Հայաստանը կրկին կկախվի թելից

2016 թվականն ամփոփումների համար իսկապես առատ տարի էր, մյուս կողմից, սակայն, տարվա իրադարձություններն այնպիսին էին, որ մեծ ցանկություն անգամ չկա հիշելու դրանք, վերստին գնահատելու, ամփոփելու: Միևնույն ժամանակ, սակայն, հենց այդ անցանկալիությունն է պարտադրում հիշել, ընդ որում՝ ոչ միայն տարեվերջի ամփոփումների համար, այլ հիշել միշտ, քանի որ այդ իրադարձությունների չկրկնվելու, նման իրողությունների առաջ չկանգնելու առանցքային գրավականը հենց այն է, որ մենք երբեք չմոռանանք տեղի ունեցածը, չմոռանանք դրանց մասին: Սրանով հանդերձ՝ միայն դա, իհարկե, բավարար չէ: Կարևոր է, թե մենք ինչ եզրակացության ենք գալիս այդ ամենից՝ հիշելով այդ ամենը:

Այս տեսանկյունից 2016 թվականի իրադարձություններում ընդհանուր է մի բան՝ մենք ունենք պետություն, որը, սակայն, ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է, այսինքն՝ այդ պետության ինստիտուտները չունեն բնականոն գործունեության արդյունավետություն: Այն, որ ֆորս-մաժորների ընթացքում դրանցից մի մասը կարողացավ ուշքի գալ և, այնուհանդերձ, կատարել իր ինստիտուցիոնալ պարտականությունը՝ դեռևս արդյունավետություն չէ: Արդյունավետությունն այն կլիներ, որ չլինեին այդպիսի ֆորս-մաժորներ: Այսինքն՝ ապրիլի պատերազմն, օրինակ, չլիներ անսպասելի, անակնկալի չբերեր հայ դիրքապահներին, իսկ հուլիսյան զարգացումներն էլ չլինեին ընդհանրապես, քանի որ հասարակության մեջ չէր լինի նմանօրինակ զարգացումների պահանջարկ, որովհետև պետականության ինստիտուտները հասարակությանը տված կլինեին ինքնիրացման տարբեր հնարավորություններ:

Պետականության ինստիտուտներն առաջին հայացքից այնքան էլ կենսական չեն թվում, երբ դրանք կան, գործում են: Քաղաքացիները սովորաբար զգում են դրանց բացակայությունը, սակայն բոլորովին այլ դրսևորումներով և առաջին հայացքից ոչ անմիջականորեն: Այդ բացակայությունը գիտակցվում է համալիր վերլուծությունից հետո: Դրանից հետո է միայն պարզ դառնում, որ ինստիտուցիոնալ ճգնաժամը սպառնում է ազգային անվտանգությանը, որովհետև ինստիտուտները, իհարկե, թշնամու ներխուժում կասեցնող չեն, թեև բանակն էլ, օրինակ, ինստիտուտ է և կատարում է այդ առաքելությունը, այնուհանդերձ՝ նրանք նպաստում են պետական կյանքի այնպիսի կազմակերպմանը, հասարակության ներուժի այնպիսի իրացմանն ու գեներացմանը, որի շնորհիվ հնարավոր է լինում նաև բավարարել անմիջականորեն հակառակորդի ներխուժում կասեցնող, պետական սահմանը պահող ինստիտուտների թե՛ առօրյա, թե՛ ռազմավարական պահանջները: Տվյալ դեպքում խոսքը թե՛ ավանդական ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին է՝ պետական կառավարման կառույցներ, քաղաքացիական սեկտորի միավորներ, քաղաքական կուսակցություններ, թե՛ նաև ոչ ֆորմալ, այսպես ասած՝ չձևակերպված, սակայն հանրային շերտերի վերածված, ինչպիսին է, օրինակ, մտավորականությունը:

Նախադրյալներ, որ այս պատկերը կարող է փոխվել 2017-ին, կարծես թե չկան: Հետևաբար ինստիտուցիոնալ ճգնաժամը կշարունակվի: Այն ինքնին որևէ ֆորս-մաժոր չի առաջացնի, ֆորս-մաժորները կախված կլինեն այլ գործոններից՝ ներքին և արտաքին, բայց, Աստված մի արասցե, դրանց առաջանալու դեպքում Հայաստանը կրկին կախվելու է թելից: Կրկին քայլելու է լարի վրայով, առանց տեղ հասնելու որևէ տեսանելի երաշխիքի, հույսն ավելի շատ դնելով հանգամանքների, անհատական վարքի կամ հանրային ենթագիտակցության վրա:

Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ պետական, քաղաքական, հանրային արդյունավետ և վստահելի ինստիտուտների բացակայության պայմաններում մնացյալ բոլոր հատկանիշները ունեն սպառվելու վտանգ, որովհետև ինստիտուտներն են, որ լիցք են հաղորդում հանրային ենթագիտակցությանը, անհատական կամքի դրսևորումներին: Հայաստանը զուրկ է հենց այդ լիցքավորիչից: Դա է խնդիրը:

 

Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: