Պատերազմ, թե՞ խաղաղություն. Սիրիային հրադադար կնվիրե՞ն Նոր տարվա կապակցությամբ

Հնարավո՞ր է՝ 2016-ի տարեմուտին Սիրիայում հաստատվի հարաբերական խաղաղություն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Թուրքիան և Ռուսաստանը մշակել են Սիրիայում հրադադար հաստատելու մասին պլան, ըստ որի նախատեսվում է ընդլայնել Հալեպ քաղաքում հաստատված հրադադարի ձևաչափը: Ըստ կայացված համաձայնության՝ նախատեսվում է դեկտեմբերի 30-ի կեսգիշերից զինադադար հաստատել Սիրիայի այն հատվածներում, որտեղ մարտեր են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և կառավարական ուժերի միջև: Պայմանավորվածությունը չի վերաբերում Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին: Ավելի ուշ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ավարտվել են աշխատանքները Սիրիայի հարցով երկու համաձայնագրերի մշակման ուղղությամբ: Դրանցից մեկը հակամարտության քաղաքական կարգավորման մասին է, մյուսը՝ կրակի դադարեցման: ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դ. Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն կրակի դադարեցման մասին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռքբերված պայմանավորվածության վերաբերյալ:

Երեկ, սակայն, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ին՝ սկսած կեսգիշերից:

Մեկ այլ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Reuters» գործակալությունը՝ նշելով, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության են հասել Սիրիայի հարցում, որը նախատեսում է երկրի բաժանում «ոչ պաշտոնական ազդեցության գոտիների»: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կմնա իր պաշտոնին մինչև հաջորդ ընտրությունները: Ասադի և իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորվում է իշխանությունից հեռանալուց հետո: Համաձայնագիրը մշակման փուլում է և դեռ պիտի համաձայնեցվի Սիրիայի կառավարության, ընդդիմադիրների, Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների հետ:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը միանգամայն հնարավոր է համարում հարաբերական հրադադարի հաստատումը Սիրիայի որոշ շրջաններում, հատկապես՝ Հալեպ նահանգում, բայց չի կարծում, որ Ամանորի նախօրեին երկրում ամբողջական հրադադար կլինի: Փորձագետն այս կարծիքը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ խոսելով Սիրիայի շուրջ ընթացող բանակցությունների և հնարավոր պայմանավորվածությունների մասին:

Սարգիս Գրիգորյան – Կան ուժեր, որոնք նախ չեն միացել այդ գործընթացներին, բավական ազդեցիկ են և տրամադրված են շարունակելու ռազմական գործողությունները, ընդ որում այնպես, ինչպես ահաբեկչական կառույցները: Կան նաև այլ ուժեր, օրինակ՝ քրդերը, որոնք տրամադրված չեն դադարեցնելու մարտերը, և կարծես, նրանց նաև դուրս են թողել բանակցային գործընթացից: Այնպես որ, հարաբերական հրադադար Հալեպ նահանգի կոնկրետ հատվածներում, կարծում եմ, կլինի, բայց ընդհանուր առմամբ չի լինելու, որ ամբողջ Սիրիայում հրադադար լինի և ռազմական գործողությունները դադարեն:

«Առաջին լրատվական» – Վերջին շրջանում նկատվում էր, որ Ռուսաստանը և Թուրքիան իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելուց հետո որոշակիորեն համաձայնեցված են գործում Սիրիայի հարցում, և տեսանք, որ Սիրիայի հիմնախնդրի կարգավորման ձևաչափն աստիճանաբար փոխվում է, և բանակցություններն ընթանում են հիմնականում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Մասնավորապես, Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Կարգավորման այս ձևաչափը կարո՞ղ է Ժնևի բանակցություններից ավելի արդյունավետ լինել, որովհետև սրանք այն երկրներն են, որոնք իրական ազդեցություն ունեն հակամարտության տարբեր կողմերի վրա:

– Դուք շատ ճիշտ եք, որ բանակցում են այն ուժերը, որոնք իրոք ներգրավված են Սիրիայի կոնկրետ հատվածներում, օրինակ՝ Հալեպ նահանգում: Ռուսական ներկայությունը ակներև էր, նրանք օգնում էին կառավարական ուժերին, որպեսզի վերջիններս առաջ գնան Հալեպ քաղաքում: Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Հալեպ նահանգի հյուսիսում: Իրանական ազդեցության տակ գործող խմբավորումները, ուժերը հիմնականում ներգրավված են ցամաքային գործողություններ և մեծամասամբ նրանց շնորհիվ հնարավոր եղավ ազատագրել Հալեպ քաղաքը: Սա այն եռակողմ ձևաչափն է՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան, որն իրոք կարող է որոշակի արդյունքների հասնել հենց այդ հատվածներում, որտեղ իրենք են ներգրավված: Բայց կրկին պիտի նշեմ, որ սա իր արդյունավետությամբ միայն լոկալ հարցեր է լուծելու: Ռազմական գործողությունները չեն դադարելու ընդհանուր Սիրիայի տարածքում, իսկ Սիրիան այնքան փոխկապակցված է, խաղացողները, շահերը այնքան տարբեր են, որ կոնկրետ Հալեպ նահանգում այդ հարցը լուծելով՝ արդյունավետ չի լինելու ընդհանուր սիրիական հակամարտության հանգուցալուծման առումով: Եթե այդ պայմանավորվածությունը կա, այն կերևա միայն Հալեպ նահանգում, այն էլ նահանգի որոշ հատվածներում, որովհետև այլ հատվածներում ռազմական գործողությունները շարունակվելու են: Այստեղ դեռևս «Իսլամական պետությունը» կա, քրդերն են ակտիվ:

– Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով երկու համաձայնագիր է մշակվել, թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է, թե «Կրեմլում տեղեկություն չունեն Սիրիայում հրադադարի մասին Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածության վերաբերյալ»: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ:

– Իմ կարծիքով՝ սա կարելի է բացատրել նրանով, որ Հալեպ նահանգում դեռևս կան օջախներ, որոնք անվերահսկելի են: Զինադադար հայտարարելուց հետո զարգացումները կարող են ընթանալ կողմերի համար անցանկալի սցենարով, և շատ հնարավոր է, որ սա պարզապես միտված է ժամանակ շահելուն: Բայց կրակի դադարեցում, որպես այդպիսին, արդեն նկատելի էր: Երբ Հալեպում ավարտվեցին ռազմական գործողությունները, և զինյալները դուրս եկան Հալեպի արևելյան հատվածներից, հիմնականում Թուրքիայի, իրանական խմբավորումները, ռուսական պրոտեկտորատի տակ գործող կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում կրակոցներ այլևս չէին հնչում: Այսինքն՝ հայտարարել այն, ինչ մենք արդեն տեսնում ենք Հալեպի ազատագրումից հետո երկար ժամանակ, նույնն է, որ նույն բանի մասին անընդհատ ասես: Ըստ իս՝ խնդիրն այստեղ այն է, որ հասկանան, թե Հալեպից դուրս ի՞նչ պիտի տեղի ունենա, որովհետև կոնկրետ թիրախներ, ռազմաճակատներ կան, որտեղ բախվում են մի շարք շահեր՝ հատկապես կապված քրդերի հետ: Օրինակ, հիմա դրված է Ալ-Բաբ քաղաքի (գտնվում է Հալեպ նահանգում) խնդիրը, որը դեռևս վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից, թե ո՞ր ուժերը պիտի մտնեն Ալ-Բաբ: Իմ կարծիքով՝ նախապատվությունը տրվել է թուրքերին: Բայց հարցն այն է, թե արդյոք կառավարական ուժերը չե՞ն հասցնի մտնել Ալ-Բաբ, որովհետև Հալեպի ազատագրումից հետո Սիրիայի զինուժի բավական մարտունակ հատված մնացել է անգործ և ի վիճակի է Ալ-Բաբն էլ վերցնել: Բացի այդ, քրդերն են բավական ակտիվ այս հատվածում: Հետևաբար, Ալ-Բաբի ճակատագրից (խոսքը 2017-ի մասին է) արդեն կերևա, թե ինչպիսին կլինեն մյուս զարգացումները Սիրիայում, դրանք ավելի շատ կծավալվեն երկրի հյուսիսում, թե՞ նաև երկրի կենտրոնում, օրինակ՝ ռուսական օդուժի օգնությամբ փորձ կարվի՞ Պալմիրան վերանվաճել:

– Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի ձևավորումը կապվա՞ծ է Միացյալ Նահանգներում կառավարության փոփոխության շրջանի հետ: Հնարավո՞ր է՝ փորձեն լուծել Սիրիայի հարցը՝ առանց ԱՄՆ-ին հաշվի առնելու:

– Իհարկե ոչ, չեմ կարծում, որովհետև Միացյալ Նահանգներն ունի իր շահերը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում, և իմ կարծիքով՝ Միացյալ Նահանգների առաջնահերթ խնդիրն էր աճող իսլամական ծայրահեղականության ֆոնին ձերբազատվել ամենավտանգավոր տարրերից՝ ահաբեկչական կառույցներից, ինչպիսին են, օրինակ, «Իսլամական պետությունը», «Ջաբհաթ ան-Նուսրան»: Եվ իմ կարծիքով՝ Միացյալ Նահանգների և նրանց կողմից հովանավորվող քրդերի կողմից խնդիր է դրված վերցնելու Ալ-Ռաքքան՝ իսլամիստների կենտրոնը Սիրիայում:

– Բայց չէ՞ որ ամերիկացիներն այժմ նկատելիորեն պասիվացել են դիվանագիտական գործընթացներում, և այս պայմաններում նշված երեք երկրները ակտիվանում են և որոշում լուծել Սիրիայի հարցը:

– Որովհետև Հալեպում ԱՄՆ-ն այդքան էլ ակտիվ չի եղել, իսկ որոշ արդյունքների հասնել հնարավոր է միայն Հալեպ նահանգում: Այլ հատվածներում բախումները դեռևս շարունակվում են և կշարունակվեն, ցավոք սրտի: Միացյալ Նահանգները միշտ էլ պասիվ է եղել այն իմաստով, որ միշտ հետևել, որոշ չափով ազդել է զարգացումների վրա, բայց ակտիվ դերակատարում չի ունեցել սիրիական հակամարտությունում: Նա արդեն հատկացրել է օժանդակություն իր կողմից ֆինանսավոր ուժերին, առաջին հերթին՝ քրդերին, և քրդերն ուզում են հարց լուծել Սիրիայում: Թե հետագայում որքանո՞վ կարդարացնի այս մարտավարությունը կամ քաղաքականությունը, ժամանակը ցույց կտա:

– Կխնդրեի մեկնաբանել նաև «Reuters»-ի տեղեկությունը: Որքանո՞վ կարող է իրական լինել հիմնախնդրի լուծման նշված տարբերակը:

– Բարդ հարց է: Դա, իհարկե, բանակցությունների սեղանի շուրջ նստած ուժերի անելիքն է, և նրանք պիտի որոշեն՝ ինչպիսի՞ն պիտի լինի Սիրիան հետագայում, բայց այս ամենը արդյունավետ կլինի այն դեպքում, եթե բանակցությունների սեղանի շուրջ նստեն Սիրիայի հակամարտության բոլոր ակտիվ դերակատարները՝ ներառյալ քրդերը: Ես նույնիսկ կդժվարանամ ասել, թե ո՞ր ինքնավար շրջանների մասին է խոսքը, եթե նույնիսկ այդպիսի համաձայնություն կայացվել է:

– Իսկ ընդհանրապես արտաքին ուժերի ներգրավումը, օրինակ այն հանգամանքը, որ Թուրքիային, ըստ էության, թույլ տվեցին ռազմական ներխուժում կատարել Սիրիա, ընդհանրապես հակամարտությանը ներգրավված պետությունների գործողությունների տրամաբանությունը ենթադրում է Սիրիայի բաժանում ազդեցության գոտիների, թե՞ Սիրիայի ամբողջականության պահպանում:

– Այսպես կպատասխանեմ. ազդեցության գոտիների տարածումը հիմա էլ կա, դա նկատելի է, այսպես թե այնպես տարածքներ կան, որոնք արտասիրիական ակտիվ խաղացողների վերահսկողության տակ են, բայց այս ամենը միտված է Սիրիան՝ որպես ամբողջական պետություն, պահպանելուն: Թուրքիային ձեռնտու չի, որ Սիրիայի հյուսիսում քրդական անկլավ, ինքնավար տարածք ձևավորվի: Թուրքական ազդեցության տարածումը հիմնականում միտված է Սիրիան ամբողջական պահպանելուն, որպեսզի քրդերը չանկախանան: Այդ օրինակը կարելի է նշել նաև Ռուսաստանի և Իրանի պարագայում, ուստի, եթե նույնիսկ բաժանում պիտի լինի ազդեցության գոտիների, ապա դրանք ձևավորվելու են ի շահ Սիրիայի ամբողջականության պահպանման:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...