Latest 10 episodes

ՀՀԿ-ի մուտացիան՝ 2017-18 ընտրաշրջանից առաջ

Հայաստանում ներիշխանական պայքարի առանցքում վերստին հայտնվում է Հանրապետական կուսակցությունը: Այս կուսակցությունը արդեն տարիներ շարունակ գտնվում է իշխանության ձևավորման հայկական մեխանիզմների, այսինքն` հակասահմանադրական մեխանիզմների առանցքում, սակայն առաջին անգամ է, որ ՀՀԿ-ի համար առաջանալու է դժվար ընտրության հարց, քանի որ մրցակիցները այս անգամ ոչ թե իշխանության և ընդդիմության ճամբարից են՝ ընդդիմություն բառի իսկական իմաստով, այլ ըստ էության` իշխանական համակարգի երկու կամ ավելի բևեռներից:

Այսինքն` պատեհապաշտների ակումբի վերածված ՀՀԿ-ն պետք է հերթական անգամ տանիքի ընտրություն կատարի հենց իշխանական համակարգի բևեռների միջև, ինչը ըստ էության աննախադեպ է Հանրապետականի համար: 1998 թվականին նման հարց չկար՝ մի կողմում Վազգեն Սարգսյանն էր, մյուս կողմում` 1996-ին պարտված ընդդիմությունը: ՀՀԿ-ի համար հարցն արագորեն լուծվեց: Նման հարց մի փոքր առաջացավ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, բայց այդ ժամանակ ոչ թե ՀՀԿ-ն ընտրություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի կողմնակիցների ու թիմակիցների միջև, այլ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ պահել դադարը, հետո չեզոքացնել Վազգեն Սարգսյանի կողմնակիցների հարվածներն ու ի վերջո ընտրել ՀՀԿ-ին որպես իշխանության կառույցի ձևավորման պլաստ, կամ ավելի շուտ որոշեց չփոխել այդ պլաստը` լավ հասկանալով, որ ՀՀԿ-ն ըստ էության «վայրի կենդանի» չէ, այլ «ընտանի» է և հնարավոր է վարժեցնել: Հետո արդեն ՀՀԿ-ի համար ընտրությունը պարզ էր՝ 2003-ին Ռոբերտ Քոչարյան, իսկ 2008-ին` Սերժ Սարգսյան:

Այդ երկու դեպքում էլ իշխանության դիմաց կանգնած էր արմատական ընդդիմությունը` անկախ իշխանությունների հետ եղած զանազան ուղիղ կամ անուղղակի կապող թելերից և համատեղ անցյալի պատմություններից: 2013-ին արդեն դրությունը զգալիորեն բարդացավ, և դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ ՀՀԿ-ի վարքը, եթե վերջին պահին, այսպես ասած, հիմնական ուժերը հետ չքաշվեին՝ Ծառուկյան, Տեր-Պետրոսյան և կոնտեքստում նաև Ռոբերտ Քոչարյան: Բայց գալիք ընտրական ցիկլում կամ դրան ընդառաջ ՀՀԿ-ն հանդես է գալիս մուտացիայի ենթարկված, «չարատավորված» Կարեն Կարապետյանի դեմքով, որը համոզում է առաջացնում, որ առաջիկա ընտրական փուլում ևս խաղադրույքը կատարվելու է ՀՀԿ-ի վրա:

Այսպիսով, ստեղծվում է չափազանց վտանգավոր մի իրավիճակ, երբ ամբողջատիրական և ավտորիտար իշխանության խառնածին համակարգ հիշեցնող կառավարման արդյունքում Հայաստանի առանց այդ էլ վտանգված ճակատագիրը, ըստ էության, հայտնվում է ՀՀԿ-ի ընտրությունից կախված վիճակում: Իսկ թե ինչ է նշանակում ՀՀԿ, դա պատկերացնելու հնարավորություններ մենք ունենում ենք գրեթե ամեն օր` հայրենական մամուլի էջերում կարդալով այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը լցրած օդիոզ դեմքերի հարցազրույցակերպ պատասխանները այս կամ այն լրատվամիջոցին: Երբ ՀՀԿ-ն գործիք է որոշ անձանց, այս կամ այն անձի ձեռքին, դա իհարկե պակաս չարիք չէ Հայաստանի համար, սակայն չարյաց փոքրագույնն է այն իրողության հետ համեմատ, որ մեզ կարող է սպասել 2017 թվականին ընդառաջ: ՀՀԿ-ի ընտրության չափանիշները միանգամայն պարզ են, քանի որ միանգամայն պարզ է ՀՀԿ-ի կազմը և այսպես ասած` ուժերի հարաբերակցությունը այդ կուսակցությունում:

Այլ կերպ ասած` մենք գնում ենք դեպի արատավոր համակարգի մուտացիա, որը բնականաբար հանդիսանալու էր այդ համակարգի երկու տասնամյակի չափ կառավարման հաջորդ փուլը, եթե համակարգի գործունեությունը չի ընդհատվում: Ընդհատել կարող է հասարակությունը, սակայն դատելով առկա նախադրյալներից՝ այդ կարողությունն առայժմ խիստ տեսական է և դժվար է ասել, թե ինչքանով կկարողանան քաղաքացիները գործնականացնել իրենց հնարավորությունը մինչև աղետալի ընտրությունը:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments