Արդեն հետընտրական մարտահրավերը

Հայաստանի վերջին երկու խորհրդարանի ընտրություններն աչքի են ընկել մի առանձնահատկությամբ` դրանցում նախընտրական պայքարը ծավալվել է իշխանության երկու թևերի միջև, որոնք հանդես են եկել մեկը իշխանական կարգավիճակով, մյուսը` ընդդիմադիր կամ այլընտրանքային: 2007 և 2012 թվականի ընտրություններում պայքարը կենտրոնացել է ՀՀԿ-ԲՀԿ շրջանակում: Ասել, թե այստեղ ամեն ինչ եղել է թատրոն, իհարկե իրավացի չի լինի, քանի որ այս երկու ուժերի միջև իսկապես եղել է շահերի և հետաքրքրությունների լուրջ բախում, զգալիորեն նաև անձնական փոխհարաբերությունների խնդիր, ինչով էլ պայմանավորվել է տեղ-տեղ թեժ դիմակայությունը: Միևնույն ժամանակ, երկու այդ ուժերը, ըստ էության, հանդիսացել են միևնույն համակարգային ոչ միայն արմատ, այլ նաև ճյուղավորումներ ունեցող ուժեր: Օրինակ, լոկ նույնական արմատի խնդիր էր 2008 թվականի նախագահի ընտրությունը, երբ Տեր-Պետրոսյանը հենց համակարգային ընդհանուր արմատի վրա էլ կատարել էր իր քաղաքական վերադարձի խաղադրույքի բաժիններից մեկը, փորձելով իշխանությունից կտրել հենց այն հատվածը, որը համակարգի արմատում կապվում էր, առնչվում էր նաև իր հետ: Չստացվեց, պատճառները առանձին քննարկման առարկա են: ԲՀԿ-ի դեպքում ընդհանուր էր ոչ միայն արմատը, այլ նաև ճյուղավորումները, ասել է թե խիստ ընթացիկ շահերը, անգամ առնվազն մոտ ապագային փոխկապակցված:

Այդ պարագայում իշխանության ընդհանուր հաղթանակը չէր կարող հարուցել որևէ կասկած, ինչն էլ ամրագրվեց 2007 և 2012 թվականների ընտրությունների արդյունքներով, որտեղ ՀՀԿ-ն ստացավ բացարձակ մեծամասնություն, ընդ որում՝ 2007-ի համեմատ 2012-ին ավելացնելով այդ մեծամասնությունը: 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ներքաղաքական նոր տրամաբանություն է, երբ թե՛ ընտրությունից առաջ, թե՛ հետո այլևս չկա նախագահի ընտրության հեռանկար: Գլխավոր ընտրությունը դարձել է մեկը` խորհրդարան: Այդ իրողությունը, ինչպես նաև ներիշխանական դիմակայության անցնող տասը տարիները ի հայտ են բերել մի շարք նոր հանգամանքներ, սակայն մի բան կարծես թե մնում է անփոփոխ` նախընտրական պայքարը կրկին գտնվելու է համակարգային արմատ և ճյուղավորում ունեցող ուժերի շրջանակում, կամ այլ կերպ ասած՝ կրկին իշխող համակարգն է թելադրելու նախընտրական պայքար, հետևաբար նաև նախընտրական օրակարգ:

Արդեն իսկ կա այդ գործընթացի բավական շոշափելի ուրվագիծը: Խորհրդարանի ընտրությանը իշխանությանը «հակադիր» բևեռում դիրքավորվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իր շուրջ համախմբելով անշուշտ ոչ միայն լոկ իշխող համակարգին սերտորեն առնչվող կամ առնչված ուժերի, բայց զգալիորեն նաև այդպիսիք հանդիսացող սուբյեկտների, որոնք ամենևին էլ երկրորդական պլանում չեն լինի պաշտպանության նախկին նախարարի նախընտրական թևում: Դրան զուգահեռ, բաց է մնում նաև մեկ այլ թևի` Գագիկ Ծառուկյանի հարցը, որը դեռևս չի հայտարարել քաղաքականություն վերադարձի մասին, սակայն արդեն իսկ գտնվում է տարբեր ուժերի հետ աշխույժ քննարկումների գործընթացում: Եթե Ծառուկյանն էլ վերադառնա քաղաքականություն, ապա կձևավորվի իշխող համակարգից բխող բավական ուժեղ նախընտրական «եռաժանի»` ՀՀԿ-Օհանյան-Ծառուկյան, որոնք մի կողմից մրցակցելով միմյանց միջև, մյուս կողմից թույլ չեն տա որևէ այլ ուժի կամ թևի մոտ գալ անգամ մրցակցության այդ դաշտին, որտեղ կխաղարկեն «մրցանակային հիմնադրամը»: Ինչ արդյունքի կբերի փաստացի երրորդ այդբովանդակ խորհրդարանի ընտրությունը: ՀՀԿ բացարձակ նո՞ր իշխանության, ընդ որում առավել ազդեցիկ և համոզիչ, թե՞ իշխանությունը կգնա երկբևեռացման, ինչի մասին ՀՀԿ համագումարի իր ելույթում ազդարարել էր Սերժ Սարգսյանը, խոսելով ընդդիմություն-իշխանություն սահմանագծի հստակեցման և քաղաքական դաշտի խոշորացման մասին: Այդ իմաստով, խորհրդարանի ընտրությանն ընդդիմադիր դաշտին նետված մարտահրավերը, ամենևին, լոկ նախընտրական չէ, և ավելին` այն ավելի շատ հետընտրական է: Ըստ այդմ՝ 2017-ին ընդառաջ առանցքային հարցը, նոր իրավիճակում այն է, թե ինչքանով է Հայաստանում հասարակական-ընդդիմադիր դաշտը պատրաստ իշխանության ներկայացրած հետընտրական մարտահրավերին:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: