Latest 10 episodes

Ով տվեց բանալին Ռուսաստանին

Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է, հանրային շրջանում բավական աղմուկ հանած իր ելույթում հայտարարեց ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկնելով ավելի վաղ արտահայտած իր այդ միտքը: Նա կրկնել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման իր մոտեցումը, որ հրապարակել էր դեռևս 1997 թվականին: Մեծ հաշվով, դա, իհարկե միայն Տեր-Պետրոսյանի մոտեցումը չէ: Այն դավանել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը` որի նախագահության տարիներին Հայաստանը հավանության է արժանացրել Մադրիդյան սկզբունքները, թե՛ Սերժ Սարգսյանը` որի նախագահության տարիներին Հայաստանը հավանության է արժանացրել ռուսական Կազանյան պլանը: Երեք նախագահների միջև բանավեճն ըստ էության եղել է միայն շրջանների քանակի` հանձնման ենթակա, և դրա դիմաց ստանալիքի այսպես ասած՝ իրավական «ամբողջականության» շուրջ: Փիլիսոփայության առումով, Հայաստանի անկախության ընթացքում իշխանության որևէ կոնֆիգուրացիայի պարագայում չի եղել կարգավորման վերաբերյալ սկզբունքային տարբերություն: Տարածվել է իհարկե այնպիսի մտայնություն, որ խոսելով փոխզիջումների մասին, հայտնելով պատրաստակամություն, Հայաստանի իշխանությունները, հատկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ընդամենը մանևրել են, լավ գիտենալով, որ Ադրբեջանը մշտապես պահանջելու է ամբողջը: Ի դեպ, այս մասով իհարկե դիտարկվում է Քոչարյանի և Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի միջև մի տարբերություն, առ այն, որ Տեր-Պետրոսյանը անկեղծորեն հավատացել է իր տարբերակին և դրա իրատեսականությանը` ձգտելով հասնել հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատման, իսկ Քոչարյանն ու Սարգսյանը փորձել են ժամանակ շահել և պահել ստատուս քվոն: Իրականում Հայաստանը ժամանակ կորցրել է, սակայն ոչ թե ստատուս-քվոն փոխելու և կարգավորման պատեհ բահեր բաց թողնելու իմաստով` ինչպես ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ Հայաստանի գլխավոր ռեսուրսը իրացնելու, իրականություն դարձնելու: Դա ժողովրդավարական, արդիական, համաշխարհային կյանքին ինտեգրված պետության մոդելն է, որի հույսը Հայաստանը ներշնչում էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում` հանդիսանալով հետխորհրդային հանրապետությունների գրեթե անվիճելի առաջատարը, սակայն հուսախաբ անելով թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային հանրությանը անկախության առաջին իսկ տարիներից սկսած:

ԽՍՀՄ փլուզման գործընթացում Հայաստանը հանդիսանում էր լոկոմոտիվ, իր ժողովրդավարական հեռանկարներով, այդ իմաստով առաջադիմությամբ գերազանցելով նույնիսկ Մերձբալթյան հանրապետություններին: Այդ հանգամանքը Հայաստանին տվեց էական առաքելություն և միջազգային լեգիտիմություն նաև արցախյան շարժման ու պատերազմի ընթացքում, իրավական հիմնավորումից բացի՝ հայկական դիրքերը հագեցնելով նաև քաղաքական ու քաղաքակրթական հիմքերով: Արցախի հակամարտության կարգավորման բանալին Հայաստանի ձեռքում էր, և մինչև այժմ էլ Հայաստանի ձեռքում է: Պարզապես Հայաստանը հանձնեց կամ դեն նետեց այդ բանալին, օրինակ՝ առաջին իսկ կեղծված ընտրությամբ, ընտրակեղծարարության ինստիտուտի ներդրմամբ, քաղաքական այլակարծության, մրցակցության համակարգի ներդրման փոխարեն ռազմա-ֆեոդալական իշխանական համակարգի ձևավորմամբ, հետո արդեն դրա բյուրեղացմամբ, այդ հենքի վրա քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորմամբ, ընտրակեղծարարության մեքենայի կատարելագործմամբ, ինչի հետևանքով տարեցտարի Հայաստանի ինքնիշխանությունը նվազեց այն աստիճան, որ Հայաստանի փոխարեն որոշումներ սկսեցին կայացվել Մոսկվայում: Հայաստանն ինքն է բանալին տվել Մոսկվայի ձեռքը` բայց ոչ թե կարգավորման, այլ շանտաժի բանալին, որ գործադրվում է Հայաստանի հանդեպ արդեն մի քանի տարի: Կարգավորման բանալին Հայաստանի ձեռքում է, և Ապրիլյան պատերազմն էլ վկայեց դա: Խնդիրը այն է, որ Հայաստանի ձեռքի այդ բանալին ժանգոտել է անգործությունից, փոխարենը աշխատում է Ռուսաստանի ձեռքում գտնվող շանտաժի բանալին, որով Հայաստանին պարտադրվում են «անշրջելի» հռչակվող որոշումներ, իսկ դրանց դեմ հանդես եկողները հռչակվում են «մարգինալներ»: Հայաստանի իշխանությունները, կարգավորման իրենց «փոխզիջումային» փիլիսոփայությամբ, մշտապես գործունակ են պահել ՌԴ ձեռքի այդ բանալին, որով Ռուսաստանը կարողացել է ղարաբաղյան խաղաքարտը խաղարկել տարածաշրջանային քաղաքականության «մրցունակության» համար` Արևմուտքի դեմ:

Հայաստանի իշխանությունը երկու տասնամյակ շարունակ յուղել է այն «կողպեքը», որի մեջ պետք է աշխատացնի Ռուսաստանն իր բանալին: Դա կարգավորման, առավել ևս խաղաղության բանալի չէ: Այդպիսին լինելու դեպքում Ռուսաստանը վաղուց էր հասել դրան: Դա հավերժական պատերազմի բանալին է, որի կողպեքը «յուղվում» է հենց Հայաստանում խաղաղասիրական այդօրինակ բանաձևերի գեներացիայով, որոնք իրականում կապ չունեն խաղաղության հետ, այլ ընդամենը իրենց գոյությամբ և պարբերական ակտիվացումով նպաստում են հակառակ կողմում էլ ագրեսիայի ակտիվացմանը: Դրա վկայությունը անցնող երկու տասնամյակն ու Ապրիլյան պատերազմն է, որին հանգեցին այդ երկու տասնամյակներն ու որի դուռը բացեց «շանտաժի» ռուսական բանալին: Դրանից չի բխում, որ Հայաստանը պետք է պատերազմ քարոզի: Պարզապես Հայաստանը պետք է պետություն կառուցի`հայկական պետականության մի մասի հաշվին «խաղաղասիրություն» քարոզելու փոխարեն: Խաղաղության բանալին հայկական պետությունն է` քաղաքակիրթ աշխարհի արժեքներին համահունչ, արդիական, իրավական, ինքնիշխան պետությունը:

Today's most read news !
  • Ելենա Արշակյան.«Գեւորգը լուրջ վնասվածք ունի, որը սերիալում ցույց չենք տալիս»
  • Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի
  • Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա
  • Երկար դադարից հետո Սոնան Միշոյի հետ լուսանկար է հրապարակել
  • Ժանտախտ խրախճանքի հետևանքով
  • Պատգամավորը «արհեստական» է համարում Կրթության և գիտության նախարարության որոշումը
  • Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը
  • ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակության կողմից անդրադարձ կլինի դիվերսիոն ներթափանցմանը և Լապշինի գործին
Comments

Name: