Գլոբալ ճգնաժամի արմատը Կարեն Կարապետյանի 100 օրում

Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-օրյա ժամկետի լրանալու կապակցությամբ վերջին օրերին հասարակական շրջանակներում ակտիվորեն քննարկվեցին նրա առաջին հարյուրօրյակի արդյունքները, դրանց համադրությունը և համեմատելիությունը հանրային սպասումների հետ: Ըստ էության, այստեղ գնահատման ելակետն ինքնին սուբյեկտիվ է, քանի որ մեծ հաշվով այդպես էլ չի չափվել, թե Հայաստանի հասարակությունը ինչ սպասումներ է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումով, նոր կառավարության ձևավորումով: Իհարկե եղել են դրական սպասումներ ունեցող շրջանակներ, իհարկե եղել են մեծ սպասումներ ունեցող խմբեր, բայց անկասկած է, որ եղել են նաև որևէ սպասում չունեցողներ: Ընդ որում, սպասման բացակայությունը մեղմ ասած՝ պակաս իրատեսական վիճակ չէ, քան սպասումների առկայությունը: Հատկապես առաջին հարյուր օրն ու արձանագրված արդյունքները վկայում են դա, քանի որ, համակարգային իմաստով, Կարեն Կարապետյանին, էպատաժից բացի, դեռևս չի հաջողվել անել այնպիսի մի քայլ, որն էապես կփոխի այսպես ասած՝ սպասումների և դրանց բացակայության «քարտեզը»: Այսինքն՝ հանրության վերաբերմունքը 100 օր անց Կարեն Կարապետյանի հանդեպ գրեթե նույնն է, և եթե փոխվել է, ապա հաստատ ոչ դեպի դրականը:

Ընդ որում, այստեղ, իհարկե խոսքը Կարապետյանի տապալման մասին չէ, այլ առաջին հերթին հենց այն, որ երբ նրա քարոզչական քաղաքականության ձևավորման համար չափազանցվում էր դրական սպասումների հանգամանքը, իրականում չէր ներկայացվում առկա համարժեք պատկերը, անտեսվում էր հանրության մոտեցումների ամբողջ սպեկտրը և փորձ էր արվում ստեղծել տպավորություն, թե ամբողջ հասարակությունը կամ մեծ մասն է ոգևորված Կարապետյանի` և հենց մասնավորապես Կարապետյանի նշանակումով: 100 օր առաջ էֆեկտիվ թվացող քարոզչական այդ ոճը հարյուր օր անց, և դեռ էլի օրեր, շաբաթներ ու ամիսներ անց լիովին հակառակ էֆեկտ է ունենալու Կարեն Կարապետյանի համար: Որովհետև Կարապետյանն օբյեկտիվորեն անկարող է պահել այն բարձր տեմպը, որ ենթադրում էր բարձրացված սպասումներով քարոզչական մեկնարկը:

Եվ այս տեսանկյունից, 100 օր անց Կարեն Կարապետյանի աշխատանքը գնահատելու առումով իրականում չափումները պետք է կատարել բոլորովին այլ տրամաբանությամբ. շեշտադրումը պետք է լինի ոչ թե այն, թե արդյոք Կարապետյանը արդարացրեց հանրության սպասումները, կամ որքանով արդարացրեց դրանք` ինչ աստիճանով կամ քանի տոկոսով, այլ պետք է լինի այն, թե ինչքանով Կարեն Կարապետյանը 100 օրերի ընթացքում մոտեցավ հասարակությանը: Ընդ որում, խոսքը բառիս թե՛ բուն, թե՛ պատկերավոր իմաստով մոտենալու մասին է: Հակառակ ուղղությամբ նրա շարժը ակնհայտ է` նա դարձավ ՀՀԿ անդամ, իր 7000-անոց գազպրոմական բանակով ներգրավվելով իշխող կուսակցության մեջ: Հանրության հետ ինտեգրացիայի որևէ քայլ Կարեն Կարապետյանը չի արել: Նա առայժմ միայն շահարկման է ենթարկել հանրային սպասումների հանգամանքը, այն էլ առավելապես արհեստականորեն ուռճացված հանգամանքը: Եթե որպես մեկնարկային քայլեր այս տրամաբանությունը կարող էր հասկանալի լինել մարտավարական խնդիրների համատեքստում, քանի որ Կարեն Կարապետյանը կարիք ունի իր հանրային մեծ «հեղինակությամբ» որոշակի դիմադրունակություն ձեռք բերել իշխող մեծամասնության հանդեպ, որին նա պատրաստվում է այսպես ասած՝ փոխել, համենայն դեպս ըստ հայտարարությունների և նպատակադրումների, ապա հետագայում արդեն առարկայական հանրային հենարան չձևավորելու դեպքում՝ Կարեն Կարապետյանը հայտնվելու է այդ նույն մեծամասնության հանդեպ անբարենպաստ դիրքում: Իսկ հանրային հենարանի ձևավորման համար քարոզչությունը բավարար չէ, եթե այն հիմնված չէ պրակտիկ օրինակների և նախաձեռնությունների վրա, որոնք արտահայտվում են արդյունքի տեսքով:

Միևնույն ժամանակ, սակայն, խնդիրը լոկ տնտեսական արդյունքը չէ, քանի որ հանրային հենարանը ձևավորվում է առավել լայն «բառամթերքով», որը առնչվում է հանրային մտածողության տարբեր ասպեկտների` զուտ ֆինանսական չափումներից բացի: Ավելին, նոր որակի, հուսալի և կայուն ֆինանսական հոսքերի ձևավորումը երկրում էապես կախված է հանրային մտածողության մյուս` իրավա-քաղաքացիական ասպեկտների հնարավորինս արդյունավետ գեներացիայից: Դրանց հետ Կարեն Կարապետյանն առայժմ չունի որևէ առնչություն, մինչդեռ նա պետական կառավարման համակարգի կարևորագույն օղակի` գործադիր իշխանության ղեկավարն է, ոչ թե մասնավոր-կոմերցիոն մի որևէ կազմակերպության: Ի վերջո հենց այստեղ է եղել Հայաստանի պետական ընթացքի առանցքային խնդիրներից մեկը, երբ իշխանությունը տարանջատել է պետական կառավարման սոցիալ-տնտեսական արդյունքը քաղաքացիա-իրավականից, ինչն էլ ի վերջո հանգեցրել է գլոբալ անարդյունավետության ու ճգնաժամի:

Today's most read news !
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Քայլի Ջեները լուսանկարների նոր շարք է հրապարակել
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments
Loading...