Latest 10 episodes

Տապալված ու ձախողված իշխանության ուղերձը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ուղերձներ են հղում և շնորհավորում են քաղաքացիներին Տարեմուտի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում են զանազան լավ բաներ, հուզում են, տեղ-տեղ նույնիսկ լացացնում իրենց բարեմաղթանքներով: Ինչպես նվեր տված ձիու ատամները չեն հաշվում, երևի այնպես էլ իշխանական ուղերձները չեն մեկնաբանվում, որովհետև իշխանությունը, մեծ հաշվով, մի ուղերձ ունի հասարակությանը` կյանքը: Իշխանության միակ ու անփոխարինելի ուղերձը այն կյանքն է, որով ապրում է հասարակությունը:

Ահա այդ իմաստով իշխանությունը 2016 թվականին շատ վատ ուղերձ է հղել հանրությանը, նույնիսկ կարելի է ասել, որ ոչ մի ուղերձ էլ չի հղել, քանի որ քաղաքացիների կյանքը որևէ ոլորտում չի դարձել էապես ավելի լավը, ավելի անվտանգ, իրավապես ավելի պաշտպանված, ավելի ազատ, բարեկեցիկ, արժանապատիվ: Այդ կոմպոնենտներից և ոչ մեկի առումով իշխանության ուղերձը 2016 թվականին չի ստացվել, և սա արդեն իրականացված փաստ է, որը ի զորու չեն փոխել կամ կոծկել առավելապես տոնական կենացներ հիշեցնող պաշտոնական ուղերձները, որ զանազան պաշտոնյաներ հղում են ժողովրդին, որ նույն բանը դեկտեմբերի 31-ի գիշերը կանի Սերժ Սարգսյանը:

Նրանք բոլորը միասին տապալել են իրենց բուն գործը, իսկ մնացյալը ընդամենը դեմք փրկելու ձևական ավանդույթ է: Ավելին, իշխանությունը ոչ միայն ձախողել է իր տարեկան «ուղերձը», այլև նույնիսկ անարդյունավետ տարվա պատճառով էլ ավելի է մեծացրել հանրության հիասթափությունը սեփական երկրից, սեփական պետությունից, որն այս տարի էլ մնաց ընդամենը մի խումբ մարդկանց կալվածք, որոնք շահագործում են այդ երկրի իրական տեր լինելուն կոչված քաղաքացիներին, նրանց համբերությունը: Իշխող համակարգը տարվա ընթացքում ապավինեց առավելապես իմիտացիաներին՝ փորձելով հնարավորինս անտեսել հանրային որևէ գործոն:

Ավելին, պետության համար կարևորագույն` թե’ արտաքին, թե’ ներքին խնդիրների լուծման առումով համակարգը շարունակեց ապավինել առավելապես արտաքին քաղաքական կենտրոններին՝ փորձելով հարցեր լուծել ոչ թե հասարակության վրա հենվելով, այլ գերտերությունների միջև մանևրելով: Այլ կերպ ասած, հասարակությունն անցնող տարում էլ իշխանական ինքնագիտակցության մեջ մնաց որպես հակառակորդ, մրցակից, թշնամի: Մինչդեռ ցանկացած առողջ իշխանության համար հասարակությունը գործընկեր է, թև, թիկունք, անվտանգության երաշխիք: Նոր տարում Հայաստանին երևի թե պետք է մաղթել հենց այդպիսի իշխանություն, որի համար հասարակությունը հենց այդպիսին կլինի: Այլապես, ինչ է պետությունը, եթե ոչ հասարակությունն ինքնին, և եթե որևէ իշանություն հասարակությանն է անտեսում, հասարակությանն է համարում իրեն մրցակից, հակառակորդ, թշնամի, ուրեմն անտեսում է պետությանը, պետությանն է թշնամի համարում:

Ցավոք, հենց դա էր իշխանության իրական ուղերձի բուն բովանդակությունը ամբողջ տարվա ընթացքում՝ արտահայտված իշխանություն-հասարակություն տիրույթի զանազան իրադարձությունների տեսքով: Մնում է միայն հուսալ, որ 2017 թվականին կամ ուղերձը կփոխվի, կամ վերջապես կփոխվեն ուղերձի հեղինակները:

Today's most read news !
  • Հայկական ողբերգության թույլ մխիթարություն
  • «Աղջի՛, էլի գնում ես …-իդ մո՞տ». Միայնակ մայրը 5 տարվա սիրեկանի ժլատությանը չի դիմացել և սուտ մատնություն է կատարել
  • Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է զգուշացնում Հովիկ Աբրահամյանին
  • Ռուսաստանը, Իրանը և Պարսից ծոցի երկրները. Sabr, Քուվեյթ
  • Որքան է Արևմուտքից Թուրքիայի կախվածության ծավալը. Odatv.com, Թուրքիա
  • Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան
  • Էմմա Մանուկյան.«Փորձում եմ մեղքերս քավել»
  • Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»
Comments