Ի՞նչ լուրջ աճ, երբ Սերժ Սարգսյանը ստեղծել է իշխանության հարցի լուրջ բաց

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, թե 2017 թվականին Հայաստանի տնտեսությունը լուրջ աճ է ունենալու: Թե կոնկրետ ինչ չափով է լինելու այդ աճը, նախարարը չի ասել, այսինքն՝ չի վերածել թվերի: Ըստ այդմ, առայժմ թվերի վերածված սպասումը 3,2 տոկոս աճն է, որ դրված է պետական բյուջեի հիմքում 2017 թվականի համար: Եթե դա է լուրջ աճը, ապա մնում է տարակուսել լրջության մասին նախարարի պատկերացումների վրա, որովհետև աղքատության 30 տոկոս ցուցանիշ, ներդրումային գրեթե զրոյական ցուցանիշներ և վիճակագրություն ունեցող երկրում 3,2 տոկոս աճը համարել լուրջ, անկասկած, լուրջ չէ: Եթե կան այլ սպասումներ, դա, իհարկե, այլ հարց է: Բայց նախարարը և կառավարությունը, կարծես թե, դեռևս չեն մատնանշել կոնկրետ նոր սպասումներ: Ավելին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, դեռևս նախորդ տարի խոսելով 3,2 տոկոս աճի ակնկալիքի մասին ասել էր, թե դա պայմանավորված է արտաքին տնտեսական նպաստավոր կոնյուկտուրայով, մասնավորապես՝ Ռուսաստանի տնտեսության դրական միտումներով: Խնդիրը սակայն այն է, որ Ռուսաստանի տնտեսության համար դրական միտումների մասին խոսում են միայն Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները, իսկ համաշխարհային փորձագիտական կառույցները այդքան էլ դրական կամ հուսադրող, կամ այլ կերպ ասած՝ լուրջ սպասումներ չունեն այդ կապակցությամբ:

Եվ ուրեմն, որո՞նք են լուրջ աճի սպասման կոնկրետ հիմքերը: Ներքի՞ն ներդրումների աճը: Դա, իհարկե, տարբերակ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանում իհարկե փող շատ կա, պարզապես այն քիչ թվով մարդկանց ձեռքում է, իսկ այդ մարդիկ էլ գերադասում են փողն ավելի շատ տանել դուրս՝ օֆշորներ, կամ ներդրումային գրավչությամբ այլ երկրներ, քան ներդնել Հայաստանում: Կամ, եթե խոսք կա Հայաստանում ներդնելու մասին, ապա խնդիրը դառնում է այն, թե այդ ներդրումները ինչպիսի քաղաքական երաշխավորվածություն են ստանում, կամ այլ կերպ ասած՝ ինչ իշխանություն է ապահովվում դրանց դիմաց: Այդ տեսանկյունից, ներքին ներդրումային աճ հնարավոր է սպասել միայն 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, երբ կձևավորվի իշխանությունը, և միայն դրանից հետո արդեն իշխանություն ունեցողները իրենց փողի մի զգալի մասը արտերկրից կբերեն Հայաստան, կամ Հայաստանում եղածի մի մասը չեն տանի արտերկիր և կներդնեն այստեղ՝ իրենց իսկ իշխանության համար տնտեսական կայուն միջավայր ապահովելու համար, սոցիալական ընդվզման վտանգ թույլ չտալու նպատակով: Բայց արդյո՞ք 2017-ին իշխանության խնդիրը լուծվելու է և պարզ է դառնալու, թե առնվազն առաջիկա հնգամյա փուլի համար ումն է իշխանությունը կամ ով է իշխանությունը: Այդ հարցի պատասխանը այդքան էլ միարժեք չէ, նկատի ունենալով այն, որ դեռևս կա 2018-ի խնդիր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի լրանալուց հետո նրա կարգավիճակի խնդիրը: Եթե Սարգսյանը հստակ հայտարարեր, որ հեռանալու է նախագահի պաշտոնից և մնալու է միայն ՀՀԿ նախագահ, ապա այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ 2017 թվականին իշխանության հարցը առնվազն հինգ տարվա համար կլուծվի զգալի որոշակիականությամբ և կանխատեսելիությամբ: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն չի ասում այդպիսի բան, այլ արդեն հասցրել է երկու անգամ հետ կանգնել 2014 թվականին իր այդպիսի մի բան ասածից: Մինչև «աքաղաղի կանչ» Սարգսյանը երևի կհասցնի «ուրանալ» նույնիսկ երրորդ և անգամ չորրորդ, հինգերորդ անգամ: Իսկ քանի դեռ նա բաց է թողնում իր հետագա ծրագրերի հարցը, կնշանակի, որ նա բաց է թողնում իշխանության հարցը, իշխանության ներսում ստեղծում է անորոշություն: Իսկ քանի դեռ իշխանության ներսում անորոշություն է, ապա հազիվ թե այդ վիճակը բերի ներքին ներդրումների այնպիսի ծավալի, որ դրա շնորհիվ հնարավոր լինի ապահովել «լուրջ աճ»:

Ինչ խոսք, կառավարությունից և որևէ նախարարից կամ նախագահից ավելի, որևէ լուրջ աճով շահագրգռված և ոգևորված կարող է լինել հասարակությունը, շարքային քաղաքացին, գործարարը: Բայց տվյալ պարագայում խնդիրը այն չէ, թե ով է ավելի շատ ուզում կամ սպասում աճ, այլ այն, թե ինչ ազդակներ է կառավարությունը հասցնում հանրությանը, որքանով են այդ ազդակները պատասխանատու, հստակ, հաշվարկված, ռացիոնալ: Ընդ որում, այստեղ էլ բանն այն չէ, որ հակառակ դեպքում մարդիկ իրենց խաբված կամ հիասթափված կզգան, կկորցնեն հավատը կառավարության կամ պետության հանդեպ: Այդ խդիրն իհարկե կա, բայց միևնույն ժամանակ հիասթափության, խաբվածության զգացումը նոր կառավարության ձևավորումից հետո չէր նահանջել այնքան, որ հնարավոր լինել խոսել վտանգավոր կրկնության մասին: Այդ վիճակը կա և շարունակվում է, ու կառավարությունը դեռ շատ ջանք պետք է ներդնի դրա նահանջն ապահովելու և սպասելիքի բացակայության և դրական սպասումների հարաբերակցությունը գոնե մի փոքր հավասարեցնելու համար: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ եթե պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները հաշվարկված, կշռադատված, ռացիոնալ չեն, այլ ընդամենը լավատեսական են, եթե դրանք հնչում են առանց հանրությանը փաստարկված, քիչ թե շատ հուսալի ճանապարհներով ուղեկցված լինելու, ապա այստեղ արդեն կասկածի տակ է հայտնվում այդ պաշտոնյաների աշխատանքային արդյունավետության հարցն ընդհանրապես, արդեն անկախ նրանց ցանկությունների և մղումների ազնվության ու անկեղծության: Այդ տեսանկյունից, երբ օրինակ՝ վարչապետ Կարապետյանը հայտարարում է, որ ընտրական շրջանը զսպում է ներդրողներին և զգուշավոր դարձնում նրանց, դա ոչ այնքան ոգևորիչ, գուցե նույնիսկ ինքնաապահովագրող, բայց հասկանալի և տրամաբանական հայտարարություն է, որովհետև իշխանության ձևավորման խնդրի անպատասխան լինելը, իհարկե, հետ է պահում ցանկացած ներդրողի՝ անկախ նրա ով լինելուց և նրա փողերի ծագման հանգամանքից: Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունը չի առաջացնում մեծ դրական սպասումներ, սակայն միևնույն ժամանակ հանրության համար հասկանալի է, կտրված չէ կապն իրականությունից: Իսկ երբ հայտարարվում է, որ լինելու է լուրջ աճ, սակայն չեն մատուցվում իրականության հետ այդ հայտարարությանը կապող հստակ թելերը, դա արդեն առաջացնում է համարժեքության և պատասխանատվության շուրջ կասկածներ, տպավորություն թողնելով, որ կառավարության աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը, կամ պարզապես կառավարությունը չգիտե, թե ինքն ինչ է անում:

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...