ԱՄՆ-ն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն

Armtimes.com գործակալությանը տված հարցազրույցում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ խոսելով Հայաստանի տնտեսական ներուժի մասին: Միլզը հայտարարել է, որ Հայաստանի ներուժը լիարժեք բացել հնարավոր չի լինի, եթե գոնե առևտրային հարաբերության համար չբացվի հայ-թուրքական սահմանը:

ԱՄՆ-ը, իհարկե, մշտապես հանդես է եկել այդ սահմանի բացման դիրքորոշմամբ, թեև, անկասկած, դժվար է գտնել որևէ աշխարհաքաղաքական կենտրոն, որը չարտահայտեր նման դիրքորոշում՝ առնվազն առերևույթ: Հարցը, իհարկե, այն է, թե որ կենտրոնն ինչ պարագայում և պայմաններում, այսպես ասած՝ ինչ գնով է տեսնում այդ սահմանի բացումը: Հոկտեմբերին, օրինակ, երբ Հայաստանում անցկացվում էր ՀԱՊԿ վեհաժողովը, ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ խոսեց սահմանի բացման հեռանկարի մասին, սակայն՝ Արցախում Հայաստանի փոխզիջման գնով:

Խնդիրը ներկայումս բավական ուշագրավ երանգավորում կամ ուրվագիծ է ստացել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթից հետո, որ հնչեց ՀԱԿ համագումարում: Լևոն Տեր-Պետրոսյանը կրկնեց իր հայտնի մոտեցումը՝ Արցախյան հարցի կարգավորման փոխզիջումային փուլային տարբերակի մասին, շղթայաբար նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա այդ տարբերակի ազդեցության մասին: Դա, ըստ էության, այն մոտեցումն էր, որ հոկտեմբերին Երևանում արտահայտել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը:

Տեր-Պետրոսյանի հայտարարության առանցքը, իհարկե, այն էր, որ նա թե՛ Հայաստանի իշխանությանը, թե՛ Հայաստանի խորհրդարանական ընտրության հեռանկարով շահագրգռված կամ հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոններին ներկայացրեց օրակարգի իր հայտը կամ պատկերացումը, դրանում ՀԱԿ-ի դերը՝ հանդես գալ սպառազինության մրցավազքի դեմ, այսպես ասած՝ խաղաղասիրության օրակարգով, որի առանցքում, բնականաբար, փոխզիջումային փուլային տարբերակն է:

Երևի թե այս առաջարկին Ռուսաստանի կողմից արձագանքի սպասել պետք չէր, քանի որ իրականում Տեր-Պետրոսյանը դեկտեմբերին կրկնում էր հոկտեմբերին Երևանում հենց ՌԴ արտգործնախարարի արտահայտածի տրամաբանությունը: Իսկ ահա ԱՄՆ դեսպան Միլզի հարցազրույցն Armtimes.com գործակալությանը, հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հնչեցրած դիրքորոշմամբ, հնարավոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի ելույթ-հայտին  ԱՄՆ արձագանք:

Դեսպան Միլզի խոսքը վկայում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը դրական է վերաբերվում այդ հայտին՝ դիտարկելով այն իր պատկերացումների ծիրում, և թերևս դեմ չէր լինի, եթե այդ խնդիրը հանդիսանար հայաստանյան նախընտրական օրակարգի առարկա: Սակայն ուշագրավ է, որ դեսպանը շեշտադրում է սահմանի բացման «առևտրային» ռեժիմի հանգամանքը՝ այդպիսով թերևս ազդարարելով, որ բացման քաղաքական «ռեժիմի» մասով դիտարկվող տարբերակները ԱՄՆ-ի համար այդքան էլ ընդունելի չեն: Իսկ «քաղաքական ռեժիմի» առումով դիտարկվող տարբերակը հենց հայ-թուրքական հարաբերությունը Արցախի խնդրի կարգավորմամբ պայմանավորելն է՝ այն, ինչ արտահայտել էին հոկտեմբերին՝ Սերգեյ Լավրովը, իսկ դեկտեմբերին՝ Տեր-Պետրոսյանը:

Այդուամենայնիվ, նկատելի է, որ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հայտ, որն ընդհանուր առմամբ չի մերժվում կամ մերժելի չէ աշխարհաքաղաքական կենտրոնների համար՝ որպես հայաստանյան ներքաղաքական նախընտրական օրակարգի տարր:

Տվյալ պարագայում խնդիրն, իհարկե, դառնում է այն, որ հայաստանյան օրակարգն ինչպես երկու տասնամյակ, այնպես էլ այժմ կարիք ունի քաղաքական այլընտրանքների: Առայժմ այլընտրանքները ձևակերպվում են միայն ռազմահայրենասիրական էմոցիոնալ, պաթետիկ ձևաչափերով՝ մինչդեռ Հայաստանը պետություն է, և այլընտրանքները պետք է ստանան էմոցիաներից զերծ քաղաքական ձևակերպումներ Հայաստանի շահի և անվտանգության ներքաղաքական սպասարկումը առավել բարձր մակարդակի և արդյունավետության բերելու համար, որպեսզի շոշափվող մոտեցումները ոչ թե կրկնեն աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնում ձևակերպվածները, այլ հենց այդ կենտրոններին ներկայացնեն Հայաստանի ձևակերպումը:

Դա է Հայաստանում երկու տասնամյակի վաղեմության և ռիսկային, անհեռանկար և անգամ պրակտիկ քաղաքականության իմաստով երկու անգամ տապալված (Մոսկվայից ծնված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն ու ապրիլյան պատերազմը) մոտեցումներից ձերբազատվելու և դրանք նոր, համարժեք և հենց Հայաստանի շահն ու անվտանգությունը իրապաշտորեն, միջազգային քաղաքականությանը ադեկվատ տրամաբանությամբ արտահայտող հայեցակարգերով փոխարինելու ճանապարհը:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանը թիկունքից վտանգ է զգացել
  • Քոչարյան-Սարգսյան կոնսենսուսը ավարտվեց
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Քաղաքական մեյմուններից մինչև ընտրական որսորդներ, ամենամեծ ստերից մինչև ամենակարող դրայվներ
  • Զ. Փոստանջյանը դուրս եկավ "Ժառանգություն" խմբակցությունից
  • Վերջին կոալիցիայի վերջը
Comments
Loading...