Նախընտրական բևեռների հետընտրական ճակատագիրը

Այլևս երևի թե կասկածից վեր է, որ խորհրդարանի ընտրությանը չի ձևավորվելու, այսպես ասած, սև և սպիտակ դաշտ, գիծ չի քաշվելու սև և սպիտակ ուժերի միջև, և Հայաստանը գնում է բազմաբևեռ ընտրության ընդառաջ, որտեղ կլինեն ընտրություններում շոշափելի հավակնություն ունեցող մի քանի բևեռներ:

Առայժմ ուրվագծվում են արդեն իսկ առնվազն 4-5-ը՝ ՔՊ, ԼՊ և «Հանրապետություն» եռյակը, Սեյրան Օհանյանը, Գագիկ Ծառուկյանը՝ եթե իրականություն դառնա նրա քաղաքական վերադարձը, Լևոն Տեր-Պետրոսյանը և, իհարկե, ՀՀԿ-ն՝ ՀՅԴ-ի հետ դե յուրե կամ դե ֆակտո: Այդուամենայնիվ, այս իրավիճակը շատ ավելի բնական վիճակ է հայաստանյան ներքաղաքական իրականության համար, քան այն, ինչ պատկերանում է սև-սպիտակ բաժանարար գծի պարագայում:

Իրականում ներքաղաքական գույները բազմազան են՝ անկախ, իհարկե, դրանց որակական հատկանիշներից, և այդ բազմազանության պարագայում սև-սպիտակի ձևավորումը լինելու էր արհեստական գործընթաց, ինչը չի կարող ունենալ որևէ հանրօգուտ արդյունք: Հայաստանի ներքաղաքական գործընթացների, խոշոր հաշվով, քառորդ դար շարունակ անարդյունավետությունը թերևս աստիճանաբար կուտակվել է հենց այդ իրողության բերումով՝ իրավիճակի բնական բազմերանգությունն արհեստականորեն սև ու սպիտակի բերելու փորձերով, որոնք տվել են լոկ կարճաժամկետ էֆեկտներ կամ, ավելի շուտ, հանդիսացել են ընդամենը խաբկանք:

Հայաստանում ներքաղաքական որևէ մեթոդաբանության պարագայում արդյունավետության նվազագույն հեռանկար կարող է պարունակվել այն դեպքում, երբ ամբողջապես գիտակցվում են առկա բազմաթիվ բաժանարար գծերը, դրանց խորության աստիճանը և ըստ այդմ՝ շահերի այն համակարգը, որն արտացոլված է բաժանարար գծերի այդ հարաբերակցության մեջ:

Առանց շահերի այդ համակարգը հնարավորինս ամբողջական պատկերացնելու, դրանցով պայմանավորված վեկտորների ճյուղավորումները պատկերացնելու՝ հնարավոր չէ հասկանալ նույնիսկ սեփական հնարավոր համախոհների կամ համակիրների մոտավոր շրջանակը, այն թիրախային լսարանը, որին հնարավոր է ուղղել քաղաքական գործունեության մեսիջները:

Եվ այս իմաստով, եթե նախընտրական բազմաբևեռ գործընթացը օգնի դուրս գալ քաղաքականությունն արհեստական գունային ծայրահեղության վերածելու սպառված ցիկլից, արդեն իսկ կարող է ինչ-որ իմաստով դրական արդյունք համարվել հանրային շահի տեսանկյունից, որովհետև, մեղմ ասած, իրատեսական չէ կարծել կամ սպասել, որ զուտ ընտրական արձանագրվելիք արդյունքի հեռանկարում հանրային շահի դրական դրսևորում նշմարվում է:

Այս իրավիճակում առաջ է գալիս բազմաթիվ բևեռների, այսպես ասած, անեղծության հարցը կամ նորաձև տերմինաբանությամբ ասած՝ ֆեյք ընդդիմությունների հարցը, քանի որ իշխանությունից բացի՝ մնացյալ ուժերը, անկախ իշխանության հետ մոտ կամ հեռու կապերից կամ առնչությունից, կարծես թե հանդես են գալու ընդդիմադիր դիրքերից:

Հասարակությունն այս տեսանկյունից հայտնվելու է, իհարկե, բավականին աղմկոտ մի միջավայրում, որտեղ կողմնորոշումը գործնականում կդառնա, ամենայն հավանականությամբ, ոչ էֆեկտիվ: Այդ տեսանկյունից հասարակության համար երևի թե առավել նպաստավոր միջավայրը լինելու է հետընտրականը, երբ առավել հանգիստ պայմաններում հանրությունը կարձանագրի բոլոր բևեռների իրական արժեքը՝ կախված արդեն ընտրություններից հետո նրանց պահվածքից:

Կարևոր եզրակացությունները կարվեն այստեղ, քանի որ 2017-ի ընտրությունները մեծ հաշվով հանդիսանալու են Հայաստանի անցումային փուլի ընտրություններ, և դրանցում ձևավորվելու են կառավարման նոր մոդելի պայմաններում քաղաքական համակարգի ելակետերը: Հասարակությանը շատ կարևոր է լինելու չվրիպել հենց այդտեղ, քանի որ այդ վրիպումն արդեն կունենա առավել երկարաժամկետ և խորը համակարգային հետևանք:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: