Latest 10 episodes

Իշխանության պրագմատիզմն ու հասարակության իդեալը

Դժվար է պատկերացնել որևէ պետություն, որն ունենա այդքան ակնառու տնտեսական, քաղաքական, ռազմական մարտահրավերներ, որն ունենա ներքին ու արտաքին այդքան սպառնալիքներ, խնդիրներ, միաժամանակ ունենա այդքան անբովանդակ քաղաքական կյանք, ներքաղաքական դատարկ գործընթաց:

Այդ անբովանդակության և դատարկության հարցում համոզվելու համար բավական է հետևել, օրինակ, խորհրդարանական ելույթներին, լրագրողների հետ «բացառիկ» հարցազրույցներին և ճեպազրույցներին, դրանցում արտահայտվող կարծիքներին, քննարկվող թեմաներին: Իսկ խորհրդարանը և դրանում ընդգրկված ուժերը, ենթադրվում է, որ պետք է լինեն յուրաքանչյուր երկրի քաղաքական «բոմոնդը», կորիզը, որից պետք է սկզբնավորվեն քաղաքական նոր պտուղներ և համ տան հասարակության ու պետության կյանքին:

Քաղաքականությունը որևէ երկրում հրեշտակների զբաղմունք չէ, դրանով բյուրեղյա մաքրության կերպարները չէ, որ զբաղվում են: Սակայն խնդիրն այն է, թե քաղաքականությամբ զբաղվողների անձնական շահերի սպասարկման և հասարակական շահերի համադրության ինչպիսի աստիճանի հասարակական պահանջ կա տվյալ երկրում: Այդ պահանջից է կախված, թե քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք իր անձնական հարցերը լուծելու համար ինչքանով է ստիպված լուծել հանրային հարցեր, գոնե արծարծել հասարակությանը հուզող կոնկրետ խնդիրներ:

Վերջին հաշվով, հասկանալի է, որ ինչպես ցանկացած մասնագիտական գործունեության ոլորտում, այդպես էլ քաղաքական ասպարեզում ոչ բոլորն են ներգրավվում համամարդկային կամ թեկուզ համապետական ինչ-որ երազանքների ու տեսլականների իրականացման անհագ և ինքնամոռաց, անձնուրաց ձգտումով: Բոլոր երկրներում էլ այդպիսիք քիչ են: Դրա համար էլ ստեղծվում են մեխանիզմներ, որոնք ապահովում են այնպիսի միջավայր, որ անգամ պատեհապաշտներին ստիպում է գոնե նվազագույն իմաստով կոնկրետ ծառայություն մատուցել հասարակական և պետական շահերին, քանի որ առանց դրա տվյալ գործիչը ոչ միայն չի կարող իր անձնական խնդիրները լուծել, այլ նույնիսկ անձնական շատ լուրջ խնդիրներ կարող է ունենալ: Հայաստանում, ահա, այս մեխանիզմը իսպառ բացակայում է:

Իհարկե, շատ կարևոր է փնտրել գործիչներ, որոնք կունենան երազանք, կունենան համազգային, առավել նախընտրելի և իդեալական տարբերակում՝ համամարդկային իղձեր, ձգտումներ, տեսլականներ, որոնք հանրային գործունեության ոլորտը, տվյալ դեպքում քաղաքականությունը կդիտարկեն որպես հասարակությանը, մարդկությանը, քաղաքակրթությանը ծառայելու միջոց՝ չհետապնդելով նյութական որևէ առաջնային նպատակ: Եվ հատկապես Հայաստանի պարագայում քաղաքականությունն այնքան է ներծծված անձնապաստաններով ու պատեհապաշտներով, այնքան է թաթախված նյութապաշտության, գույքային, առևտրային առաջնահերթությունների գերակայության մթնոլորտում, որ «բյուրեղյա» մարդիկ դառնում են կենսական անհրաժեշտություն:

Սակայն միգուցե նաև այստեղ է Հայաստանի քաղաքական խնդիրների արմատներից մեկը, միգուցե ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հասարակությունը առավել հանրօգուտ, առավել հաշվետու և արդյունավետ քաղաքական կյանքի որոնումներում ընկնում է իդեալիզմի գիրկը, փնտրում է իդեալ, առավել կենսունակ պարզ մեխանիզմների փոխարեն: Եվ միգուցե այդ պատճառով էլ հասարակության փնտրտուքը արդյունք չի տալիս և էապես որևէ կերպ չի կարողանում հակադրվել իշխանական համակարգի պրագմատիզմին:

Ի տարբերություն հասարակության՝ իշխանական համակարգը ոչ թե իդեալներ է փնտրում՝ թեկուզ արատավոր կառավարման համար իդեալական պայմաններ ստանալու համար, այլ ուղղակի փնտրում է հնարավորի մեխանիզմներ:

Հասարակությունը իդեալի փնտրտուքի մեջ է՝ կամա, թե ակամա, գիտակցորեն, թե ենթագիտակցորեն: Այդ փնտրտուքը շարունակվում է անվերջ, իսկ արդյունք՝ չկա: Ընդ որում՝ իդեալի փնտրտուքն այնքան է կլանում հանրությանը, որ երբ դրա ընթացքում հաճախ կամա, թե ակամա հանգում են որևէ մեխանիզմի և անգամ ստանում դրա փոքր էֆեկտը, կամ երբ կյանքի արդիականացումը մատուցում է հասարակական գործունեության համար նպաստավոր նոր տեխնոլոգիաներ, հասարակությունն իդեալի փնտրտուքի իներցիայով անցնում է այդ հանգրվանների և նոր տեխնոլոգիական հնարավորությունների վրայով և մնում անարդյունավետ ընթացքի մեջ:

Այդ իրողությունը խորացնում են և հանրային ինքնագիտակցությունը ճահճացնում են քաղաքական ուժերի զգալի մասը, մեծ մասը, որոնք ներքաղաքական դիսկուրսը շարունակաբար պահում են հենց լավի ու վատի, հերոսի և դավաճանի, անկաշառի և ծախուի հարթության վրա, հանրության հետ երկխոսությունը և իրենց գործունեության բովանդակությունը հանգեցնում են ոչ թե կոնկրետ խնդիրների և լուծումների մեխանիզմի քննարկման, այլ ամեն ինչ շարունակաբար բերում են նրան, որ իշխանության գործիչները վատն են, իսկ իրենք՝ ընդդիմադիր գործիչները, ավելի լավը, ազնիվը, հոգատարը, պետականամետը և այլն: Եվ միգուցե դա այդպես է, վիճահարույցը այդ բաժանումը չէ: Վիճահարույցը այդ բովանդակությամբ քաղաքական գործունեության արդյունավետությունն է հասարակության և պետության համար, որի արդյունքում հանրությունը մնում է իդեալի, այսինքն՝ լավի, ավելի լավի, լավագույնի շարունակական փնտրտուքի մեջ՝ թողնելով մեխանիզմ որոնելու ավելի կարևոր գործը:

Մեխանիզմ, որի պարագայում արդեն հասարակությունը, քաղաքացին ոչ թե սպասում են, թե որն է այն լավ գործիչը, որ առավել հոգատար, ուշադիր, բծախնդիր պետք է լինի հասարակական և պետական կոնկրետ խնդիրների հանդեպ, այլ իրենք են ստիպում անգամ ներքուստ սրիկային, որ թեկուզ իր անձնական խնդիրները հարկադրված լինի լուծել հասարակական խնդիրները լուծելու միջոցով: Այս մեխանիզմն է բերել առաջատար պետությունների կայուն առաջընթացի և հաստատուն հասարակական և պետական կառավարման ինստիտուտների կայացման, որոնք էլ երկրորդական են դարձրել անձերի խնդիրը, ավելորդ են դարձրել լավի ու վատի փնտրտուքը, իդեալականի փնտրտուքը՝ հասարակական և պետական առաջընթացը դուրս բերելով այդ կախվածությունից:

Հայաստանի հասարակությունը կա՛մ ինքը կբերի արդիական և առարկայական բովանդակություն ներքաղաքական կյանք, կա՛մ այդ կյանքը միշտ կմնա բովանդակազուրկ, քանի որ քաղաքական դասի մեծ մասը շահագրգռված չէ դրանում ըստ էության, քանի որ առարկայական բովանդակությունը պատասխանատվություն է, ինչը որևէ մեկին պետք չէ, և ոչ ոք միամիտ չէ՝ լավ, թե վատ, այդ պատասխանատվության տակ կամավոր մտնելու համար:

Today's most read news !
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Ընկերական հավաքույթներ․ Քիմ Քարդաշյանն ու Նաոմի Քեմփբելը հանդիպել են Նյու Յորքում
Comments

Name: