Խոսրով Հարությունյանը, Գեղամյանն ու Բաբուխանյանը կլինե՞ն «վերափոխված» ՀՀԿ-ի ցուցակում

Այս օրերին կուսակցություններն ակտիվորեն լծվել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ու ռեյտինգային ցուցակները կազմելու գործին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ կուսակցություններն իրենց ցուցակները կարող են հանձնաժողով ներկայացնել փետրվարի 6-ից 16-ն ընկած տասնօրյա ժամկետում: Այսինքն՝ այդ ցուցակները կազմելու համար մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Եվ կուսակցություններն այսօր բազմաթիվ թեկնածություններ են քննարկում հասկանալու համար, թե նրանցից որին ցուցակի որ հորիզոնականում ներկայացնեն, ինչ նոր թեկնածուի ներգրավվեն կամ հներից որից այս անգամ ազատվեն:

Այս պարագայում ինտրիգային է հատկապես Հանրապետական կուսակցության ցուցակը, որտեղ տեղ ունենալու համար ցանկացած սկզբունքի դավաճանում, ցանկացած միջոցի դիմում կամ որտեղ, իսկապես, արժանի տեղ ունեն բազմաթիվ գործիչներ: Իսկ ՀՀԿ-ի ցուցակները միշտ բազմերանգ են եղել, ինչը հավանաբար կկրկնվի նաև այս անգամ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս անգամ որոշել են հնարավորինս թարմացնել իրենց ցուցակները, հին ու վարկաբեկված գործիչներին գոնե խորհրդարան չբերել, նոր և դեռևս չվարկաբեկված դեմքերով հանդես գալ, որ նաև այդպիսով կարողանան շահել ընտրողների քվեները:

Այս պարագայում հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպառնում իշխանություններին գովերգող, Հանրապետական խմբակցության այն պատգամավորներին, որոնք իրենք ինչ-որ կուսակցությունների նախագահներ են հանդիսանում: Խոսքը վերաբերում է, օրինակ, Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին և Հայկ Բաբուխանյանին: Իհարկե, այս մարդկանց ղեկավարած կառույցներին խիստ վերապահումով կարելի է կուսակցություններ համարել, քանի որ այնտեղ նրանցից բացի որևէ այլ գործիչ հայտնի չէ: Իսկ խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կարծիք կար, թե իշխանություններն այս գործիչներին ԱԺ են բերում հատկապես ՀԱԿ-ի անդամներին կամ մյուս ընդդիմադիրներին փնովելու համար, ինչը անելուց շատ հաճախ ՀՀԿ-ականներն իրենք խուսափել և խուսափում են:

Իշխանությունները վերջին անգամ այս գործիչների ու նրանց կուսակցությունների օգնությանը դիմեցին աշնանային ՏԻՄ ընտրությունների ու հատկապես Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ այս երեքի «Քրիստոնեա-դեմոկրատական», «Ազգային միաբանություն» և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները հանդես եկան հայտարարությամբ, որ միանում են Բալասանյան դաշինքին:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀԿ-ն խուսափեց որպես քաղաքապետի թեկնածու միայնակ պաշտպանել կամ առաջադրել Սամվել Բալասանյանին այն պատճառով, որ չէր ցանկանում այդ օրերին ծաղրի առարկա դառնալ: Ի սկզբանե Ս.Բալասանյանն «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր և հրապարակավ հայտարարել էր, թե իր ճակատին գրված է Օրինաց երկիր: Այնուհետև դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, որտեղից էլ հեռացավ 2015թ. Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարված իրադարձություններից հետո: Եվ աշնանային ընտրությունների ժամանակ քաղաքական շրջանակներում հումորներ էին անում, թե հիմա էլ Բալասանյանի ճակատին վազող տողի նման անցնում է Հանրապետական կուսակցությունը: Ահա ճակատային այս դաջվածքից խուսափելու համար ինքը՝ Ս.Բալասանյանն ու իշխանությունները որոշեցին նրան պաշտպանող դաշինք ստեղծել: Ու քանի որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն իրենք էլ Գյումրիում թեկնածուներ առաջադրեցին, ՀՀԿ-ի հույսը մնացին վերը նշված գործիչներն իրենց մարդ-կուսակցություններով:

Իսկ ի՞նչ է լինելու նրանց ճակատագրերն այս անգամ, երբ ավարտին է մոտենում հինգերորդ գումարման խորհրդարանը: ՀՀԿ-ն նրանց կրկին կընդգրկի՞ իր համամասնական ցուցակում կամ այդ գործիչներն այդ նպատակով դիմե՞լ են ՀՀԿ-ին: Արտաշես Գեղամյանը չցանկացավ այդ մասին երկար խոսել: Ընդամենն ասաց, որ հունվարի 13-ից հետո կուսակցությունը նիստ կհրավիրի ու կքննարկի այդ հարցը: «Բայց որոշում կարող է չկայացնենք, պարզապես կարծիքներ կլսենք»,- ասաց նա:

Խ.Հարությունյանն էլ փոխանցեց, որ իրեն նման առաջարկություն չի եղել, ինքն էլ կոռեկտ չի համարում այդ հարցով դիմել ՀՀԿ-ին: «Կոնկրետ ինձ որևէ առաջարկություն չի եղել: Եվ ես չեմ կարծում, որ իմ ու ՀՀԿ-ի համագործակցությունն անցած տարիներին անպտուղ կամ ոչ բովանդակային է եղել: Համոզված եմ, որ այդպիսի կարծիք ունեն նաև ՀՀԿ-ականները: Բայց քաղաքական զարգացումներն այլ ենթատեքստեր էլ ունեն, որոնք որոշումների վրա կարող են էական ազդեցություն ունենալ: Դրա համար էլ ես չէի շտապի արագացնել իրադարձությունների զարգացումը»,- ասաց Խ.Հարությունյանը:

Վերջինս նաև հավելեց, թե տվյալ պարագայում նախաձեռնությունը պետք է իշխանությունների կողմից լինի, և ինքը կոռեկտ չի համարում այդ հարցով դիմել Սերժ Սարգսյանին: «Իրադարձությունների զարգացումների ղեկը ՀՀԿ-ի ձեռքում է, իսկ մենք չենք կարող կախվել սրա-նրա վզից: Ես ունեմ իմ կշիռը, բայց դա չի նշանակում, որ դա կարող է պարտադրող լինել: Մեր համագործակցությունը պետք է երկուստեք հետաքրքիր լինի: Եվ նման նախաձեռնության հեղինակը, կարծում եմ, կարող է բացառապես ՀՀԿ-ն լինել»,- եզրափակեց նա:

Եվ ուրեմն՝ այս առումով ի՞նչ տրամադրվածություն ունի ՀՀԿ-ն: «Շատ լավ տրամադրվածություն»,- պատասխանեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:

Նրանք կընդգրկվե՞ն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: «Իհարկե, նման հնարավորություն կա, և կարող է ընդգրկվեն»,- ասաց նա:

Ռ.Թադևոսյանը չկարողացավ ասել, թե ՀՀԿ-ի ցուցակի ո՞ր հորիզոնականում նրանց տեղ կհատկացնեն: Իսկ այս հարցը խիստ կարևոր է, քանի որ ցուցակում ընդգրկվելը դեռ չի նշանակում, որ նրանք պատգամավոր կդառնան: Եվ կարծիք կա, որ այս անգամ նրանց չնեղացնելու համար կարող է ընդամենը ցուցակում անունները գրել, բայց մանդատ չտալ: Տվյալ պարագայում իշխանական կուլիսներում չեն բացառում, որ մանդատ կարող է ստանալ նրանցից միայն Խ.Հարությունյանը:

Today's most read news !
  • Մարդը միշտ սիրո կարիք ունի, ու բնավ կարևոր չէ՝ սիրահարվել ես քեզնից շատ մեծի, թե փոքրի. Նարինե Պետրոսյան
  • Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Մաշա Մնջոյան.«Կտեղափոխվեմ, թե՝ ոչ, ապագան ցույց կտա»
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
Comments

Name: