Latest 10 episodes

Մարտի 1 և ապրիլ. նախկին պաշտոնյաներին ուղղված հարցերը

Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությունից հետո հանրային հարթության վրա հնչող հարցադրումներում, ինչպես և սպասվում էր, գերակշռում են Մարտի 1-ի ու ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցադրումները: Մի դեպքում Օհանյանը զբաղեցնում էր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, մյուս դեպքում՝ պաշտպանության նախարարի: Երկու դեպքում էլ գործ ենք ունեցել մարդկային կորստի հետ, գործ ենք ունեցել կոռուպցիոն համակարգի և դրանից բխող հետևանքների հետ, գործ ենք ունեցել զինված ուժերի կառավարման տարաբնույթ խնդիրների հետ:

Եվ այս իմաստով միանգամայն տրամաբանական են հարցադրումները, որոնք հնչում են Սեյրան Օհանյանի ուղղությամբ: Այդ տեսանկյունից թերևս անբարեխիղճ է այդ հարցադրումների ծագումն անձնավորելու միջոցով Օհանյանին պաշտպանելու փորձը, քանի որ տվյալ պարագայում խնդիրը բոլորովին էլ Օհանյանը չէ: Խնդիրը երևույթն է, երբ բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս իրավիճակից դժգոհությամբ և իրավիճակը փոխելու, հասարակության շահերը սպասարկելու, հասարակությանը այլընտրանք ներկայացնելու հայտով:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին վերադարձավ քաղաքականություն՝ քրեաօլիգարխիկ, «վերից վար կոռումպացված» համակարգը «կազմաքանդելու» կարգախոսով, համանման հարցադրումներ ուղղվեցին նրան՝ կապված 1996-ի, այլ իրողությունների և երևույթների հետ, որ տեղի էին ունեցել նրա նախագահության ընթացքում:

Մի կողմ թողնենք այն, թե ինչ պատասխաններ էր տալիս դրանց Տեր-Պետրոսյանը՝ գոհացուցի՞չ էին հանրության համար, համոզի՞չ էին, թե՞ ոչ: Դա խնդրի մյուս կողմն է, բայց հարցերը նրան ուղղվում էին: Նույնը նաև 2008-ից հետո քաղաքականություն մտած Վարդան Օսկանյանի դեպքում. ուղղվում էին նրա նախարարության ժամանակահատվածին վերաբերող հարցեր, ոչ թե միայն բուն նախարարական ոլորտային գործառույթի, այլ իշխանության համար ընդհանուր քաղաքական պատասխանատվության համատեքստում:

Այսօր էլ դրանք ուղղվում են Սեյրան Օհանյանին, և «պաշտպանությունը» կազմակերպել անձնավորելով խնդիրը, թե դրանք հատուկ Օհանյանի դեմ կազմակերպված գործողություններ են, մեղմ ասած, նշանակում է խնդրի նենգափոխում, իրավիճակի նենգափոխում: Որևէ մեկը չի խախտում Սեյրան Օհանյանի անմեղության կանխավարկածը: Հասարակությունը նրան հարցեր է տալիս այն ժամանակահատվածի կապակցությամբ, որում նա ստանձնել է, ընդ որում՝ կամավոր, քաղաքական պատասխանատվություն իշխանության թիմում:

Երբ հարցեր են տրվում Սեյրան Օհանյանին, դա չի նշանակում, որ այդ հարցերը հանվում են Սերժ Սարգսյանից, Կարեն Կարապետյանից կամ, ասենք, Վովա Գասպարյանից: Երբ հարցեր էին տրվում Տեր-Պետրոսյանին, դա չէր նշանակում, որ հարցերը հանվում էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրայից:

Բայց երբ մարդը երկար տարիներ առանց որևէ դժգոհության զբաղեցրել է իշխանության կարևոր դիրք, մասնակցել է իշխանության այնպիսի որոշումների և քաղաքական քայլերի, որոնց հետևանքով եղել են ընդհուպ մարդկային զոհեր, ապա այդ մարդու, այսպես ասած, ընդդիմադիր կամ այլընտրանքային հայտից հետո դրանց հետ կապված հարցերը առաջին հերթին հենց հասարակության ինքնապաշտպանության շատ առողջ և սթափ դրսևորում են, որոնք որևէ կերպ անձնավորված չեն և լինելու են ցանկացած նախկին պաշտոնյայի պարագայում:

Եվ այդ հարցերին պատասխանելու թե՛ պատրաստակամությունից, թե՛ բովանդակությունից է կախված, թե հանրային վստահության ինչ աստիճանի կարող է հավակնել այդ պաշտոնյան:

Today's most read news !
  • Երևանյան փաբում երիտասարդը սիրած աղջկա ստացած sms-ները կարդալուց հետո դաժան ծեծի է ենթարկել նրան
  • Եթե կողքիս չլիներ իմ ամուսինը, ես ոչինչ չէի ունենա. Էմմա Մանուկյան
  • Ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյան
  • Ուզում եմ, որ մի քիչ բախտ ունենամ. Անուշկա Մարգարյանը 28 տարեկան է
  • «Մեր բակը» 20 տարի անց». Հանրայինի «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդման հրաշալի թողարկումը
  • Քիմ Քարդաշյանն ամուսնուն համոզել է մասնակցել իր ռեալիթի շոուի հերթական սեզոնին
  • 2017-ի խորհրդարանի նոր առանձնահատկությունը. կայուն փոքրամասնության խնդիրը
  • Սեյրան Օհանյանն այդ հարցում դեռ իշխանության հետ է
Comments

Name: