Ինչի մասին են աղմկում Հայաստանն ընդմիշտ լքողները

Հրապարակվել են տեղեկություններ Հայաստանից հեռացողների մասին, և պարզ է դարձել, որ Հայաստանից արտագաղթն ավելանում է, և անցյալ տարի Հայաստանից հեռացել է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացի: Զարմանալի է. կյանքն ըստ վիճակագրության կարծես վատ չէ, Հայաստանն ունի իր պատմության «ամենադրայվոտ» և հմայիչ վարչապետը, իսկ ահա մարդիկ ավելի շատ են հեռանում Հայաստանից: Սա նշանակում է, որ մարդիկ իրենց իրական կյանքով ոչ մի կապ չունեն այն տոկոսների և թվերի հետ, որ ներկայացնում են իշխանություններն իրենց վիճակագրությամբ: Այսինքն՝ տնտեսական աճը իրականում լիովին այլ մարդկանց է վերաբերում, և Հայաստանի քաղաքացիները շարունակում են իրենց բարեկեցության կամ պարզապես գոյության հնարավորությունները արտասահմանում փնտրել: Ինքնին հասկանալի է, որ ինն ամիսների տվյալները արտագաղթի ամբողջական պատկերը չեն ներկայացնում, և դրա համար տարեկան սալդոն է պետք նայել: Սակայն այս ցուցանիշն էլ վկայում է, որ եթե նույնիսկ մարդիկ հեռանում են ժամանակավոր, միևնույն է, դա ևս արտագաղթ է, որովհետև մարդը ապրում է այնտեղ, որտեղ տարվա մեծ մասն է ապրում: Սա տափակաբանության է նման, սակայն էությունն այն է, որ եթե մարդը տարվա ութ, ինը կամ թեկուզ յոթ ամիսն ապրում է արտերկրում և աշխատում այնտեղ, ապա նա արտերկրի բնակիչ է դե ֆակտո, և Հայաստանում միայն դե յուրե է բնակվում: Իսկ Հայաստանի բնակչությունը պետք է դե ֆակտո չափել, ոչ թե դե յուրե, որովհետև բնակչություն ասվածը ընդամենը թվեր չեն, այլ ռեսուրս՝ կոնկրետ ռեսուրս՝ պաշտպանական, արտադրողական, մշակութային: Եվ այդ ռեսուրսը տարվա ընթացքում նվազում է: Եվ ավելորդ է ասել, թե դա ինչ վտանգ է ազգային անվտանգության տեսանկյունից:

Մյուս կողմից, տրամաբանական է, որ Հայաստանից հեռացողները որքան ավելանում են, այնքան Հայաստանի տնտեսությունն աճում է: Սա պարադոքսալ է թվում առաջին հայացքից, սակայն ըստ էության խնդիրն այն է, որ հեռացողների ուղարկած գումարներով է, որ Հայաստանում տնտեսություն է աշխատում: Ինչքան շատ են հեռանում, այնքան շատ են գումար ուղարկում:

Այս պարադոքսալ հարաբերակցությունը, սակայն, մի կարևորագույն վտանգ է պարունակում, որն ըստ էության արդեն իսկ Հայաստանին սպառնացել է՝ Հայաստանը դարձել է արտագնա աշխատանք ապահովող հիմնական երկրի՝ Ռուսաստանի պատանդը: Սրանից բացի՝ արտագնա աշխատանքի միջոցով տնտեսություն աշխատեցնելը խիստ սահմանափակ մոդել է, ոչ միայն ինքնին վտանգավոր, այլ նաև խիստ սահմանափակ: Բանն այն է, որ, ի վերջո, կա մի հարաբերակցություն, երբ այլևս Հայաստան ուղարկվող տրանսֆերտները չեն կարող այստեղ աշխուժություն ապահովել, չեն կարող այստեղ գեներացիա ապահովել, որովհետև դրա համար բնակչության նվազագույն քանակ է անհրաժեշտ, ինչն արդեն իսկ հասել է երևի թե կրիտիկական աստիճանի: Նույնիսկ Պուտինը չի թաքցնում, որ, իրենց գնահատականներով, Հայաստանում 2 միլիոնից մի քիչ ավելի մարդ է ապրում: Եվ այս ամենի ֆոնին երբ դիտարկում ենք Հայաստանի իշխանության գործողությունները, ապա այստեղ ադեկվատության նշույլ անգամ չի նկատվում: Ավելին՝ խնդրո առարկայի վերաբերյալ անգամ մտահոգություն չի նկատվում, որովհետև, ըստ էության, արտագաղթի կասեցման առաջնային նախապայմանը նյութական բարեկեցություն ապահովելը չէ, այլ հասարակության հետ անկեղծանալը, հասարակությանը չխաբելը, հաշվետու լինելը, հանրությանը ցույց տալը, որ ինքն է պետության տերը, ինքն է տանտերը: Օտարության, օտարվածության և խաբվածության զգացումն է, որ բացել է արտագաղթի երկրորդ շնչառությունը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...