Դուք մեր ժողովրդի ներկայացուցիչն եք, ոչ թե օտար երկրի դեսպանները. Պատասխան Սերժ Սարգսյանին և Տեր-Պետրոսյանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանը:

– Պարոն Օհանջանյան, տևական ժամանակ է՝  Հայաստանում քննարկվում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ նրա տեսակետն ըստ էության այն է, ինչ այսօր դրված է բանակցությունների սեղանին: Այս մոտեցումները ինչքանո՞վ են արդիական՝ ըստ Ձեզ:

– ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը գրավեց ողջ հայության և այն միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, որոնք զբաղվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Ինձ համար, սակայն, նրա ելույթը՝ բացառությամբ որոշակի պաթետիկ հռետորաբանության, որը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում  հայերի ջախջախիչ պատասխանին, շարունակությունն է նրա այն հայացքների, որը ժամանակին բերեց իր հրաժարականին:

Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների շուրջ իրավիճակն այսօր մոտավորապես այնպիսին է, ինչպիսին որ կար նախքան Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Այսօրվա իշխանություններին, որոնք Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում որևէ նախաձեռնություն չեն դրսևորում, անհրաժեշտ է կարկառուն քաղաքական գործիչների աջակցություն:

Զարմանալի չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ճիշտ Սերժ Սարգսյանի նման, կարծում է, որ հակամարտության լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է: Այս կապակցությամբ ես կուզենայի պարոն Սարգսյանին և պարոն Տեր-Պետրոսյանին   տեղեկացնել,  որ հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի և ողջ հայության ձեռքում է, իսկ ձեզնից, պարոնայք, միայն պահանջվում է լինել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հայկական կոնցեպտի ուղեկցողը:

Մենք ենք մեր ճակատագրի տերը, ոչ թե Ռուսաստանը, և դուք մեր ժողովրդի ներկայացուցիչն եք, ոչ թե օտար երկրի դեսպանները: Հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման շուրջ, և հիմնական բանակցողները պետք է լինեն Ադրբեջանն ու Ղարաբաղը: Հայաստանի դերը պետք է լինի միայն այդպիսի հարթակի ստեղծմանը նպաստելը, ոչ թե այլ երկրին քծնելը:

– ԼՂ հիմնահարցը ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկայումՀայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններիարդյունքների վրա:

– Իմ կարծիքով՝  ԼՂ հարցը միշտ եղել է և այժմ էլ Հայաստանի օրակարգային հարցերից մեկն է: Եվ կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր և հիմնական դեր կունենա խորհրդարանական ընտրություններին քվեարկության գնացող անձանց շրջանակներում:

Ղարաբաղցիների համար շատ կարևոր է, որ Հայաստանում  վերջապես իրականացվեն  առարկայական, դրական քաղաքական տեղաշարժեր, որոնք ուղղված կլինեն երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացմանը, հասարակության և քաղաքական ուժերի փոխհարաբերությունների ներդաշնակությանը: Յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է  առաջնորդվի այդ սկզբունքներով և չօգտագործի ընտրությունները կոռուպցիոն համակարգի զարգացման և ամրապնդման հարցում: Դա ոչնչացնում է Հայաստանը և դարձնում մեզ ուրիշներից կախման մեջ:

– Արցախն ի՞նչ հետաքրքրություններ կունենա առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Նախկինում Արցախի առանձին պաշտոնյաներ նույնիսկ իրենց խմբակցութուններն ու «իրենց մարդիկ» ունեին Հայաստանի խորհրդարանում: Այս անգամ նման հետաքրքրություն կլինի՞:

– Մեզ՝ ղարաբաղցիներիս համար կարևոր է ունենալ զարգացող, ուժեղ  և ստաբիլ Հայաստան, որը կլինի ողջ հայության հայրենիքը: Դրա համար շատ կարևոր է, որ ՀՀ իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում գոնե մեկ անգամ անցկացնեն արդար, մրցակցային ընտրություններ և ընտրությունների արդյունքում վերադարձնեն քաղաքացիների վստահությունը իշխանությունների նկատմամբ: Ընտրությունների արդյունքում կարևոր է, որպեսզի իշխանությունը վերցնի վստահության երաշխիք ժողովրդի կողմից  և սկսի կարդինալ փոփոխություններ անցկացնել  կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ահա այս ենք մենք ակնկալում Արցախում:

Today's most read news !
  • Իրադարձություններ, որ Արցախում մնում են հայաստանյան աղմուկի տակ
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Արայիկ Խանդոյանի դատին դատավորը չէր կարողանում նրա համակիրներին հանգստացնել
  • Հենց 10-15 տարվա հորիզոն ունենաք, եթե լավ էլ չկառավարեք, արդեն չեմպիոնություն է. վարչապետ
  • Մոսկվայում Երևանը հասավ նվազագույնին, բայց դա ժամանակավոր է
  • Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել
  • Արցախի զորամասերից մեկում չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ
Comments
Loading...