քաղաքականության ստրատեգներից մեկը, եթե ոչ առաջինը, կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը բավական թույլ է և զուրկ ռեսուրսներից` կայսրությունը վերականգնելու համար: Մեծ քաղաքագետի հետ հնարավոր չէ չհամաձայնել: Ռուսաստանի տկարության տեսակետը առկա է նաև Հայաստանում, սակայն արդյո՞ք ամեն ինչ միանշանակ է:

Ռուսաստանն իսկապես թույլ է և զուրկ ռեսուրսներից, և նույնիսկ կարելի է ասել երևի թե, որ հենց այդ թուլությունն է Կրեմլին մղում վերականգնել կայսրությունը: Բանն այն է, որ Պուտինը կայսրությունը դիտարկում է որպես թուլությունը սքողելու, ծածկելու, քողարկելու միջոց: Իհարկե, Ռուսաստանի ներկայիս խնդիրների պարագայում դա նույնիսկ անմտություն է, որովհետև այնպիսի խնդիրներով, որ ունի Ռուսաստանը, կայսրություն չեն ստեղծում: Ավելին` այդ խնդիրներով կայսրությունները կործանվում են:

Եթե ընդհանուր բնորոշենք այդ իրավիճակը, ապա խոսքը սեփական քաղաքացիների համար պետության գրավչության բացակայության մասին է: Ռուսաստանը գրավիչ չէ Ռուսաստանի քաղաքացիների համար, Ռուսաստանը չի կարող գրավիչ լինել որևէ այլ հանրության համար, քանի որ չունի ոչ մի արժեք և գաղափար, որը պրակտիկորեն հնարավոր է դնել զարգացման որևէ ծրագրի հիմքում, և առաջ մղել այդ ծրագիրը: Ռուսաստանը կարող է գրավիչ լինել միայն օրվա հացի խնդիր ունեցող ներգաղթյալների համար, որոնք իրականում ինքնին բեռ են յուրաքանչյուր կայսրության համար և չեն կարող հանդիսանալ կայսրության ցեմենտ: Սակայն Մոսկվան չունի նաև այլ տարբերակ, քան սեփական թուլությունից փախչել կայսրության վերականգնման ճանապարհով:

Մյուս ճանապարհը ժողովրդավարական, ազատ պետության ճանապարհն է, որը սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների պատճառով այնքան էլ իրատեսական չէ: Այդ պատճառներն են կայսերական ժողովուրդների՝ հատկապես պատմական անհաջողություն ապրող կայսերական ժողովուրդների հոգեբանական բարդույթները, երբ նրանք կյանքը չեն պատկերացնում առանց նման հավակնությունների և հաճախ իրենք իրենց հաշիվ չեն տալիս հավակնությունների և ռեսուրսների համադրության մասով, ինչպես նաև համապատասխան մտածողության, կրթական միջավայրի, հանրային մշակույթի և էլիտաների որակների բացակայությունը:

Սակայն, եթե Ռուսաստանը չունի կայսրությունը վերականգնելու ռեսուրսներ, դա ամենևին չի նշանակում, որ նրա այդ հավակնությունները վտանգ չեն ներկայացնում: Վտանգ չեն ներկայացնում հզոր տերությունների համար, սակայն այնպիսին, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, որը ռուսական կայսերականության անմիջական թիրախներից մեկն է, չեն կարող մխիթարվել նրանով, որ Ռուսաստանը ռեսուրս չունի: Կայսրություն վերականգնելու ռեսուրս չունի, սակայն կարող է ստանալ մի յուրօրինակ «ֆրանկենշտեյն»՝ անկենդան մարմիններից հավաքված մի հիբրիդ հրեշ, որը կհասցնի շատ բան ավերել իր անմիջական շրջապատում: Կայսրությունը կրկին կփլվի, բայց այդ ընթացքում հասցնելով խժռել նորանոր զոհերի կամ ավելի ճիշտ՝ հին-նոր զոհերին, ինչպիսին Հայաստանը:

Հետևաբար` Ռուսաստանի ռեսուրսների բացակայությունը խնդրի լուծման նախադրյալ է Հայաստանի նման պետությունների և հասարակությունների համար, սակայն բոլորովին լուծում չէ: Ավելին` միգուցե պարադոքսալ թվա, սակայն կայսրության ռեսուրսներ ունեցող Ռուսաստանը միգուցե և պակաս վտանգավոր լիներ Հայաստանի համար, քան այդ ռեսուրսներից զուրկ հավակնություններով սուբյեկտը: Ռեսուրսների առկայությունը Ռուսաստանը կդարձներ կանխատեսելի կամ ավելի կանխատեսելի, և հետևաբար` առավել դյուրին կլիներ կազմակերպել այդ կանխատեսելի սուբյեկտի կայսերական հավակնությունների դեմ անհրաժեշտ դիմադրությունը՝ Հայաստանի անկախությունն ու սուվերենությունը պահելու համար: Երբ բացակայում են ռեսուրսները, երբ հավակնությունների և ռեսուրսների համամասնությունը խախտված է, այդ սուբյեկտը դառնում է առավել քան անկանխատեսելի, գրեթե վիրավոր գազանի նման: Եվ այստեղ արդեն այդ բացակայությունը ոչ թե հանգստացնող գործոն պետք է լինի, թե լավ, միևնույն է` ռուսների մոտ ոչինչ չի ստացվի, այլ պետք է լինի էլ ավելի զգոնության մղող հանգամանք:

Խնդրի լուծումը կայսերական հավակնությունների դեմ արդյունավետ դիմադրության կազմակերպումն է: Ի վերջո, եթե Հայաստանը չի դիմադրում, Ռուսաստանը կարող է առնվազն Հայաստանի մասով իր կայսերական հավակնությունները բավարարել նաև սուղ ռեսուրսների պայմաններում: Դա կարող է կարճ տևել, բայց, միևնույն է, թեկուզ անհաջող, խարխուլ կայսրության մեջ վերստին հայտնվելուց հետո, դրանից դուրս մնալը, այսպես թե այնպես, կրկին ցավոտ է լինելու` էլ չասած հնարավոր արյունոտ լինելու մասին:

Բանն ամենևին Ռուսաստանից սարսափելը չէ: Վտանգի գիտակցումը և լիարժեք գնահատումը սարսափի հոմանիշ չէ: Պարզապես մեզ համար գլխավոր, առանցքային խնդիրը ոչ թե այն է, թե կայսրության վերականգնման ինչ ռեսուրսներ ունի կամ չունի Ռուսաստանը՝ որովհետև Ռուսաստանը ռեսուրս չունի, բայց ունի վերականգնման մեծ ցանկություն և ինքն իր ռեսուրսների բացակայության հետ հաշվի չի նստում, այլ այն, թե արդյոք ինչպիսին են այս պայմաններում դիմադրության Հայաստանի ռեսուրսները և բավարա՞ր են արդյոք դրանք ռեսուրս չունեցող Ռուսաստանի հավակնությունները զսպելու համար:

Today's most read news !
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
  • Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
Comments
Loading...