Latest 10 episodes

Ինքնախժռումի 365 օրերը

Եթե ամփոփենք 2016 թվականի տնտեսական տարին, ապա այն, ըստ էության, կարող ենք գնահատել որպես «ժողովրդի համար թանկ օփիումի» տարի: Բանն այն է, որ գործնականում ամբողջ տարվա ընթացքում հասարակությանը մատուցվում էին գործնականում կեղծ ազդակներ փոփոխությունների, աճի, ակտիվության ցուցանիշների մասին:

Նախ՝ դա անում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, իսկ հետո դա սկսեց անել Կարեն Կարապետյանի կառավարությունը, իհարկե՝ արդեն ավելի շատ քարոզչական հայտարարությունների, քան վիճակագրության տեսքով, որովհետև վիճակագրության առումով Կարապետյանի կառավարությանն ավելի ձեռնտու էր որոշակի նվազող միտում ցույց տալը, քանի որ դա անվերապահորեն բաժին էր ընկնելու նախորդ կառավարության պատասխանատվությանը և ըստ էության նաև նպաստավոր պայման էր ստեղծելու Կարեն Կարապետյանի կառավարության համար՝ հանրային սպասումների տեսանկյունից: Որքան ծանր վիճակ է ներկայացվում մեկնակետի իմաստով, այնքան ավելի փոքր հաջողությունը մեծ մատուցման հնարավորություն է նոր կառավարության համար: Այսինքն՝ նվազեցնելով վիճակագրությունը և ընդհանուր վիճակին տալով ծանր գնահատական՝ Կարեն Կարապետյանը խելամտորեն նվազեցնում էր նաև հանրային սպասումների սանդղակը և դրանով պայմանավորվելիք «մթնոլորտային ճնշումը»:

Այսպիսով՝ հանրությանը ամբողջ տարվա ընթացքում մատուցվում էր «օփիումը», ինչին զուգահեռ տնտեսության իրական հատվածում ընդամենը տեղի էր ունենում արտաքին պարտքի սրընթաց աճ և արտաքին ներդրումների սրընթաց անկում: Հասարակությունը իրեն մատուցվող «օփիումի» համար ըստ էության վճարում էր և՛ անուղղակի՝ պետական պարտքի կուտակումով, և՛ ուղղակի՝ ծանր սոցիալ-տնտեսական վիճակով:

2016 թվականը տնտեսական իմաստով փաստորեն ինքնախժռումի տարի էր, և ներկայումս Հայաստանի առաջ կանգնած տնտեսական գերակա խնդիրը ինքնախժռումի ռեժիմից դուրս գալն է: Դրա երկու ճանապարհ կա իհարկե՝ կա՛մ արտաքին գումարների մեծ ներհոսք, կա՛մ ներսում առկա գումարների ներդրում ոչ թե արտասահմանյան բանկային հաշիվներում կամ օֆշորներում: Երրորդ տարբերակ չկա, ասենք՝ կապված հասարակության հետ, որը հանդես բերի նախաձեռնողականություն և փորձի փոխել իրավիճակը իր տնտեսական նախաձեռնություններով:

Հայաստանում 25 տարի շարունակ քայլ առ քայլ կառուցվել է մի համակարգ, և ձևավորվել է տնտեսական մի կարգ, որն այլևս հասարակությանը չի թողել այլ տեղ կամ ելք, քան պարզապես ապստամբությունը, հեղափոխությունը: Բայց դա էլ հանրությունն է գիտակցում, որ ելք չէ, քանի որ դրանից, որպես կանոն, օգտվում է տականքը: Այդպես ստացվում է փակուղի, որտեղ Հայաստանը խժռում է ինքն իրեն: Արագ ելքի հնարավորությունը գտնվում է բացառապես իշխանության և արտաքին աշխարհի ձեռքում: Սա Հայաստանի ներկայիս իրավիճակում տնտեսական թերևս ամենամեծ խնդիրն է, քանի որ իշխանությունը այդ ելքի կամքը չունի, իսկ արտաքին աշխարհը չունի մոտիվացիան. ինչու արագ ելք ապահովել մի պետության համար, որը չունի ինքնիշխանություն:

2016 թվականը, ըստ էության, փակեցինք այդ գլոբալ փակուղում: Վիճակը, իհարկե, ամենևին անելանելի չէ: Ելքերը շատ չեն, դրանց տիրապետող սուբյեկտները շատ չեն, բայց այնպես էլ չէ, որ ընդհանրապես չկան: Պետք է, սակայն, լինել իրատես ու հասկանալ, որ արագ ելքեր գործնականում չկան, եթե դա չի ցանկանում կամ ստիպված չէ իշխանությունը: Հետևաբար հասարակության խնդիրը պարզ է՝ ստեղծել վիճակ, երբ իշխանությունը ստիպված կլինի գնալ տնտեսական արագ ելքերի: Կգտնի՞ հասարակությունը 2017 թվականին այդպիսի ներուժ, որն իշխանությանը կմղի տնտեսական ելքերի: Թե՞ բոլորը կսպասեն, որ նավթի գինը բարձրանա, և Ռուսաստանում գոնե մի քիչ պարարտ դառնա տրանսֆերտների դաշտը:

Today's most read news !
  • Հայուհի իլյուստրատորի նվերն Արփինե Գաբրիելյանին և Միհրան Ծառուկյանին
  • Արամեի կնոջը հղիությունը շատ է սազում. նոր լուսանկարներ
  • Կոտայքում 34-ամյա տղամարդը, սաունայում զվարճանալուց հետո տուն վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել կնոջը
  • Հայկոյի և Հրաչուհի Ութմազյանի ընկերական ջերմ լուսանկարը
  • Բիկինիով Իվետա Մուկուչյանը՝ Մեքսիկայի լողափում
  • Kompromat Թրամփի, գեներալ Մանվելի և այլոց դեմ. ինչպես ռուսական շանտաժը ուրացրեց Հոկտ. 27-ը
  • Անի Ղազարյան.«Վախերն առաջացան «Կյանք ու կռիվ 1»-ի մեծ հաջողությունից հետո»
  • Բացառիկ լուսանկարներ Սևակ Խանաղյանի երևանյան առաջին համերգից
Comments

Name: