Latest 10 episodes

Սեյրան Օհանյանը սլաքը կփոխի՞, թե՞ կլիցքավորի դատարկված «պարկուճը»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առաջին ֆեյսբուքյան գրառումը կամ քաղաքական ակտիվ քայլը, որ նա կատարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց հետո, վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և դրանում Օհանյանի քաղաքական դիրքորոշման ձևակերպմանը: Մինչ այդ, իհարկե, առավել կարևոր էր շեշտադրումը, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի համար անկյունաքարային է, և քաղաքական որևէ ուժ պարտավոր է հայտնել իր ոչ երկիմաստ դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ: Այլ խնդիր է իհարկե, թե որքանով է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ արտահայտված բուն դիրքորոշումը ոչ երկիմաստ, և ընդհանրապես ինչքանով է տարբերվում իշխանության ներկայիս դավանած մոտեցումներից կամ հռչակած ուղենիշներից: Որպես առաջին ակտիվ քայլ արտահայտված դիրքորոշումն ուշագրավ է նրանով, որ Օհանյանը, փաստորեն, ընդգծում է, թե ինչն է լինելու իր քաղաքական գործունեության և նախընտրական դիրքավորման ելակետը, շարժիչ ուժը: Այդ ուժը և ելակետը լինելու է ղարաբաղյան խնդիրը կամ այսպես ասած՝ ռազմա-քաղաքական իրավիճակը: Այս առումով Օհանյանի մոտեցումը ադեկվատ է առկա իրողություններին, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար՝ երևի թե չի կարող լինել ներքաղաքական կյանքի այլ ելակետ:

Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե ինչ է բխելու այդ ելակետից և ինչ պատկերացումներ են կառուցվելու դրա վրա արդեն պետական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերյալ: Իհարկե այստեղ կա իսկապես բովանդակային քննարկումների անհրաժեշություն, ինչը հայաստանյան ներքաղաքական կյանքի պարագայում երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող մեծ դեֆիցիտ է: Ինչքանո՞վ է Սեյրան Օհանյանի նախընտրական մասնակցությունը բերելու այդ դեֆիցիտի լրացմանը: Դա մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Դրանից կախված կլինի մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք: Բանն այն է, որ Սեյրան Օհանյանը իր նախանշած ուղղով փաստորեն կարող է վերածվել նախընտրական գործընթացների ապասոցիալականացմանը: Ակնհայտ է, որ նա լինելու է նախընտրական ուշադրության արժանի ֆիգուր, անկախ նրա հանդեպ վերաբերմունքից, անկախ իշխանության մեջ եղած ժամանակահատվածի այս կամ այն կարևոր ու անկարևոր դրվագի համար նրա անձնական քաղաքական պատասխանատվությունից, անկախ իրավական պատասխանատվության վերաբերյալ հանրային հարցադրումներից: Ակնհայտ է, որ Օհանյանը լինելու է նախընտրական ուշադրության մեծ բաժին կենտրոնացնող ֆիգուր: Ըստ այդմ, այդ ֆիգուրի առաջ քաշած նշաձողերը լինելու են հանրային ուշադրության տեսանկյունից գերակա և օրակարգ թելադրող:

Այդպիսով, Սեյրան Օհանյանը հստակ ցույց է տալիս, թե ինչ ելակետով է թելադրելու նախընտրական օրակարգն ինքը: Այդտեղ, իհարկե, սոցիալականությունը իսպառ բացառելի չէ, և հակառակը` այն կարող է ստանալ առավել ընդգծված և ուժեղ շեշտադրում, եթե պատճառահետևանքային կապով փոխկապակցվի հենց ղարաբաղյան խնդրում Հայաստանի ու Արցախի անվտանգության մարտահրավերների և դրանցից բխող հրամայականների հետ: Այդ իմաստով, ղարաբաղյան թեման բավական ուժեղ հենք կարող է լինել սոցիալականության համար, պարունակել դրա շեշտադրման ուժեղ ներուժ: Մյուս կողմից, սակայն, այդ թեման նույնքան ուժեղ է սոցիալականությունը, սոցիալ-տնտեսական խնդիրների ուղիղ շեշտադրումները ծածկելու տեսանկյունից, երբ դրանք կշոշափվեն անուղղակիորեն, վերացականորեն: Ի վերջո, տարիներ շարունակ ղարաբաղյան թեման հայկական քաղաքական իրականությունում առավելապես ունեցել է հենց այդ նշանակությունը, այսինքն՝ սոցիալ-տնտեսական ուղղակի հարցադրումները զսպելու, ծածկելու նշանակություն, երբ այդ հարցադրումներին տրվել են ուղիղ կամ անուղղակի արձագանքներ, թե ունենք պատերազմի խնդիր և սոցիալական սուր հարցադրումների ժամանակը չէ:

Իհարկե ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ իրականում դա եղել է շահարկում, քանի որ ինչպես պարզվեց, հանուն բանակի, հանուն առաջնագծի նշանաբանով «զրկանքները» իրականում այդքան էլ չեն եղել բանակի ու առաջնագծի համար, այլ ավելի շատ ծառայել են նաև հենց բանակի առաջնագծի պաշտպանվածության հաշվին հարստացած կոռուպցիոներներին: Պաշտպանության նախարարի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Սեյրան Օհանյանը կկարողանա՞ փոխել իրերի այդ դասավորությունը, և ղարաբաղյան թեման Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձնել ուղիղ սոցալ-տնտեսական հարցադրումների ելակետ, փոխելով այդ առումով մինչ այժմ ունեցած խլացուցիչի նշանակությունը, թե՞ Օհանյանը այլևս ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժի կարգավիճակում նոր «լիցք» կհաղորդի թեմայի «խլացուցիչ» իմաստին, հատկապես, որ այդ նոր «լիցքի» կարիքը իշխող համակարգն ունեցել է ապրիլի պատերազմի «մերկացումից» հետո:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: