Latest 10 episodes

Չի բացառվում ֆորս-մաժորը. Անուշ Սեդրակյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկին Սեդրակյան, մի քանի օր է՝ մամուլը գրում է Ձեր կողմից կուսակցություն հիմնելու մասին, որ այն հավանաբար կստեղծվի խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչո՞ւ որոշեցիք այս ընտրական գործընթացներից առաջ չնախաձեռնել, որովհետև շա՞տ էին կուսակցությունները և դաշինքները:

– Ինձ թվում է՝ բոլորը գիտեն ընտրություններից առաջ ձևավորվող կուսակցությունների դաշինքների իրական նպատակները և իրական գինը, քանի որ հասկանալի է՝ այդ ամենը արվում է ընտրապայքարի մեջ միանգամից մտնելու, նախօրոք որևէ գաղափարական, կազմակերպչական և ֆինանսական որևէ ջանք  չիրագործելու համար: Դրա համար նախընտրական փուլում ձևավորվող բոլոր դաշինքները և նորելուկ կուսակցությունները ընտրողի մոտ վստահություն չեն ներշնչում: Իսկ վստահության բացակայության դեպքում միշտ շահում է իշխանությունը, և հետո ընդդիմադիրները զարմանում են, թե ինչու իրենց նորելուկ ընդդիմադիրությամբ իրենք չեն կարողանում մարդկանց վստահությունը վաստակել: Դա առաջին խնդիրն է: Բացի այդ, ես չեմ ասել կուսակցություն ստեղծելու մասին, այլ շարժում. դրանք տարբեր բաներ են, որովհետև կուսակցություններն, այնուամենայնիվ, Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի համար շատ նեղ դերակատարում ունեն և շատ նեղ ծրագիր: Վերջիվերջո՝ ինչի՞ հետևանք է մեր ներկա իրավիճակը. արդյո՞ք միայն իշխանությունների բռնի գործողությունների. բնավ: Բանն այն է, որ մեր հասարակությունը հանդուրժող և համահունչ է  իշխանական ձեռագրին: Շատ բաներից անտեղյակ են, կարծում են, որ իշխանության լծակները ապօրինի օգտագործողը դրա իրավունքն ունի, շատերն ուզում են այդ լծակներին տիրել և կատարել նույն ապօրինությունները, մինչդեռ հասարակության իրական կազմակերպման և ձևավորման համար անհրաժեշտ է բարձրացնել այդ հասարակության քաղաքակրթական մակարդակը, արժեքների, իդեալների, սկզբունքների և նաև գործողությունների կենտրոնացած մի համակարգ ձևավորել, որը և կոչվում է քաղաքակրթություն:

– Տիկին Սեդրակյան, այդ շարժումը, նախաձեռնությունը հետագայում կվերածվի՞ կուսակցության և կմասնակցի՞ ընտրական գործընթացներին:

– Ես կարծում եմ՝ եթե շարժումն իրոք կարողանա արմատավորվել, ապա այդ ժամանակ կկատարի իր հիմնական դերակատարումը: Մարդիկ այլևս չեն գործի հին ձևով: Այս ընտրական գործընթացի համար շատ կարճ ժամկետ է, բայց հետագայի համար բավարար կլինի, մանավանդ որ՝ բոլոր նախադրյալները կան՝ հանձինս հասունացող հասարակական գիտակցության և նաև երիտասարդության:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա թեև եղել է քաղաքացիական գիտակցություն, բայց դա միս ու արյուն չի ստացել, այսինքն՝ քաղաքացիականից քաղաքական անցում չի կատարվել:

– Որովհետև քաղաքացիական, այսպես ասած, կամրջակները միշտ եղել են շատ նեղ մասնագիտական. իհարկե՝ քաղաքակրթական խնդիրների արծարծում եղել է, բայց նեղ մասնագիտական, օրինակ՝ բնապահպանական, փոքրամասնությունների իրավունքներ… Մինչդեռ քաղաքակրթությունը շատ ավելի գլոբալ բան է. քաղաքակրթությունը մարդու սեփական արժեքի գիտակցումն է, նաև այդ սեփական արժեքին վայել գործողությունների և արարքների համակարգ ունենալը:

– Այս ընտրական գործընթացներին, փաստորեն, որևէ մասնակցություն չե՞ք պատրաստվում ունենալ:

– Գիտե՞ք երբ կարելի է ընտրական գործընթացներին մասնակցել՝ երբ կատարվեն ֆորսմաժորային երևույթներ, և նախագծված սցենարով չեն ընթանա ընտրությունները. միայն այդ պարագայում:

– Իսկ դա չի՞ բացառվում՝ նկատի ունենալով հանրության մոտ հասունացող դժգոհությունը:

– Կարծում եմ՝ այո, ֆորս-մաժորը չի բացառվում:

– Իսկ Ձեր շարժումը, նախաձեռնությունն արդեն ունի՞ համակիրներ՝ հաշվի առնելով բավականին հետաքրքրվածությունը դրանով:

– Ես հույս ունեմ, որ անձնապես այնքան համակիրներ ունեմ և շարժումը այնքան հստակ եմ պատկերացնում, որ միգուցե՝ այո:

– Տիկին Սեդրակյան, Հայաստանում ո՞ր դեպքում կարելի է փոփոխության հասնել այս իրավիճակում:

– Միայն այն ժամանակ, երբ մարդիկ հասկանան, որ ստեղծված իրավիճակի համար մեղքի մի մասն իրենց ուսերին է՝ իրենց գիտակցության մեխանիզմի մեջ:

– Եվ ինչո՞ւ եք որոշել այն անվանել «Քաղաքակրթություն»:

– Որովհետև դա հիմա ամենաշատն է պակասում Հայաստանին:

– Բայց չէ՞ որ ինչ-որ ժամանակ ունեցել ենք:

– Այդ ժամանակներն այնքան հստակ են մոռացված մեր գիտակցությունից, ինչպես որ «Ծովից ծով Հայաստան» սկզբունքը: Մենք ունեցանք քաղաքակրթական վերելք, ունեցանք Ղարաբաղի ազատագրում, հիմա բավարար չէ ազատագրել հողը, պետք է ազատագրել այդ հողի մեջ գտնվող մարդուն:

Today's most read news !
  • Ամուսնու անակնկալը Հռիփսիմե Ելինյանի 33-ամյակին եւ ապագա երեխայի անունը
  • Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին
  • Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում
  • Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ զբոսնելիս
  • Իրինա Հարությունյան.«Տղաս անտրամադիր էր ու լալիս էր»
  • Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»
  • Սեյրան Օհանյանի ծառուկյանական դիլեման
  • Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները
Comments

Name: