Տեսակի միավորումը Հայաստանում

Հայաստանի զինված ուժերը պատժիչ գործողություն են իրականացրել ադրբեջանական զինուժի նկատմամբ, տալով նախօրեին Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի պատասխանը: Ըստ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկատվության, ադրբեջանական կողմն ունի 4 կորուստ: Նախօրեին, ըստ ՊՆ մամուլի քարտուղարի, ադրբեջանցիները դիվերսիան իրականացնելիս բախվելով հայկական կողմի հակահարվածին նահանջել էին՝ տալով 7 կորուստ: Դժբախտաբար մինչ այդ նրանք հասցրել էին սպանել երեք հայ զինծառայողի: Հայկական պատասխանն այդպիսի դեպքերում չի ուշանում, սակայն միաժամանակ հասկանալի է նաև, որ դա թույլ մխիթարություն է այն կորուսների համար, որ ունենում ենք մենք, եթե նույնիսկ ադրբեջանցիները հատուցում են տասնապատիկ:

Ակնհայտ է, որ հայկական կողմի պատիժը պետք է լինի առավել հուժկու և առավել լայն: Խոսքը Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, կամ առավել ևս Բաքվում թեյ խմելու մասին չէ, ինչպես սիրում են Երևանից խոսել որոշ պաշտոնյաներ և պաշտոնաթող գեներալներ, որոնք սահման մեկնում են հիմնականում լուսանկարվելու և իրենց մասին քարոզչական հաղորդագրություններ թողարկելու համար, իսկ թիկունքում տնօրինում են աղքատ երկրում կուտակված ահռելի ունեցվածք: Խոսքը հենց այն մասին է, որ հայկական կողմի պատիժը հուժկու լինելու համար պետք է լինի ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, և ընդհանրապես պետք է ներառի մեր պետականության բոլոր ոլորտները:

Հայաստանն Ադրբեջանին կարող է պատժել, և երկարաժամկետ պատժել իր արդյունավետ զարգացումով, բոլոր ոլորտներում: Արդյունավետ զարգացման համար Հայաստանում անհրաժեշտ է սահմանադրական կարգ, օրինականություն, իրավահավասարություն, մրցակցություն, արդարադատություն, արդարություն: Մի խոսքով այն, ինչի շնորհիվ զարգացել են մի քանի տասնյակ այլ երկրներ, ունենալով և կոնֆլիկտներ, և չունենալով նավթ ու գազ: բայց ունենալով կամք, ինտելեկտ, աշխարհայացք մտահորիզոն, ունենալով ոչ թե պատեիկ և կենացային, այլ ռացիոնալ ու պրագմատիկ հայրենասիրություն, ունենալով խաղաղության իրական արժեքի գիտակցում, դրան հասնելու իրական, ռացիոնալ, ոչ ուտոպիստական տարբերակների գիտակցում և հասկանալով, որ Հայաստանի խաղաղության ռեսուրսը զարգացումն է, քանի որ միայն դրանով նաև Հայաստանը հնարավորություն կունենա հոգալ իր անվտանգության կարիքները: Սակայն, Հայաստանի զարգացումը, իհարկե, չի կարող խթանվել հենց պատժի գաղափարով, որովհետև զարգացման հիմքում չպետք է լինի պատժի մոտիվացիան, այսինքն Հայաստանը չպետք է զարգանա ի հեճուկս ինչ-որ մեկի:

Հայաստանը պետք է զարգանա հանուն այն կյանքերի, որոնք անկախության 25 տարիների ընթացքում, ընդհուպ տարվա ամենավերջին օրեր, զոհ գնացին այդ անկախության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պահելուն: Հայաստանի զարգացումը պետք է լինի մեր բոլորի հարգանքի տուրքը նրանց, Հայաստանի զարգացումը մեր բոլորի պարտքն է նրանց, մեր պարտավորությունն է նրանց ծնողների, հարազատների, նրանց երեխաների առաջ: Հայաստանի զարգացումը պետք է լինի մեր ներքին պահանջը, բայց ոչ վրեժի ծարավը, Հայաստանի զարգացումը, Հայաստանի բարեփոխումը, նոր Հայաստանը պետք է լինի տեսակի պահանջ, կենսակերպ: Այդ տեսակն է լինելու Հայաստանի ռազմավարական ռեսուրսը: Այն կա, ամեն տեղ, հանրային տարբեր շերտերում, տարբեր մասնագիտական դաշտերում, կամ բանակում, դժբախտաբար նաև զոհվող տղաների շրջանում: Դեռևս ձևավորված չեն այդ տեսակի արդյունավետ, ոչ արհեստական և հռչակագրային գեներացման մեխանիզմներն ու ճանապարհները: Այն տեսակի, որ օրինակ ժամերով թրջվում է հանրապետության հրապարակում, հավաքվելով SOAD համերգի ներքո: Ինչպես հավաքել բոլորին առավել երկարաժամկետ, տևական, մշտական նախագծի և գաղափարի շուրջ: Դա էլ հանդիսանում է Հայաստանում տեսակի խնդիրը, որով մուտք են գործում 2017 թվական:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...