Ընտրություն գահընկեց անելու և ֆիզիկապես ոչնչացնելու միջև

Նախօրեին «Ժամանակ»-ում լուր էր տպագրվել, թե Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջ օրակարգը համակարգվելու է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Օհանյանն, ըստ այդմ, լինելու է պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի առանցքը: Թերթը նշել էր Վարդան Օսկանյանի անունը` «Համախմբում» կուսակցությունով, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի անունները:

Մեկ օր անց Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն տարածեց, որտեղ բացարձակապես հիմնազուրկ անվանեց տեղեկությունը, թե Սեյրան Օհանյանը ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»,- ասված է հայտարարության մեջ:

Սողոմոնյանի սույն հայտարարությունը լրատվական դաշտը չընկալեց որպես հերքում: Իրականում այն ավելի շատ PR էր Սեյրան Օհանյանին՝ «մեծ ճանապարհ անցած մարդուն», որն առաջնորդվում է սեփական որոշումներով:

Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի վերջին տարիների որոշումները, գործողություններն ու քայլերը վկայում են Սերժ Սարգսյանին իշխանազուրկ դարձնելու և ամբողջությամբ իրերի դրությունը տնօրինելու մտադրության մասին: Ռոբերտ Քոչարյանն իր բնույթով երկրորդը չի կարող լինել։ Նա այդ դեպքերում դե յուրե (Լևոն Տեր-Պետրոսյան) կամ դե ֆակտո առաջիններին (Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան) կա՛մ գահընկեց է անում, կա՛մ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում։

Աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության վերադառնալու ցանկություն և պատրաստ է դրա համար դիմել հնարավոր բոլոր քայլերին: Բայց խնդիրն այն է, որ Քոչարյանը կարծես թե կանգնած է հենց այդ հնարավորությունների բացակայության տխուր փաստի առաջ, ու նրա պարբերական «դրսևորումները» ընդամենը հետապնդում են հնարավորությունների այդ սղությունը կոծկելու նպատակ: Ինչո՞ւ է Քոչարյանը խուսափում այդ մասին որևէ քիչ թե շատ կոնկրետ խոսք ասելուց: Եվ եթե այդօրինակ խոսք չի ասվում, ապա ինչո՞ւ է Քոչարյանը պարբերաբար ուրիշների՝ մե՛կ Ծառուկյանի, մե՛կ Օսկանյանի, այժմ Սեյրան Օհանյանի դեմքով հիշեցնում իր քաղաքական հավակնությունների մասին:

Ահա հենց դա հասկանալու խնդրի առաջ է կանգնել նաև իշխանական համակարգը, որի տարբեր թևերը այս օրերին գիշերները, թերևս, անցկացնում են «բախտ բացողների» մոտ` փորձելով գուշակել, թե ի վերջո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար դե՞մ են, թե՞ իրար հետ: Ընդ որում` իշխանական շրջանակների համար այդ խնդիրը լրջագույն խնդիր է: Բայց հենց դա է Հայաստանում կանխորոշում քաղաքական զարգացումների ընթացքը: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե ում կողմ կանցնի իշխանությունը լցրած զանգվածը: Այսինքն` այսօր իրավիճակը, մեծ հաշվով, կախված է հենց այդ զանգվածից, պարզապես բարեբախտությունն այն է, որ այդ զանգվածի գիտակցության մեջ հակառակն է` թե ինքն է կախված իրավիճակից:

Ու հենց այդ հակասականությունն է, որ Հայաստանում իրավիճակը դարձրել է քաոսային և անկանխատեսելի: Այն զանգվածը, որի որոշումը կարևոր է` ոչ մի բան չի որոշում, այլ զբաղված է գուշակություններով, թե ում կողմը պետք է թեքվել: Հայաստանի քաղաքական համակարգում միշտ էլ, թերևս, այդպես է եղել, պարզապես երբեք չի եղել ընտրության բարդությունը, և զանգվածը միշտ ունեցել է մեկ կողմնորոշիչ: Բայց տրամաբանական հարց է առաջանում, թե այդուհանդերձ ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են այդպիսի հակադիր վիճակներում և ոչ թե միավորում են, այլ փորձում են ապակողմնորոշել իշխանական զանգվածին և գրավել իրենց կողմ:

Արդյո՞ք դրա պատճառը միայն իշխանություն ունենալու, միանձնյա իշխանություն ունենալու մարդկային ցանկությունն ու ագահությունն է, թե՞ կան պարզապես օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հակասություն են առաջացրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Թերևս կա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պարզ մարդկային ցանկությունից և ագահությունից բացի, որն իհարկե տեսակի խնդիր է, կա նաև իրավիճակի պարտադրանքը: Հենց քաոսն ու անկանխատեսելիությունն է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացնում է անվստահության որոշակի աստիճան, և ինչքան իրավիճակը շարունակում է մնալ քաոսային և անկանխատեսելի, այդքան անվստահությունը ավելանում է: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվում հայտարարել քաղաքական ծրագրերի մասին, բայց նաև փորձում է իմիտացնել այդպիսի մտադրություններ: Նրա վիճակն իսկապես ամենաբարդն է, որովհետև օբյեկտիվորեն ունենալով բավական մեծ ներգրավվածություն տնտեսաքաղաքական պրոցեսներին` նա այդ պրոցեսներում չունի կարգավիճակ:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...