Latest 10 episodes

«Մի բուռ հալով մարդ ա սպանել…». 16-ամյա անօթևան Սերյոժան կռվել է 2 տղամարդու հետ, մեկին սպանել, մյուսին` ծանր վիրավորել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:

Սերյոժան 16 տարեկան է: Նրան մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Դատական նիստի վերաբերյալ հնարավոր չէր եղել ծանուցել անչափահասի մայրիկին, ով տվյալ գործով ամբաստանյալի օրինական ներկայացուցչի կարգավիճակն ունի: Նախաքննական  միայն մեկ գործողության է մասնակցել ամենածանր հանցագործության համար մեղադրվող պատանու մայրը, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Այդ պատճառով գործով ներգրավվել է ևս մեկ օրինական ներկայացուցիչ՝ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբան Լիդա Շահինյանը:

Ամբաստանյալը նշեց, որ մոր գտնվելու վայրն իրեն ևս հայտնի չէ: Իրենց գյուղական տունը վաղուց են վաճառել, մնացել են անտուն: Մայրը կալանքի տակ գտնվող անչափահաս որդու հետ կապ չի պաշտպանում…

Անչափահաս ամբաստանյալի անձի ճշտման ժամանակ հայտնի դարձավ հետևյալը. տղան ծնվել է 2000 թվականին Սայաթ-Նովա, նախկինում՝ Նոր Կեսարիա գյուղում: Սովորել է մինչև 5-րդ դասարանը: Մշտական բնակության  վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է պատահական շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր: Տղան չհասկացավ «ամուսնալուծված» բառը, ասաց, թե ծնողները «ամուսնալուծված են», ապրում են իրար հետ, հարցը նորից տրվեց՝ ծնողներդ բաժանվա՞ծ են: Տղան թեթևակի ժպտալով ասաց՝ չէ, իրար հետ են ապրում, բայց որտեղ են՝ տեղեկություն չունեմ…

Այս գործով դատարանը չի կարողանում ծանուցել նաև տուժող Լևոն Ս.-ին, ով բնակության մշտական վայր չունի, դեպքի պահին նույնպես չի ունեցել, անօթևան է եղել, գիշերել է Հրազդանի կիրճում…

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան գիշերել է Հրազդանի կիրճում, դեպքի օրն այնտեղ էլ ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:

Ընդ որում՝ տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ են մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:

Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:

Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու սկսել է հարվածել Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:

Մյուս տղամարդը՝ Արսեն Պ.-ն, տեսնելով, թե Սերյոժան ինչպես է Լևոնի գլխին հարվածներ հասցնում քարով, փորձել է միջամտել: Սերյոժան իր ողջ ցասումը պարպել է Արսենի վրա՝ նրան հարվածներ հասցնելով քարով ու ձեռքով: Քարով հիմնականում հարվածներ է հասցրել Արսենի գլխին ու, ըստ մեղադրանքի, դիտավորությամբ նրան սպանել է տեղում: Արսենի գլխի շրջանի այնքան վնասվածքներ էին թվարկված մեղադրական եզրակացության մեջ, որ կարելի է ասել՝ 16-ամյա տղան քարով ուղղակի ջախջախել էր իրենից երեք անգամ մեծ տղամարդու գլուխը:

Մեղադրող դատախազ Հ. Չախոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Անչափահաս ամբաստանյալը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:
Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը. կհարցաքննվի տուժող Լևոն Ս.-ն՝ երբ հաջողվի նրան հայտնաբերել, վկաները, որոնցից մեկի վերաբերյալ դատարանն արդեն կայացրեց բերման ենթարկելու որոշում, քանի որ նա մի քանի նիստ է՝ չի ներկայանում: Կհետազոտվեն քրեական գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, վերջում կհարցաքննվի դիրքորոշում չհայտնած անչափահաս ամբաստանյալ Սերյոժան:

Դատարան էր ներկայացել սպանված Արսեն Պ.-ի իրավահաջորդը՝ մայրը: Նա շատ դառնացած էր, նախաքննության ժամանակ չի հարցաքննվել, չցանկացավ ցուցմունք տալ նաև դատարանում: Միայն նայելով ամբաստանյալին՝ ասաց. «Իրա մի բուռ հալով մարդ ա սպանել, իրա պատիժը պիտի ստանա…»:

Նիստի ավարտից հետո սպանվածի մորաքույրն ասաց, թե Արսենը թափառաշրջիկ չի եղել: Նա ժամանակին սովորել ու ավարտել է ֆիզկուլտինստիտուտը: Ամուսնացած է եղել: Դատական նիստին եկել էր նաև Արսենի նախկին կինը: Արսենը երկու որդի ունի, մեկը 23 տարեկան է, մյուսը ամբաստանյալ Սերյոժայի տարիքին է՝ 16 տարեկան… Հարազատներն ասացին, թե Արսենը Հրազդանի կիրճում չի ապրել, նա բնակության վայր ուներ…

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն տուժողը, վկաները՝ ում ներկայությունը որ հնարավոր լինի ապահովել…

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: