«Ժառանգություն»-ում տարաձայնություններ են. Իշխանափոխության մանիֆեստի առաջարկը կուսակցության պաշտոնական տեսակետը չէ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած  իշխանափոխության մանիֆեստային առաջարկին:

-Տիկին Փոստանջյան,  Ժառանգության տարածած իշխանափոխության մանիֆեստային առաջարկը արդյոք  կիսո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն, որ այս բանաձևը մեծ հաշվով հակասում է նախկինում Ժառանգության հայտարարած դրույթներին: Արդյոք ներկայացվածը «Ժառանգության» հավաքական տեսակե՞տն է: 

Ոչ, սա մեր միասնական տեսակետը չէ: Որպեսզի ընդունեինք նման տեսակետ, մենք առնվազն պետք է գումարեինք համապատասխան մարմնի նիստ և  այդ նիստի ժամանակ պետք է ընդունեինք որոշում: Սա Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է, որը նա մեկ օր առաջ ներկայացրել է վարչության անդամներին: Վարչության անդամներն այդ հարցի վերաբերյալ չեն ունեցել  միասնական դիրքորոշում և այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել:

Այսինքն՝ սա «Ժառանգության»  պաշտոնական տեսակետը չէ՞:

Այո, սա «Ժառանգության» պաշտոնական տեսակետը չէ, որովհետև այս հայտարարության վերաբերյալ որոշում չի ընդունվել:

Մանիֆեստի առաջին կետում նշվում է՝ Հավանական նախընտրական դաշինք կազմող ուժերը ընտրությունները հաղթելուց հետո ձևավորելիք ազգային համաձայնության կառավարության կազմում բացառում են ՀՀԿ-ից որևէ ներկայացուցչի ընդգրկումը: Սա նշանակում է, որ բոլոր ուժերից կարող են լինել, բացի ՀՀԿ-ի՞ց:

Նախևառաջ ՀՀԿ-ն շատ ընդլայնված հասկացություն է, այդ ՀՀԿ-ի անդամ են ըստ  էության և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛  Ռոբերտ Քոչարյանը, և՛ մյուսները: Այսինքն՝ այս ձևակերպումը, ընդհակառակը, հնարավորություն է տալիս այստեղ սողոսկելու բոլոր անցանկալի մարդկանց: Ոչ թե  սահմանափակում է, որովհետև պետք է բացառությունները նշվեն հստակ, անուն ազգանուններով: Եվ պետք է նշվի, թե  ովքեր են այդ ազգային ներկայացուցիչները կառավարության և այդ  ժամանակավոր խորհրդարանի,  նույնպես անուն ազգանուններով:

Մանիֆեստի երկրորդ կետում նշվում է՝ Ազգային համաձայնության կառավարությունը երկամյա ժամկետում հանրության դատին է ներկայացնում նոր սահմանադրության մեկ կամ երկու տարբերակ, ապա դնում այն հանրաքվեի: Սահմանադրության ընդունումից հետո եռամսյա ժամկետում ընդունում է Ընտրական և Կուսակցությունների մասին նոր օրենքները, որից հետո մեկամյա ժամկետում նշանակում համապետական (խորհրդարանական և/կամ նախագահական՝ կախված նոր սահմանադրության պահանջներից) ընտրություններ:

Նախևառաջ պետք է նշել, որ  այս դրույթը խայտառակություն է: Փաստորեն այդ մարդիկ ընդունում են, որ իրենք կարող են առնվազն երկու տարի գործել կեղծված սահմանադրության դրույթների ներքո և այդ կեղծված սահմանադրության դրույթներից բխող նաև կեղծված ԸՕ-ի ներքո  նորից անցկացնել համապետական ընտրական միջոցառում` հանրաքվե: Սա է հետևում այս դրույթից, նորից եմ կրկնում խայտառակություն է: Մինչդեռ եթե նրանք ազնիվ են, և իրենց նպատակն իրոք փոփոխություններն են, ապա հիմա ընդամենը պետք է ընդունել մի քանի սահմանադիր օրենքներ, որից հետո նոր կարող ենք անցկացնել ազատ և թափանցիկ պայմաններում  ընտրություններ, որից հետո կորոշվի, թե որն է լինելու մեր ազգային սահմանադրությունը: Իսկ մինչ այդ պետք է հայտարարվի, որ 2015-ի այդ հանրաքվեի հետևանքով ընդունված սահմանադրական փոփոխություններն անվավեր են: Այս դրույթով ուզում են լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի կեղծած սահմանադրությունը և դրանից հետևող ընտրական օրենսդրությունը:

Երրորդ դրույթում նշվում է՝ մինչև 2020 թվականին նոր իշխանության ձևավորումը  Ազգային համաձայնության կառավարությունը իրականացնում է արմատական ժողովրդավարական համակարգային բարեփոխումներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում, իրավապահ և արդարադատության, սոցիալական, հարկա-մաքսային, ֆինանսա-տնտեսական, կրթական ոլորտներում, գործուն ջանքեր մղում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, ապահովում հավասար մրցակցային պայմաններ տնտեսվարողների համար, երաշխավորում ներքին և արտաքին ներդրումների իրավական պաշտպանությունը, խրախուսում տնտեսության մեջ ներդրումների ներգրավվումը: Ի?նչ կարծիք ունեք այս դրույթի վերաբերյալ:

Այստեղից պարզ է դառնում, որ իրենք պատրաստվում են գոնե երեք տարի պաշտոնավարել, բայց ո՞վ է իրենց թույլ տալու: Եթե իրենք անկեղծ են, ուզում են գալ համախմբման իրոք փոփոխությունների համար, ապա կարող են այդ ամենը իրագործել վեց ամսվա ընթացքում և ոչ թե երեք տարվա: Եթե ազգային և ժամանակավոր կառավարություն են ձևավորում, ապա իրենց գործառույթները պետք է լինեն սահմանափակ, և այդ գործառույթների մեջ միմիայն պետք է լինեն մի քանի դրույթներ, և ոչ թե այսքան ծավալուն դրույթների մասին կարող ենք  խոսել: Եվ եթե քո երկրում քաղաքական մենաշնորհի վերացում տեղի չի ունենում, ապա այս բոլոր դրույթներից որևէ մեկը չես կարող իրականացնել: Սա խաբերություն է:

Չորրորդ կետում խոսվում է Սասնա ծերի մասին. Նոր ձևավորած իշխանությունը անհապաղ ազատ է արձակում բոլոր քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին, ապահովում է օրինական նախաքննություն և արդար դատավարություն Սասնա Ծռերի նկատմամբ, նրանց բացարձակ մեծամասնության համար կիրառելով խաբանման այլ միջոցներ՝ գրավից մինչև ստորագրություն երկրից չբացակայելու վերաբերյալ:

Այս կետը նույնպես խայտառակություն է: Որևէ մեկը չի կարող ասել, որ արդար դատավարությամբ պետք է անցնեն Սասնա Ծռերը: Սասնա Ծռերը անմեղ են, նրանք ոչինչ չեն արել, նրանք մեր հերոսներն են, և որևէ մեկը նրանց չի կարող մեղադրել, առավել ևս ընդդիմադիր քաղաքական ուժի անունից մեղադրանք ներկայացնել Սասնա ծռերին: Ովքեր այս դրույթը գրել են, թող այդ մեղադրանքներն առաջին հերթին ներկայացնեն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ Սասնա ծռերի վերաբերյալ, եթե հիշում եք, այդ օրերին նույնիսկ դատախազ Կոստանյանը իր հարցազրույցում  հայտարարեց, եթե նրանք կամովի լքեն ՊՊԾ տարածքը և կամովի հանձնեն զենքը, ապա քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը նախատեսում է խրախուսում և նրանք պետք է չենթարկվեն քրեական հետապնդման: Այդ օրերին ԱԱԾ-ն  նոյնպես պաշտոնապես հայտարարություն էր տարածել, դեռ ավելին ուղղաթիռից թռուցիկներ էր շպրտում և  ասում, որ եթե դուք կամովին լքեք տարածքը, քրեական պատասխանատվության չեք ենթարկվի: Սասնա Ծռերի այսօր  ապօրինի հետապնդվողների կարգավիճակում են, նրանք կամովի զենքը վայր դրեցին և լքեցին ՊՊԾ-ն, իսկ նրանցի շուրջ տասը ուղղակի ենթարվեցին հրազենային հարձակման և ստացան ծանր վիրավորում, որոնք չեն բացառում հաշմանդամություն:

8-րդ կետում՝ հնարավոր առավելագույն չափով երաշխավորում է Հայաստան-Արցախի արտաքին և ներքին անվտանգության բոլոր բաղադրիչները:

Սրանք դեկլարատիվ դրույթներ են, և կարիք չկար այս մասին խոսել, եթե այսպես պետք է խոսվեր: Պետք է լինեն փաստաթղթեր, այսինքն՝ առավելագույն չափով երաշխավորել, երաշխավորումը հետևյալն է, ճանաչում ես Արցախը, կնքում ես համապատասխան իրավական փաստաթղթեր  ռազմական փոխօգնության, միասնական, անձնագրային և դրամական դաշտի վերաբերյալ, դրանք պետք է լինեն և նաև ամրագրում ես, որ այսօր հայկական պետականությունը ունի 42 հազար քառակուսի մետր սուրբ հողատարածք, որը ենթակա չէ որևէ սակարկության կամ առևտրի:

Բացառում է Արցախի հարցում առանց Արցախի Հանրապետության համաձայնության որևէ զիջում Ադբեջանին, ինչպեսև որևէ փուլային լուծման տարբերակ, որում առաջին փուլով Ադրբեջանի կողմից չի ճանաչվելու Արցախի անկախությունը: Գործադրում է առավելագույն ջանքեր ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությունը վերականգնելու նպատակով։

Սա նշանակում է շեղում բոլոր այն դրույթներից, որովհետև մենք ասել ենք, որ որևէ  հայապատկան, արցախապատկան տարածք որևէ մեկին զիջելու, փողզիջելու տեղ չունենք: Այսօր ՀՀ-ն ճանաչված պետություն է, բայց նրա նկատմամբ շարունակվում են հարձակումներ, երեկ երեք զոհ ենք ունեցել: Հետևաբար որևէ ճանաչում չի կարող երաշխավորել մեր անվտանգությունը: Սա նույն այն առևտուրն է, որը տեղի է ուցնել այս 25 տարիների ընթացքում և որն ամրագրված է այս դրույթի մեջ:

Եթե այս  մանիֆեստը Ժառանգությունը հաստատի, հնարավո՞ր է նպատակահարմար չգտնեք շարունակել այս ուժի հետ ճանապարհը:

Ոչ, ես ինքս Ժառանգություն եմ, որևէ մեկը չի կարող նման փաստաթուղթ կազմել և ասել, որ սա Ժառանգության էությունն է: Ժառանգությունում  բացարձակ այլ կերպ են մտածում, համոզված եմ, այդ թվում՝ մեր առաջնորդը: Սա ուղղակի Հովսեփ Խուրշուդյանի անձնական նախաձեռնությունն է:

Today's most read news !
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատժամիջոցների ենթակա պաշտոնյաներն ու ֆունկցիոներները
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են 06-ը , ГАЗель-ն ու Opel-ը
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
Comments

Name: