Latest 10 episodes

«Ախպե՛րս, ի՞նչ գին էր ասում». Երրորդ մասում մարմնավաճառի «գնի» շուրջ «բազառը» ավարտվել է դանակահարությամբ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Էրիկ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

26-ամյա Էրիկը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: 2015 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Էրիկ Սարգսյանը կրտսեր եղբոր հետ գտնվել է Երևանի Բագրատունյաց պողոտայում:

Մարմնավաճառ կանանց հետ կապված հարցով նա վիճաբանել է գործով տուժողի ու նրա ընկերների հետ: Երբ տուժողը՝ Արթուր Վարդանյանը, հարվածել է Էրիկի եղբորը, Էրիկը դանակով հարվածել է Արթուրի որովայնի շրջանին՝ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերք՝ լյարդի ձախ բլթի միջանցիկ վնասումով ու ներքին արյունահոսությամբ:

Դատարանում՝ դատաքննության ավարտին տուժողը ամբաստանյալին ներկայացրել է 12 միլիոն դրամի քաղհայցի պահանջ: Ամբաստանյալն ընդունել է 1 միլիոն դրամի պահանջը:

Նախաքննության ժամանակ Էրիկ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրվա կեսգիշերին եղբոր՝ Արտյոմի հետ գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակ՝ ծանոթի հետ հանդիպելու:

Բագրատունյաց փողոցում հանդիպել է ծանոթ մարմնավաճառուհու և խոսել է հետը, ապա եղբոր հետ շարունակել է ճամփան:

Հասել են «Մանղալ» հացատան մոտ:

Իրեն է մոտեցել մի երիտասարդ՝ Արշակ անունով, ու հարցրել է, թե ի՞նչ գին ուզեց մարմնավաճառուհին՝ ծառայությունների դիմաց:

Այդ հարցն իրեն բոլորովին դուր չի եկել, վեճ է սկսվել:

Վեճը շարունակել են Եղբայրության փողոցում: Արշակի հետ վիճելիս նկատել է, որ նրա հետի տղան՝ Արթուր անունով, հարվածում է իր եղբորը՝ Արտյոմին: Վերջինս ընկել է գետնին:

Ինքը մոտեցել է, որ եղբորն օգնի, նկատել է գետնին ընկած դանակը, վերցրել ու դրանով խփել է Արթուրի որովայնին: Հետո եղբոր հետ հեռացել է: Ինքը զղջում է կատարվածի համար:

Դատարանում Էրիկ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա իրեն մեղավոր է ճանաչել տուժողին հարվածելու համար, սակայն ասել է, թե դա արել է եղբորը պաշտպանելու նպատակով:

Տուժող Արթուր Վարդանյանը հայտնել է, թե 2015 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 21-ի սահմաններում գարեջուր խմելու նպատակով հորեղբոր որդու՝ Վահագնի, ու Արշակի հետ գնացել է Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող սրճարան: Այնտեղից դուրս գալով՝ Արշակի հետ քայլել է Բագրատունյաց պողոտայով: Արշակը նկատել է, որ իրենց անծանոթ մի տղա՝ էրիկ Սարգսյանը, խոսում է մի մարմնավաճառուհու հետ:

Երբ նա հեռացել է մարմնավաճառուհուց, Արշակը մոտեցել է այդ տղային ու հարցրել է, թե ի՞նչ գին էր ուզում մարմնավաճառուհին մատուցվող ծառայության դիմաց:

Էրիկը այդ հարցից զայրացել ու ագրեսիվ տոնով հարցրել է. «Էդ ի՞նչ հարց ես տալիս ինձ»:

Ինքը դիմելով Էրիկի հետի տղային՝ ասել է՝ կներեք, բայց այդ տղան՝ նրա եղբայրը, իրեն ապտակել է:

Իրենց վեճին միջամտել է մոտակա մի հաստատության պահակը ու խնդրել է դադարեցնել վեճը: Ինքն առաջարկել է հեռախոսահամարներով փոխանակվել՝ հետագայում հանդիպելու և զրուցելու համար: Բայց Էրիկի եղբայրը շարունակել է իր հետ ագրեսիվ տոնով խոսել:

Ստեղծվել է խառնաշփոթ վիճակ, որը շարունակվել է Եղբայրության փողոցում: Վիճաբանության ժամանակ ինքը հողաթափով հարվածել է Էրիկի եղբոր դեմքին: Դա տեսնելով՝ Էրիկը մոտեցել է իրեն, նույն պահին ինքը որովայնի շրջանում ծակոց է զգացել…

Էրիկի եղբայր Արտյոմը հայտնել է, որ վեճի ժամանակ ինքն ապտակել է Արթուր Վարդանյանին, քաշքշել են միմյանց: Արթուրը հողաթափով հարվածել է իր դեմքին, ինքն ընկել է գետնին: Հարվածելուց հետո Արթուրն իրենից ներողություն է խնդրել: Այդ ժամանակ ինքը լսել է Էրիկի ձայնը՝ Արտյոմ, թռանք: Ինքն ու եղբայրը վազելով հեռացել են:

Արտյոմն ընդունել է, որ վիճաբանության ժամանակ իր մոտ դանակ է եղել, որն ինքը կորցրել է դեպքի վայրում: Հետո իմացել է, որ Էրիկն այդ դանակը տեսել է գետնին ընկած, վերցրել ու հարվածել է Արթուր Վարդանյանի որովայնին:

Այս դեպքի կատարման պահին խուլիգանության մեղադրանքով  Էրիկ Սարգսյանի նկատմամբ արդեն իսկ քրեական գործ էր քննվում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավճիռը կայացվել է դանակահարության հաջորդ օրը՝ 2015 թվականի օգոստոսի 4-ին: Էրիկ Սարգսյանը այդ դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի:

Դանակահարության ու տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար Էրիկը կալանքի տակ է առնվել օգոստոսի 7-ին: Կալանքի տակ մնացել է 3  ամիս 27 օր, ապա նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝  800 հազար դրամի չափով, ու նա ազատ է արձակվել:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Էրիկ Սարգսյանի կողմից:

Դատարանը հաշվի է առել, որ Էրիկ Սարգսյանի մոտ ախտորոշվել է անձի որոշակի խանգարում՝ բարդացված գանգուղեղային վնասվածքներով:

Էրիկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով, նախորդ դատավճռով նշանակված պատժի հետ միասին՝ դատապարտվել է 3 տարի 8 ամիս 3 օր ազատազրկման ու 50 հազար դրամ տուգանքի:

Խափանման այլընտրանքային միջոց գրավը փոփոխվել է, ու Էրիկ Սարգսյանը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Տուժողի ներկայացրած քաղհայցը թողնվել է առանց քննության՝ տուժողին իրավունք վերապահելով քաղհայց ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժող Արթուր Վարդանյանը՝ պահանջելով բավարարել իր ներկայացրած քաղհայցի պահանջը և հօգուտ իրեն Էրիկ Սարգսյանից բռնագանձել 12 միլիոն դրամ:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի արձագանքը Սեյրան Օհանյանի հայտարարությանը
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Ընտիր ներդրումային դաշտ. էստի՜ համեցեք
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ
Comments