Քաղաքացու տարեմուտի փռշտոցը

Տարեմուտի շեմին ով ասես` չամփոփեց անցնող տարին, և ում ամփոփածն ասես` չհայտնվեց հայաստանյան ԶԼՄ-ների էջերում և եթերում. պաշտոնյաներ ու մտավորականներ, փորձագետներ ու քաղաքագետներ: Բայց դրանց մեջ պակասում է ամենակարևոր մի ամփոփում՝ շարքային քաղաքացու ամփոփումը: Ինչպես է տարին ամփոփում շարքային քաղաքացին, ինչպես է նա գնահատում անցած տարին երկրի համար, այն երկրի համար, որում ինքն ու իր ընտանիքն են ապրում, և հուսանք՝ որում դեռ ապրելու են: Մնացածը, թե ինչպես է ամփոփում նախարարը, ինչ-որ վարչության կամ գործակալության պետ, ինչ-որ կոմիտեի ղեկավար կամ ինչ-որ պատգամավոր ու փորձագետ, ունի գրեթե զրոյական արժեք, որովհետև այդ տարի ասվածը, տարվա ընթացքում կյանք ասվածը առաջին հերթին քաղաքացու համար է:

Հետևաբար քաղաքացին պետք է ասի, թե ինչպիսին էր տարին իր համար: Եվ ինչպիսին որ տարին եղել է քաղաքացու համար, այնպիսին էլ այն եղել է պետության համար, որովհետև պետությունն առաջին հերթին հենց քաղաքացին է, ոչ թե ինչ-որ պաշտոնյա, մտավորական կամ փորձագետ: Շարքային քաղաքացին, գյուղացին, բանվորը, առևտրականը, ուսուցիչն ու ուսանողը` նրա՛նք պետք է ասեն, թե ինչպիսին էր տարին: Իսկ ի՞նչ պետք է ասեն նրանք: Նրանք ամեն ինչ ասում են` կամ փողոցում իրենց դժգոհությունը հայտնելով, կամ օդանավակայանում, երբ հեռանում են երկրից: Այսօր շարքային քաղաքացին տարին ամփոփում է տարվա ընթացքում անընդհատ լքելով Հայաստանը՝ հազարներով ու տասնյակ հազարներով: Այսինքն` եթե իշխանությունը տարին ամփոփում է տարեմուտին, քաղաքացին այն ամփոփել է արդեն գարնանը, երբ հեռանում էր Հայաստանից, ու երբ հայտնի չէր, թե հեռացողներից քանիսն են վերադառնալու տարեմուտին: Իսկ վերադարձողը, ստույգ հայտնի է, գարնանը նորից «ամփոփելու» է՝ ամփոփելու է իր իրերն ու նորից հեռանա Հայաստանից:

Տարեմուտին ընդունված չէ խոսել տխուր բաներից, ընդունված չէ արտահայտել հոռետեսական մտքեր, բայց սա ամենևին տխրություն կամ հոռետեսություն չէ, սա վտանգ է, իրական վտանգ Հայաստանի ազգային անվտանգությանը: Իսկ վտանգը տոն կամ առօրյա չպետք է ճանաչի, այսինքն` վտանգի հանդեպ վերաբերմունքը տոն կամ առօրյա չպետք է ենթադրի: Վերջիվերջո` եթե մենք ուզում ենք ունենալ տոնական տրամադրություն, պետք է կարողանանք հաղթահարել մեզ համար կարևոր վտանգները կամ առնվազն պետք է միշտ գիտակցենք դրանք, խորհենք դրանց և դրանց լուծումների մասին: Իսկ ամփոփելը քաղաքացու գործն է, բացառապես` քաղաքացու, ով թերևս փռշտացած ունի մնացյալ բոլորի ամփոփումների վրա:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...