Բյուջետային փողի «Բերմուդյան եռանկյունին»

Հայաստանում գնումների մասին օրենքի փոփոխությամբ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը կլինեն գաղտնի: Գնումների մասին օրենքի փոփոխությունները իշխանությունը մատուցում էր իբրև կոռուպցիայի դեմ պայքարի ևս մի ծանրակշիռ քայլ, որը կարգավորելու էր պետական գնումների մեխանիզմը այնպես, որ նվազեցվեին կոռուպցիայի և չարաշահումների ռիսկերը: Հայտնի է, որ Հայաստանի կոռուպցիան, բյուջետային միջոցների չարաշահումը, մսխումը ծաղկում է հենց գնումների համակարգի շնորհիվ: Պետական գնումները ըստ էության կոռուպցիայի ոռոգման համակարգն է, այդ գնումներն են կոռուպցիան պահում կլոր տարին կանաչ վիճակում: Եվ ահա, իշխանությունը հայտարարում էր, որ շատ շուտով կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնք կոռուպցիոներներին թույլ չեն տա օգտվել գնումների «ոռոգման» համակարգից, կամ էապես կսահմանափակեն այդ հնարավորությունը: Հնարավորությունը, թերևս, իսկապես սահմանափակվում է, այսպես ասած՝ կենտրոնացնելով պետական գնումների միջոցով կոռուպցիայի հնարավորությունը: Այդ հնարավորությունը կենտրոնանում կամ նորաձև արտահայտությամբ ասած՝ «օպտիմալացվում» է երեք ինստիտուտների շրջանակում. նախագահական նստավայր, վարչապետ և ԱԺ նախագահ: Դա անշուշտ չի նշանակում, որ մյուս բոլոր ոլորտներում և գերատեսչություններում պետական գնումները կդառնան բյուրեղյա մաքրության: Բայց, ստեղծելով այսպես ասած՝ փակ գնումների այդ «եռապետությունը» կամ պետական փողերի «Բերմուդյան եռանկյունին», իշխանությունն անկասկած փորձում է հենց կենտրոնացնել պետական գնումների միջոցով իրականացվող կոռուպցիան, պետական փողերի հոսքը, դա առավել վերահսկելի դարձնելու համար:

Իշխանության համար դա ռազմավարական խնդիր է, տնտեսական բարդ կացության, ոչ այնքան լուսավոր և հուսադրող հեռանկարի, փողի մեծ դեֆիցիտի պայմաններում: Բանն այն է, որ գնումների փակ համակարգի միջոցով, որ ձևավորվում է այդ երեք կետերում կամ անկյուններում, իշխանությունը, փաստորեն, մտադիր է ստվերային վերահսկում իրականացնել պետական բյուջեի ծախսի վրա, որ կատարվում է պետական գնումների տեսքով: Այսինքն՝ խոշոր հաշվով տեղի է ունենում ոչ այնքան պայքար այդ ճանապարհով կատարվող չարաշահումների դեմ, որոնք ահռելի թիվ են կազմում՝ եթե հավատանք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, ապա կազմում են բյուջեի մոտ մեկ երրորդը, այլ իրականում բարձրացվում է ներքին վերահսկողությունը, ձևավորվում է ստվերային վերահսկողության կենտրոնացված մեխանիզմ՝ «տրիումվիրատ», որպեսզի առավել հստակ լինի՝ ով տարավ, ուր տարավ, ինչու և ինչպես տարավ: Այդ նպատակն է դրված նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը ծածկելու նախաձեռնության հիմքում, որպեսզի նրանք կարողանան «տանել» այն գումարները, որոնք ենթակա են ստվերային ճանապարհով տարվելու և մինչ այդ պարզապես գնացել են ցաքուցրիվ ճանապարհներով, տարբեր հնարավոր ու անհնար, «մայրուղային» կամ «գյուղական» ճանապարհներով, ինչը վերահսկելը եղել է դժվար: Ամեն ինչի օպտիմալացումը, այդ թվում՝ ստվերային կառավարման մեխանիզմների, իշխանության համար ռազմավարական խնդիր է, որը բխում է մի քանի իրողություններից: Այդտեղ դեր ունեն թե՛ ռեսուրսների սղությունն ու տնտեսական անհրաժեշտությունները, փողի դեֆիցիտն ու ամեն մի լումայի արժեքի զգալի բարձրացումը, թե՛ նաև ներիշխանական վերադասավորումների, նոր իշխանության ձևավորման գործընթացը, իշխանական հիերարխիայում ստատուս-քվոյի փոփոխությունների շարունակվող և շարունակվելիք ընթացքը, որտեղ, իհարկե, առաջ է գալիս իշխանության տարբեր թևերի, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի մոտ անվստահության մեծ դաշտ, փոխադարձ կասկածների մեծ միջավայր: Իսկ փողը, այդ թվում՝ բյուջետային միջոցները, հանդիսացել ու հանդիսանում է, նաև ապագայում հանդիսանալու է Հայաստանի իշխանության, թերևս, ամենաուժեղ հենարանը՝ հանրային հենարանի իսպառ բացակայության պայմաններում: Հետևաբար, որևէ թևի կառավարելու, կամ հեռացնելու, կամ զսպելու համար առանցքային նշանակություն ունի այդ թևը սնուցող ֆինանսական հոսքերի հայտնաբերումը՝ եթե դրանցում կան չհայտնաբերված տարրեր, և հոսքերի նվազեցումը, նեղացումը, ծավալների սահմանափակումը՝ եթե ամեն ինչ վաղուց պարզ է:

Այսինքն՝ եթե պատկերավոր նկարագրվի ստեղծվող իրավիճակը կամ նախաձեռնությունը, ապա բյուջետային կոռուպցիան դառնում է «դեղատոմսով»՝ «ռեցեպտով», որը դուրս գրելու իրավունք են ստանում վարչապետը, ԱԺ նախագահը, նախագահը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ իրավունքը ունեն հենց երեք կենտրոններ, ոչ թե ասենք մեկը կամ երկուսը: Այստեղ էլ կա ուշագրավ հանգամանք, այն առումով, որ տվյալ պարագայում լուծվում է նաև այդ կենտրոնների փոխադարձ հավասարակշռման և փոխադարձ զսպման մեխանիզմը, այսինքն՝ իշխանությունն այս դեպքում չի գնում «կոռուպցիայի դեղատոմսի» դուրսգրման «մենաշնորհի» ճանապարհով, այլ դրա հնարավորությամբ օժտվում է միանգամից երեք կենտրոն: Դա էլ, թերևս, հասկանալի է՝ Սերժ Սարգսյանի համար վարչապետի պաշտոնը երաշխավորված չէ և, եթե նա բավարարվի միայն ՀՀԿ նախագահի պաշտոնը պահպանելով, ապա երեք կենտրոնների առկայությունը և այդպիսով փոխադարձ զսպումը նրան թույլ կտա դե յուրե իշխանություն չունենալու պարագայում առավել արդյունավետ վերահսկել ներիշխանական այդ կարևոր գործընթացը:

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments