Մենք կարող ենք հայտնվել փաստի առաջ, երբ ոչ ոք թռիչք չի իրականացնի դեպի Հայաստան

«Մի գեղեցիկ օր մենք կարող ենք հայտնվել փաստի առաջ, երբ ոչ ոք թռիչք չի իրականացնի դեպի Հայաստան: Դրա համար մենք պետք է ունենանք սեփական ավիաընկերություն: Եթե, օրինակ, հիմա կառավարությունը ցանկանա թռիչք իրականացնել դեպի Հալեպ, որի օդանավակայանը շուտով կբացվի, ռուսական ավիաընկերությունը երբեք մեզ համար թռիչք չի իրականացնի այդ ուղղությամբ, եթե համարվի, որ դա վտանգավոր գոտի է: Իսկ եթե հայկական ընկերություն լինի՝ կիրականացնի»: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը:

«Ղարաբաղյան պատերազմի տարիներին մերոնք 300 հոգու միանգամից Հայաստան էին բերում, ռուսական կամ այլ ինքաթիռները դա կանեի՞ն. երբեք չէին անի, 32 տեղանոց ինքնաթիռով 100 հոգի էինք բերում: Այդ տարիներին ինքնաթիռով նավթ էինք բերում, զենք էինք բերում: Երկրաշարժի ժամանակ էլ մեծ էր մեր ավիացիայի դերը: Եթե սեփական ավիաընկերություն չլիներ՝ երբեք ոչ մի արտասահմանցի օդաչու կամ ավիաընկերություն չէր անի այն, ինչ մենք էինք անում»,- ասաց Դ. Ադբաշյանը:

Նա կարևորեց ազգային փոխադրող ունենալու հարցը, նշելով պայմանները։ Ըստ Ադբաշյանի՝ Հայաստանը երբեք ազգային փոխադրող չի ունեցել։ «Արմավիա»-ն էլ այդպիսին չի եղել, քանի որ ընդունված կարգ է, որ այդ ընկերության ակցիաներում մասնաբաժին է ունենում նաև տվյալ երկրի կառավարությունը, պայմանագիր է կնքում կառավարության հետ, իսկ նրա ղեկավար մարմնում կառավարությունից ներկայացուցիչներ են։ «Բայց տեսեք, թե ինչի համար է պետք ազգային փոխադրողը։ Տարբեր երկրներից, մեծամասամբ Ռուսաստանից թռնում են Հայաստան։ Թռնում են այնպիսի օդանավերով, որոնք վերցված են լիզինգով, որտեղ հստակ կետ կա, որ այդ օդանավերով թռիչքներ չեն իրականացվում վտանգավոր գոտիներ։ Հիմա եթե այդ ապահովագրողը գտնի, որ Հայաստանի օդային տարածքը վտանգավոր է, ապա թռիչքները կանգնացնում է։ Ու մի սիրուն օր մենք կկանգնենք այնպիսի վիճակի առաջ, որ ոչ ոք չի թռնի։ Դրա համար մեզ պետք է ազգային փոխադրող, որ ասի՝ շնորհակալ եմ եղբայր, բայց մենք մեր գործը կանենք»,- նկատեց Ադբաշյանը։

Դմիտրի Ադբաշյանը կարևորեց լավ մշակված Օդային օրենսգիրք ունենալու խնդիրը. «Մենք մշակել ենք և ուզում ենք Օդային օրենսգրքի նախագիծ ներկայացնել ԱԺ, եթե դա կընդունվի՝ ես կհավատամ, որ Հայաստանում լույս է բացվում մեր ավիացիայի համար»: Ադբաշյանի խոսքերով՝ հենց այդ օրենքը պարտավորեցնում է ներկայացնել ավիացիայի զարգացման ծրագիր, այլապես հիմա Հայաստանում այնպիսի վիճակ է, որ պետք է մտածել ոչ թե ավիացիայի զարգացման, այլ ավիացիայի ստեղծման մասին։ «Բացի դրանից, պետք է նաև պատասխանատվության հարցն առաջ քաշվի։ Այլապես հիմա ավիացիայի ոլորտը ղեկավարողները իրենցից շատ գոհ են, բայց բացարձակ ոչինչ չի արվում, իսկ ոլորտն օրեցօր ավելի անկում է ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, սակայն, որ կառավարությունը արդեն իսկ մերժել է Ադբաշյանի ու նրա թիմի մշակած օրենսգրքի տարբերակը՝ պատճառաբանությամբ, որ այն չի համապատասխանում որոշակի չափանիշների։ Մինչդեռ, Ադբաշյանի խոսքերով՝ այդ պատճառաբանությունները անհիմն են, քանի որ օրենսգիրքը մշակվել է ԻԿԱՕ-ի բոլոր չափորոշիչներին համապատասխան։ Ադբաշյանի խոսքերով՝ Հայաստանի կառավարության այս անտարբեր վերաբերմունքը գալիս է նրանից, որ ոչ ոք ցանկություն չունի ոլորտն առողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, քանի որ մի բանի մասին են միայն մտածում՝ տոմսերն էժան լինեն, ով ինչ ուզում է անի, ով ուզում է, թող թռչի, չվերթեր իրականացնի։ «Բայց անգամ ամենահետամնաց, բանանային մտածողությամբ երկրներում այդպես չեն մտածում, որքան որոշ մարդիկ՝ Հայաստանում։ Ես ասում եմ՝ թող տոմսերն էժան լինեն, բայց մերը լինեն»։

Ինչ վերաբերում է Հայաստանում ավիատոմսերի բարձր գնին, ապա, մեր զրուցակցի խոսքերով՝ դա ամբողջությամբ գալիս է «Զվարթոնց» օդանավակայանում սահմանված գներից։ «Տոմսի գնի 51 դոլարը հենց այն բանի համար է, որ դուք մտել եք «Զվարթնոց» օդանավակայան և շնչում եք այդ շենքի օդը։ Ուրիշ երկրներում այդ գինը 7 դոլար է, 11 դոլար։ Իսկ մեր գները աբսուրդ են, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սպասարկումն ու ծառայություններն էլ այդքան չարժեն։ Շատ-շատ կմտնեմ ու ձեռքերս կլվանամ, ուրիշ ոչ մի բան, իսկ դա 51 դոլար չարժե։ 51 դոլարը դա հյուրանոցի սպասարկման գումար է մեկ օրվա համար»,- ասաց Ադբաշյանը՝ հավելելով, որ այդ գներն են սահմանել, քանի որ օգտվում են իրենց մոնոպոլ վիճակից։

Today's most read news !
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: