Իշխանությունը սթափեցնում է վարչական ռեսուրսին

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է սոցապնախարարության երկու աշխատակցի՝ կաշառք ստանալու կասկածանքով: Սա հերթական ձերբակալությունն է կառավարման համակարգի միջին և ստորին օղակների շարքից, որի ալիքը վերջին շաբաթներին կրկին ակտիվացել է:

Այս ալիքը որոշակիորեն հակասական իրավիճակ է ստեղծում իշխանության ներսում՝ նկատի ունենալով այն, որ փաստորեն իշխանությունը նման քայլով առաջ է բերում կառավարման համակարգի աշխատակիցների, այսպես ասած, մոտիվացիոն խնդիր: Իսկ կառավարման համակարգը իշխանության նախընտրական վարչական ռեսուրսն է:

Ստացվում է, որ ձերբակալությունների ալիքը կարող է տագնապ առաջացնել վարչական ռեսուրսի զգալի մասում՝ այդպիսով նվազեցնելով իշխանության վերարտադրությանը մասնակցություն ունենալու մոտիվացիան: Մյուս կողմից՝ անշուշտ, բացառված չէ և հակառակ էֆեկտը՝ տագնապը կարող է մղել իշխանությանն ավելի լավ ու նվիրված ծառայելուն, հատկապես այժմ, երբ ռեսուրսային ճգնաժամը անկասկած իրենց վրա զգում են իշխանության հատկապես միջին և ստորին օղակների չինովնիկները, որոնք դեռևս դոլարային միլիոնատերեր չեն՝ բարձրագույն պաշտոնյաների նման:

Ու քանի որ այդ շերտի մոտ ըստ էության տարիների ընթացքում կաթվածահար է նաև քաղաքացիական գիտակցության և արժանապատվության ինստիտուտը, ապա ճնշումը կարող է բերել առավել ենթարկվող վարքի, իշխանության վերին օղակների մոտ առավել հուսալի երևալու ներքին մեծ մրցակցության, ինչը կբերի, իհարկե, վերարտադրության առավել էֆեկտիվ ազդեցության:

Այդ տեսանկյունից իշխանությունն ըստ էության վարչահրամայական ճնշում է բանեցնում վարչական ռեսուրսի վրա՝ նախընտրական շրջանում զգոնության ընդհանուր բթացում թույլ չտալու համար: Առավել ևս, որ իրավիճակը հենց իշխանության ներսում բավական հարաբերական է, և իշխանությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է տարբեր դեմքերով ու կարգավիճակներով:

Ակտիվ նախընտրական պայքարի մեջ են մտնում նաև ոչ վաղ անցյալի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը առաջացնում է ռիսկ, որ նրանք կաշխատեն իշխանության վարչական ռեսուրսի մի մասը իրենց կողմը ներգրավելու ուղղությամբ: Միաժամանակ, ներիշխանական շահերի բախումը դառնում է առավել ցայտուն ոչ միայն նախկին և ներկա տիրույթում, այլ նաև գործող իշխանության տարբեր թևերի: Այս ներքին դիմակայությունն ու մրցակցությունը առավել քան լավ են տեսանելի հենց վարչական ռեսուրսի համար, որը ծանոթ է իշխանության ներքին խոհանոցին և անմիջականորեն իր վրա է զգում ներիշխանական դիմակայության դրսևորումները:

Այդ իմաստով կա, իհարկե, ռիսկ, որ վարչական ռեսուրսը կարող է զգալիորեն թուլացնել զգոնությունը, կենտրոնացվածությունը, ունենալ որոշակի անիշխանության զգացում և, այսպես ասած, «մտածել» ընտրական գործընթացում «անկախ» պահվածքի մասին:

Հակակոռուպցիոն մամլիչը այդ տեսանկյունից միտված է թերևս նախընտրական թեժացող գործընթացին ընդառաջ՝ վարչական ռեսուրսը այդպիսի «գայթակղություններից» զերծ պահելուն և կենտրոնացնելուն կամ, այսպես ասած, «սթափեցնելուն»:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...