ՀՀԿ-ն Վանաձորում լկտի զոռբայությամբ է զբաղված

«Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայկական վերածնունդը» ստորագրել են Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:

Հայաստանի երրորդ քաղաքում ավագանու նիստեր չեն գումարվում այն բանից հետո, երբ Վանաձորի արդեն նախկին նոտարը՝ ՀՀԿ-ից առաջադրված Մամիկոն Ասլանյանը, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց քաղաքապետ: Թեպետ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ ուներ ընդամենը 15 մանդատ, իսկ մյուս երեք խմբակցությունները, որոնք հուշագրով պարտավորվել էին քվեարկել ԼՀԿ-ի ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի օգտին, 18 մանդատ, Մամիկոն Ասլանյանը քվեարկությամբ ստացավ 19 ձայն: Մինչ այսօր չեն բացահայտվել այն 4 ավագանիները, ովքեր դրժել էին պայմանավորվածությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մինչդեռ պնդում է, որ «ոչ մի ժամկետ էլ հունվարի 10-ին չի լրանում, և հոկտեմբերի 10-ին ավագանին նիստ գումարել է, ինքն էլ քաղաքապետ է ընտրվել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որոշումը կառավարությանն է, և սա Կարեն Կարապետյանի համար լուրջ մարտահրավեր է:

Կառավարությունը դիմումին կպատասխանի 15-օրյա ժամկետում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ի սկզբանե Հանրապետական կուսակցությունը Վանաձորում գնացել է «վա-բանկ: Տոնեցին պյուռոսյան հաղթանակ՝ հաշվի չառնելով, թե հետագայում այդ հաղթանակի պտուղները որքան դառն են լինելու: Ունեն քաղաքապետ, որը բացարձակ կաշկանդված է բոլոր առումներով, և ամենակարևոն այն է, որ Վանաձորը չունի ընդունված բյուջե»:

Ինչպես նկատեց Համբարյանը, Մամիկոն Ասլանյանը՝ հասկանալով, որ հայտնվել է շատ վատ վիճակում, պարզապես ցույց է տալիս, թե ամեն ինչ նորմալ է: «Դա աբսուրդ է: Մամիկոն Ասլանյանի կամ կուսակցության որոշելով չէ: Կա օրենք, որի համաձայն՝ եթե ավագանու նիստերը չեն գումարվում երեք ամիս, ապա կառավարության որոշմամբ ավագանին լուծարվում է: Այդ վիճակից ելքը մեկն է՝ ընտրությունները չեղարկվում են, և կազմակերպվում են նոր ընտրություններ: Այն քաղաքական ուժը, որը վաճառել է իր ձայները ՀՀԿ-ին, ապրիլի 2-ին սպասվող ընտրություններից առաջ երբևիցե չի բացահայտի այդ գործարքը և չի խայտառակվի: Հիմա ողջ հասարակության ուշադրության կենտրոնում Վանաձորն է»,- ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ այդ կուսակցությունների համար ձեռնտու է հիմա ցրել ավագանին, կազմակերպել նոր ընտրություններ, քան թե սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մեղադրվել դավաճանության մեջ:

«Պատահական չէ, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ՀՎԿ-ն բարձրաձայն հայտարարել են, որ կողմ են Վանաձորում ավագանու նոր ընտրությունների անցկացմանը»,- նկատեց քաղաքագետը:

Հարցին՝ արդյոք Վանաձորը այդչափ մեծ կարևորությա՞ն քաղաք է Հանրապետական կուսակցության համար, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ չեն ուզում իրենց վարկանիշը բարձրացնելու համար զիջումների գնալ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինքս էլ եմ զարմացած, ընտրություններից առաջ այսպիսի լկտի զոռբայություն անելը, ժողովրդից լկտի ձևով ձայն խլելը և ցույց տալը, թե իրենք ինչ ուզենան՝ կանեն… Լավ կլիներ, որ Հանրապետական կուսակցությունն ընդուներ իր պարտությունը և հայտարարեր՝ ինչու ոչ, եթե ՀՀԿ-ն չունի մեծամասնություն, ապա քաղաքապետը պետք է հրաժարական տա: Հանրապետական կուսակցությունը կարող է նոր ընտրություններ կազմակերպել, և մենք դեռ չգիտենք՝ գուցե այդ դեպքում ավելի բարվոք կարգավիճակում դուրս գա»:

Ի դեպ, իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի սպասել կառավարության արձագանքին և արդեն իսկ վստահություն է հայտնել, որ դիմումը կմերժվի:

Today's most read news !
  • Դավիթ Աղաջանյանը, Մարինկա Խաչատրյանը, եւ Սիսիան Ստեփանյանը՝ սիրային եռանկյունում
  • Սպասել երրորդի՞ն… երկրորդ պատերազմն ընդհատվե՞լ է
  • Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված
  • Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից
  • Ալիևը երկու պատճառ ուներ այս գիշերվա հարձակման փորձի համար
  • Ինչպես չսպանվել սահմանին
  • Որ փոփոխությունը չլինեն միայն ազգանունները
  • Իրան՝ ճակատ, որը մնում է հետին պլանում. Milliyet, Թուրքիա
Comments
Loading...