«Հիլ արեք՝ սպանեմ դրան…». Հաղարծինցի Գագիկը կրակել է, որ սպանի «հուներից հանած» համագյուղացուն

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Գագիկ Պետրոսյանի գործի դատական քննությունը:

51-ամյա հաղարծինցի Գագիկ Պետրոսյանը մեղադրվում էր համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Գագիկ Պետրոսյանը Հաղարծին գյուղի գյուղամիջում՝ խանութի մոտ, «TO3-8» մոդելի 5,6 մմ տրամաչափի որսորդական հրացանով նշան բռնելով՝ համագյուղացի Տիգրան Թամրազյանի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ ու կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա ուղղությամբ, պատճառել է ձախ ուսի շրջանում մարմնական վնասվածք: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ համագյուղացի Արմեն Գրիգորյանի միջամտությունից հետո, սպանելու դիտավորությունը Պետրոսյանն ավարտին հասցնել չի կարողացել:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Պետրոսյանը, չունենալով հրազեն պահելու, կրելու թույլտվություն, եղբոր մահից հետո շուրջ քսան տարի վերջինիս պատկանող՝ վերը հիշատակված որսորդական հրացանը առանց օրինական հիմքերի, ապօրինի պահել է իր տան տանիքում:

Առաջադրված մեղադրանքում Գագիկ Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 27-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հաղարծին գյուղում հանդիպել է համագյուղացի Տիգրան Թամրազյանին, որոշել են իրար հետ հաց ուտել ու օղի խմել:
Պապական տան մոտ գտնվող կլոր քարի շուրջ հավաքվել են համագյուղացիներ Արմենը, Կարենը, Սարիբեկը, Տիգրան Թամրազյանն ու ինքը: Հացկերույթի ժամանակ ինքը Տիգրանի հետ վիճել է, Տիգրանը ծեծել է իրեն:

Այդ հանգամանքից վիրավորված՝ ինքը գնացել է տուն, տանիքում պահած հրացանը՝ մեկ փամփուշտով լիցքավորված, վերցրել ու գնացել է գյուղամեջ՝ Տիգրանին սպանելու:

Տիգրանին հանդիպելով գյուղի կենտրոնական փողոցում՝ հրացանը պահել է նրա ուղղությամբ, սպանության սպառնալիքներ է տվել, պահանջել է, որ համագյուղացի Արմենը հեռու կանգնի ու իրեն չխանգարի՝ Տիգրանին սպանելու ժամանակ:

Բայց Արմենի միջամտությամբ քաշքշոց է սկսվել, ու հրացանից պատահաբար կրակոց է արձակվել: Վիրավորվել է Տիգրան Թամրազյանի ուսը:

Տուժող Տիգրանը հայտնել է, թե կլոր քարի շուրջ եղած հացկերույթի ժամանակ ինքը վիճաբանել է Գագիկ Պետրոսյանի հետ, հարվածել ու քաշքշել է նրան:

Գիշերվա ժամը երկուսի սահմաններում ինքը Հաղարծին գյուղի գյուղամիջում համագյուղացի Արմեն Գրիգորյանի հետ զրուցում էր: Անսպասելիորեն տեսել է, որ Գագիկը հրացանով իրեն նշան բռնած՝ մոտենում է: Նա սպանության սպառնալիքներ տալով՝ մոտ 5 մետրից կրակել է: Կրակոցի ժամանակ Արմենը հրել է Գագիկին, և ինքը ձախ ուսի շրջանում վնասվածք է ստացել:

Կրակոցից հետո Գագիկը բարձրաձայն ասել է. «Չկպավ, էդ խի՞ չկպավ, հիլ արեք՝ սպանեմ, թողեք սպանեմ»:

Իր վնասվածքը վիրակապել է համագյուղացի բուժքույր Աշխենը:

Վկա Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ ինքը հնարավոր կրակոցը կանխելու համար հրել է հրացանով մոտեցած ու Տիգրանին սպառնացող Գագիկին: Վերջինս կրակել ու վիրավորել է Տիգրանի ուսը…

Պապական կլոր քարի շուրջ եղած հացկերույթի մասնակից, գործով վկա Սարիբեկը հայտնել է, որ հացկերույթի ժամանակ Գագիկն ու Տիգրանը վիճել են, ինքը բաժանել է նրանց ու գնացել է տուն: Հաջորդ օրն իմացել է, որ Գագիկը կրակել է Տիգրանի ուղղությամբ, ուսի շրջանում նրան պատճառել է վնասվածք:

Դեպքից մեկ շաբաթ անց Գագիկը պատմել է, թե Տիգրանն իրեն «հուներից հանել է», այդ պատճառով ինքը կրակել է նրա վրա: Դեպքից 20 օր հետո հանդիպել է Տիգրանին, նրա ուսի շրջանում տեսել է կարմրած վերքը: Տիգրանը դեպքի մասին պատմելիս ասել է. «Գագիկն ա կրակել, քիչ էր մնում, որ ինձ սպաներ, ու էրեխեքս որբ մնային»:

Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության ներկայացված որսորդական-սպորտային հրացանը պիտանի է կրակոցների համար, ձևափոխությունների ենթարկված չէ, հանդիսանում է ակոսափող հրազեն: Այն միալից է՝ լիցքավորվում է մեկ հատ փամփուշտով:

Գագիկ Պետրոսյանի մասնակցությամբ նախաքննության ժամանակ կատարվել է քննչական փորձարարություն: Գագիկ Պետրոսյանը ցույց է տվել, թե որտեղ ու ինչպես է կրակոց արձակել Տիգրան Թամրազյանի վրա:

Նա Հաղարծին գյուղի «Երկաթգծի տարածք» կոչվող հանդամասում ներկայացրել է որսորդական ակոսափող հրացան ու հայտարարել է, թե դրանով է կրակել Տիգրան Թամրազյանին:

Դատարանը հաստատված է համարել Գագիկ Պետրոսյանի մեղքը՝ մեղսագրված արարքի համար: Հաշվի է առել, որ ամբաստանյալը հաշտվել է տուժողի հետ, վերջինս բողոք, պահանջ չի ներկայացրել:

Գագիկ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի 1 ամիս ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 9-ից:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը
  • Թրամփը հայտարարում է երկրի միջուկային զինանոցը հզորացնելու մտադրության մասին
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները
  • Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Comments
Loading...