Սովորական դավաճանություն

Նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը  առաջիկա ցուրտ օրերի ամենատաք թեման է հավակնում դառնալ։ Ղարաբաղյան հարցում փուլային կարգավորման, փոխզիջումների և ազատագրված տարածքների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական կյանքի անբաժան ուղեկիցն է: Պարզապես այդ թեման ներքաղաքական կյանքն ուղեկցում է երբեմն աղմուկով, երբեմն` լուռ: Ներկայումս կարծես թե կրկին «աղմկում» է, որի համար հիմք են ծառայում առաջիկա ընտրություններում իշխանության հետ հնարավոր և Սերժ Սարգսյանի համար շատ անհրաժեշտ գործարքը։

Ղարաբաղյան խնդրում տարածքների վերադարձը հանդիսանում է Մադրիդյան սկզբունքներից մեկը, որ Հայաստանն ընդունել է որպես բանակցության հիմք դեռևս 2007 թվականից, երբ առաջին անգամ ներկայացվեցին այդ սկզբունքները: Թեև, տարածքների վերադարձը եղել է նաև մինչ այդ շրջանառված «փուլային», «փաթեթային» և «Ընդհանուր պետություն» տարբերակների հիմքում, իսկ քանի որ տվյալ պարագայում խոսքը Հայաստանի համար գերկարևոր, ճակատագրական հանգամանքի մասին է, անվտանգության առանցքային խնդրի մասին, ապա ինքնին հասկանալի է, որ այն լինելով արտաքին հարց՝ աներկբայորեն առնչվելու է նաև ներքին քաղաքական անցուդարձին:

Ներկայումս առկա է թեմայի ակտիվացման երկու գործոն: Թե՛ ներքաղաքական կյանքն է մտել դիմակայության ակտիվ փուլ՝ պայմանավորված առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով, իսկ այդ դեպքում, ինչպես ասում են, բոլոր միջոցներն են «հրաշալի», թե՛ այդ հանգամանքին նպաստում է այն, որ արտաքին ակտիվ զարգացումները հիմքեր են տալիս օգտագործելու այդ կարևոր միջոցը` փոխզիջումը կամ «տարածքների վերադարձի» խնդիրը:

Այստեղ կա երկու հարթություն` ռազմա-քաղաքական և բարոյական: Բարոյական հարթությունն այն է, որ խոսքը գնում է հազարավոր հայերի արյան գնով ազատագրված տարածքները փոխզիջման առարկա դարձնելու մասին: Այստեղ գործնականում չկա որևէ փաստարկ, որը կարող է հիմնավորել վերադարձ-փոխզիջումը: Հազարավոր հայաստանցիներ, արցախցիներ, սփյուռքահայեր իրենց կյանքն են տվել ամեն մի մետր տարածքի համար, որի շնորհիվ ամրապնդել են Հայաստանի և Արցախի թե՛ ռազմա-քաղաքական անվտանգությունը, թե՛ բարոյահոգեբանական ամրությունը` հպարտությունը, ինչը չափազանց կարևոր գործոն է պետականաշինության գործընթացը բարձր ինքնագնահատականով և ոգևորությամբ իրականացնելու համար: Այլ կերպ ասած՝ հազարավոր հայերի գնով ապահովվել է պետականաշինության գործընթացի թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ բարոյահոգեբանական ամուր հենարան:

Ու թեև անցնող 25 տարիների ընթացքում պետականաշինության գործը տվել է լրիվ այլ` խեղված արդյունք, այդուհանդերձ դա ոչ մի կերպ չի նսեմացնում այդ հենարանի արժեքը, կշիռը և ոչ միայն չի նվազեցնում պահպանման անհրաժեշտությունը, այլ բազմապատկում է: Եվ այդ տեսանկյունից, երբ գալիս ենք նաև երկրորդ հարթությանը` ռազմա-քաղաքական բաղադրիչին, ապա այստեղ թեև փոխզիջման դեմ կամ կողմ փաստարկները քննարկելի և բանավիճելի են, այդուհանդերձ բավական տեսանելի է, որ փոխզիջման հանգամանքը խիստ չափազանցված է, քանի որ հստակ չէ, թե ով է կատարում այդ փոխզիջումը, ինչ սուբյեկտ է այն կատարում:

Ապրիլյան պատերազմն ակնհայտորեն փոխել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության բոլոր շերտերի զարգացման դինամիկան, բնույթը, տրամաբանությունը, բայց Տեր-Պետրոսյանին ունակ չի եղել փոխել։ Երեկվա ելույթը ահազանգ է այն մասին, որ քառօրյա պատերազմը նրա մտածողության, պատկերացումների, պատասխանատվության, հանրային շահի և պետական անվտանգության խնդիրների գնահատման հարցում նրա մտածողության վրա որևէ հետք չի թողել։

Նախ՝ Տեր-Պետրոսյանի պնդումը, թե ղարաբաղյան կարգավորումը հնարավոր է բացառապես փուլային կարգավորման ճանապարհով, բանակցային գործընթացը վերստին փուլային-փաթեթային շրջանակում պարփակելու հեռանկար է հետապնդում, որը մարտահրավեր է դիվանագիտական, քաղաքական, հասարակական և քաղաքացիական հանրույթին և Հայաստանին ընդհանրապես: Պետք է ցավով արձանագրել, որ ապրիլյան ֆորս-մաժորը կենդանացրել է Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան ծրագիրը:

Ապրիլյան պատերազմից հետո, մենք հույս ունեինք, որ հիմնադիր նախագահը, համենայնդեպս, կցուցաբերի մինչ այդ դավանած մտածողության, պատկերացումների, աշխարհայացքի և գաղափարական ու արժեքային կողմնորոշումների փոփոխության համոզիչ միտում: Դա ոչ միայն տեղի չի ունեցել այլև ըստ էության Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան մոտեցումներն ավելի «օրթոդոքս» են դարձել։ Դա հիմք է տալիս եզրակացնել միայն, որ օրակարգում պետությունը չէ, այլ ընդամենը առաջիկա ընտրություններից առաջ իշխանության հետ ամեն գնով գործարքն ու վերարտադրությունը: Սա այն գլոբալ շահն է, որը պահել և պահում է համակարգը՝ անկախ տարբեր տարաձայնություններից և անգամ դրանց շարքում նաև հանրային և պետական խնդիրներին վերաբերողներից, այդ թվում որոշ դեպքերում թեկուզ միանգամայն անկեղծ մղումներով։

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: