Յուրայիններին «խժռելու» ազատությունը

Տարեվերջին Սերժ Սարգսյանը գեներալ-գնդապետի կոչում շնորհեց ոստիկանապետ Վովա Գասպարյանին, իսկ ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն էլ պարգևատրվեց: Նրանք, իհարկե, միակը չէին, բայց հատկանշական ֆիգուրներ են, հատկապես 2016 թվականի հուլիսյան, սարիթաղյան դեպքերի ֆոնին: Սերժ Սարգսյանը հորդորել էր լրագրողներին մոռանալ Սարի թաղը, օրինակ, որտեղ նրանք ենթարկվել էին ոստիկանական օպերացիայի դաժան հարվածին, այդ թվում՝ թաղային խաժամուժի ներգրավմամբ: Իսկ իրավապահներին Սերժ Սարգսյանը հորդորել էր չմոռանալ և բացահայտել: Չկա որևէ լուրջ բացահայտում, փոխարենը կան պարգևատրված երկու բարձրաստիճան ոստիկանական ֆիգուրներ, ինչը վկայում է, որ Սերժ Սարգսյանը երբեք չի մոռանում այն ծառայությունը, որ մատուցվում է իշխանությանը:

Իսկ 2017 թվականին իշխանությունն ըստ երևույթին շատ անգամ կունենա ոստիկանության ծառայության կարիքը, քանի որ տարին ընտրական է, սպասվում է երկու կարևոր ընտրություն` խորհրդարանական և Երևանի քաղաքապետի: Ընդ որում, ոստիկանությունն այստեղ պետք է ոչ միայն, իսկ միգուցեև ոչ այնքան քաղաքացիներին, հասարակությանը զսպելու համար՝ այստեղ իշխանությունը դիմում է մի շարք այլ տեխնոլոգիաների, ինչպիսին է ընդդիմադիր դաշտում բազմաբևեռության գեներացիան (թեև դրա ՕԳԳ-ի բարձր չլինելու դեպքում ոստիկանությունն, իհարկե, միշտ կա), որքան իշխանական համակարգը վերահսկողության տակ պահելու, այսպես ասած՝ բալանսավորելու կամ «սթափեցնելու» համար:

Սերժ Սարգսյանն այդ իմաստով վաղուց չունի հենարան թե՛ հասարակության մեջ, թե՛ իշխանական համակարգում: Ավելի ճիշտ՝ նա հենարան, որպես այդպիսին, ձեռք բերել չկարողացավ: Միգուցե պատճառները ոչ միայն սուբյեկտիվ էին, այլ նաև օբյեկտիվ՝ պայմանավորված Հայաստանի համակարգի պարազիտ, այսինքն՝ չստեղծող, միայն մսխող բնույթով և դրան զուգահեռ արտաքին տնտեսական միջավայրի՝ ոռոգման արտաքին համակարգի ճգնաժամով, սակայն փաստն այն է, որ Սարգսյանը այդպես էլ չկարողացավ գտնել հենման կետ իշխանության ներսում:

Մյուս կողմից, սակայն, բացառված չէ, որ նա չցանկացավ էլ ունենալ այդ հենման կետը և միանգամայն գիտակցված կերպով սկսեց խաղադրույք կատարել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության վրա: Այսինքն՝ դա ոչ թե նրա, այսպես ասած, ընտրության բացակայությունն էր, վերջին հույսը, այլ հենց գիտակցված ընտրությունը, ինչը թելադրված է իշխանության վրա երկարատև ազդեցություն պահելու Սերժ Սարգսյանի ցանկությամբ:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգը իրեն սպառել է առաջին հերթին «որակապես», հետո միայն՝ նյութապես: Բանն այն չէ, որ մինչ այս եղել է որակյալ, իսկ այժմ սպառվել: Բայց այն ունեցել է իրեն հատուկ որակներ, որոնք կենսունակ են եղել նախկին միջավայրում, թեև երբեք չեն եղել հանրօգուտ, որպես այդպիսին: Այդ որակներն այժմ կենսունակ չեն, նոր միջավայրում դրանք չեն ապահովում ոչ միայն համակարգի «արտադրողականությունը», այլ նաև անվտանգությունը, այդ թվում՝ խոշոր հաշվով թույլ չեն տալիս լուծել դրա առանձին ներկայացուցիչների խնդիրները:

Կա դրանց լուծման մեկ տարբերակ՝ համակարգի հաշվին, այսինքն՝ մնացյալի հաշվին, իհարկե՝ ոչ բացարձակ իմաստով մնացյալի: Այսինքն՝ նոր միջավայրում չի մնացել այլընտրանք, քան յուրայինների հաշվին խնդիրներ լուծելը, և այդ իմաստով Սերժ Սարգսյանը, այս փուլում հենվելով ուժայինների վրա, ստանում է յուրայիններին «խժռելու» ազատություն:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...