Ումն է Հայաստանի կեսը

Հայաստանի արտաքին պարտքը 2017 թվականին կմոտենա 6 միլիարդ դոլարի շեմին, իսկ Հայաստանը շարունակում է նորանոր պարտքեր կուտակել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անձնական հարստությունն առաջիկայում ավելանալու է, որովհետև պետական արտաքին պարտքը Հայաստանում կատարում է շատ պարզ գործառույթ՝ այդ պարտքն ըստ էության լրացնում է այն, ինչը իշխանությունը տանում է իր անձնական գրպանը պետական կամ հանրային միջոցներից: Եվ եթե պարտքը ավելանալու է, կնշանակի՝ ավելանալու է նաև այդ միջոցներից անձնական գրպան գնացող գումարների ծավալը: Այսինքն՝ շատ պարզ ու հստակ բանաձև է:

Իսկ դրա դիմաց արդեն իր անձնական միջոցներից վճարելու է Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին, քանի որ արտաքին պարտքը մարելու են քաղաքացիները իրենց միջոցների վճարումներից կազմված բյուջեից՝ հետագա տարիների ընթացքում: Այսինքն՝ որքան ավելանա արտաքին պարտքը ՀՆԱ-ի համեմատ, այդքան պարզ է, որ պետությունը սկսում է վերցրած վարկի համեմատ ավելի քիչ բարիք ստեղծել: Իսկ եթե պետությունը ավելի քիչ է բարիք ստեղծում, ապա կա՛մ հայտարարվում է անվճարունակ, այսինքն՝ դեֆոլտ է հայտարարվում, կա՛մ էլ պարտքը մարելու համար ավելի ու ավելի մեծանում է քաղաքացիների վրա դրվող հարկերի ու տուրքերի բեռը:

Նաև այդ նկատառումից ելնելով է, որ կառավարությունը անցյալ տարի մոտավորապես այս նույն ժամանակահատվածում բացասաբար գնահատեց ու մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքները գանձելն արգելելու վերաբերյալ:

Կառավարության համար շատ կարևոր է, որ քաղաքացիների գրպանից փողերը հնարավորինս արագ, անարգել, առանց ավելորդ քաշքշուկի, ավելորդ ժամանակ ու ռեսուրսներ խլելու հայտնվեն պետական գանձարանում:

Քանի դեռ Հայաստանում մեծանում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, կառավարությունն ավելի ու ավելի պետք է մեծացնի քաղաքացիներից տարատեսակ պատճառներով ու առիթներով գանձվող գումարների և՛ ծավալը, և՛, այսպես ասած, դրանց հոսքն ապահովող խողովակի լայնությունը:

Ահա այն իրողությունը, որ կա ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության թվերի հետևում, որոնք գուցե առերևույթ Հայաստանի շարքային քաղաքացիներին ըստ էության ոչինչ չեն ասում, թվում են հեռավոր մակրոտնտեսական ցուցանիշ, որը կապ չունի «հացի խնդրի» հետ: Մինչդեռ ունի, այն էլ՝ ուղիղ կապ, և այդ խնդրի լուծումը բարդանալու է ուղիղ համեմատականով այն ցուցանիշների հանդեպ, որոնցով ներկայումս չափվում է ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը:

Իրավիճակը հար և նման է այն դեպքին, երբ ընտանիքի հայրն իր եկամտի 50 տոկոսը ծախսում է զուտ անձնական կարիքների համար՝ այն դեպքում, երբ ընտանիքն ապրում է պարտքով: Ու որքան հայրը մեծացնում է իր անձնական զվարճանքի ծախսերը, այդքան մեծացնում է արտաքին պարտքը՝ արդեն ամբողջ ընտանիքին պատկանող գույքի, այսպես ասած, գրավադրմամբ: Արդյունքում հայրն ի վերջո ընտանիքի հաշվին իր կուտակած անձնական միջոցներից կապահովի իր անհոգ ապագան՝ այն դեպքում, երբ ընտանիքը ստիպված կլինի հայտնվել փողոցում:

Ահա այն, ինչ ըստ էության տեղի է ունենում այսօր Հայաստանում: Եթե ՀՆԱ արտաքին պարտքը 2017 թվականին մոտենալու է վեց միլիարդ դոլարին, դա, կոպիտ հաշվով, նշանակում է, որ Հայաստանի ՀՆԱ կեսն արդեն Հայաստանինը չէ: Եվ եթե նկատի առնենք նաև, որ այդ իրավիճակը Հայաստանի առնվազն կեսը մսխելու հետևանք է, ապա շատ շուտով կգնա նաև Հայաստանի ՀՆԱ կեսի կեսը՝ Հայաստանին թողնելով ՀՆԱ-ի մեկ քառորդը, առայժմ:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...