Սարսափի երկրորդ տարելիցը

Հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարելիցը: Երկու տարի առաջ տոնական օրերից հետո աշխատանքային առօրյայի վերադարձող Հայաստանը ցնցվեց սարսափելի լուրից, որ ստացվեց Հայաստանի երկրորդ քաղաքից: Սպանվել էր մի ամբողջ ընտանիք, յոթ մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա: Ավելի ճիշտ՝ մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանը մեկ շաբաթ մաքառեց կյանքի համար՝ իր մեջ ամփոփելով մի ամբողջ հասարակության հույս և աղոթք, դժբախտաբար՝ ապարդյուն:

Ավետիսյանների ընտանիքի սահմռկեցուցիչ սպանության համար մեղադրվեց Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը: Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման սպանությունից ավելի քան մեկ տարի անց կատարված դատավարության արդյունքում: Սակայն Գյումրիում երկու տարի առաջ տեղի ունեցածը անգամ դրանից հետո Հայաստանի հանրության համար մնաց հանելուկային՝ բազմաթիվ չստացված պատասխաններով, միաժամանակ բազմաթիվ գործոններով, որոնք ձևավորեցին հանցագործության քաղաքական ենթաշերտ-հետևանքներ կամ մետաստազներ:

Օրինակ՝ ոճրագործության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը այդպես էլ ըստ էության անհասանելի մնաց հայաստանյան արդարադատության համար՝ ընդամենը ֆորմալ կերպով հայտնվելով դրա տակ: Հանցագործության կատարումից մի քանի ժամ հետո, գիշերը նա խորհրդավոր պայմաններում հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանին, որը հսկող ռուս սահմանապահները, հայտնաբերելով նրան, փոխանցեցին ոչ թե Հայաստանի ԱԱԾ-ին, ինչը պարտավոր էին անել ըստ օրենքի, այլ փոխանցեցին ռուսական 102-րդ ռազմակայանին, որտեղ էլ Պերմյակովը ըստ էության պահվում է առ այսօր՝ Հայաստանի համար գործնականում անհայտ պայմաններում և նպատակներով:

Ռուսաստանի Դաշնության իշխանությունն էլ երկար ժամանակ հայկական կողմին չէր փոխանցում Պերմյակովի գործը, ինչը տեղի ունեցավ միայն 2015-ի ամռանը՝ «Էլեկտրիկ Երևանի» օրերին, երբ Ռուսաստանը Բաղրամյան փողոցում կատարվող զարգացումները Մայդան էր որակում:

Մինչ այդ մայդանային որակումներ ստացան Գյումրիի ոճրագործությանը հաջորդած քաղաքացիական դժգոհությունները հենց Գյումրիում, որի մասնակիցները ընդամենը պահանջում էին հարգել Հայաստան պետությունն ու օրենքները և Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու համար կասկածվող հանցագործին հանձնել հայ իրավապահներին:

Սարսափելի ոճրագործությունը առ այսօր իր մոտիվներով և կատարման հանգամանքներով մնալով ըստ էության հանելուկ՝ բացահայտեց այլ բան. Հայաստանի ինքնիշխանության խնդիրները, Հայաստանի անվտանգության հարցում առկա բավական զգալի բացերն ու մտահոգիչ իրողությունները: Հարցեր, որոնք անցնող երկու տարիների ընթացքում մի կողմից՝ առավել մեծ տեղ գրավեցին Հայաստանի հանրության մտքերում և քննարկումներում, մյուս կողմից՝ այդպես էլ չդարձան Հայաստանում ներքաղաքական օրակարգի առանցքային խնդիրներ և որևէ համարժեք վերաբերմունքի չարժանացան իշխանության մոտ, առավել ևս՝ համարժեք լուծումների:

Եվ միգուցե բոլորովին այլ կլիներ Հայաստանում իրավիճակը արդեն 2016 թվականի ապրիլյան և հուլիսյան ոչ պակաս դրամատիկ և նաև ինչ-որ տեղ ողբերգական զարգացումներում, եթե Հայաստանում իսկապես համարժեք հետևություններ և դասեր քաղվեին երկու տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած, Հայաստանը ցնցած և մի շարք կարևոր բացեր դրսևորած սարսափելի ոճրագործությունից:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • «Այսպես շարունակելն անհնար է». վարչապետ
Comments

Name: