ՀՀԿ-ն կգնա դաշինքով, ինչպես միշտ

Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները կամ գնահատականները՝ արդյոք ՀՀԿ-ն դաշինքո՞վ կգնա, թե՞ կգնա միայնակ, ինչ-որ առումով արհեստական են: ՀՀԿ-ն զուտ ֆորմալ առումով է կուսակցություն, իսկ բնույթով այն դաշինք է, որը ձևավորված է իշխանության յուրացման գաղափարի շուրջ, և արդեն մոտ երկու տասնամյակ այդ դաշինքը պահում է իշխանությունը՝ ի հեճուկս Հայաստանի Սահմանադրության, օրենքների և հանրության կամքի:

Այդ տեսանկյունից ՀՀԿ-ն 1998 թվականից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցել է դաշինքի սկզբունքով, այսինքն՝ ձևով որպես կուսակցություն, բայց իրականում որպես դաշինք: Իհարկե, դա այն դաշինքը չէ, որը ներառում է իշխանական ամբողջ պալիտրան, ամբողջ սպեկտրը, սակայն կազմում է առանցքը:

Այս տեսանկյունից հարցը պարզ է, և այս համապետական ընտրությանն էլ ՀՀԿ-ն կմասնակցի որպես դաշինք, կուսակցության ցուցանակի ներքո: Ավելին, ներկայիս իրավիճակում ՀՀԿ-ն առավել ևս դաշինք է՝ հաշվի առնելով ներիշխանական մի շարք իրողություններ, որոնք բնորոշվում են շահերի համար թեժացած պայքարով:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ ներսում բացարձակապես գոյություն չունեն պետության զարգացման վերաբերյալ միասնական պատկերացումներ, ընդ որում՝ նույնիսկ ոչ արժեքային կամ գաղափարական, այլ թեկուզ մարտավարական միջնաժամկետ մակարդակի ընդհանրական պատկերացումներ:

Այստեղ կա մեկ խնդիր, որ կազմում է ՀՀԿ նախընտրական «ցեմենտը». դա հավաքական անվտանգության նվազագույն խնդիրն է, այլապես ՀՀԿ-ն անգամ իշխանության կուսակցություն մնալու պարագայում այսօր իսկ կարող էր մասնատվել մի քանի մասի: Նաև այդ, այսինքն՝ դաշինքային բնույթն է պատճառը, որ որևէ կուսակցության համար գործնականում անհնար է դառնում ՀՀԿ-ի դեմ զուտ կուսակցական հնարավորությամբ պայքարը:

Բանն այստեղ միայն տնտեսական ռեսուրսների ֆիզիկական ծավալը կամ դրանց գոյացման իշխանական լծակները չէ: Խնդիրը տվյալ պարագայում միաժամանակ ավելի լայն է ու խորը և առնչվում է Հայաստանում քաղաքական կյանքի մոտիվացիոն հիմքին:

Առաջին հայացքից թվում է, թե ՀՀԿ-ն Հայաստանում փոքրամասնություն է և վերարտադրվում է հասարակական կամքին հակառակ: Իրականում, զուտ ֆիզիկական ծավալներով, ՀՀԿ-ն իսկապես փոքրամասնություն է, սակայն իր դաշինքային բնույթով այն կազմում է մեծամասնություն: Այսինքն՝ որպես ընդհանուր շահ գտած և ձևակերպած խմբերի միավորում ՀՀԿ-ն ամենամեծ դաշինքն է: Այլ հարց է, թե ինչպիսի հարաբերակցություն ունի այդ շահը հասարակական և պետական շահի ու անվտանգության, զարգացման հրամայականների և հեռանկարների հետ: Իհարկե, չունի ոչ մի ընդհանրություն և ունի բազմաթիվ հակասություններ, ինչի հետևանքն էլ Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, անմխիթար վիճակն է:

Սակայն փաստն այն է, և Հայաստանի համար, իհարկե, վտանգավոր փաստը, որ ՀՀԿ-ն ընդհանուր շահը ձևակերպած և սպասարկող ամենամեծ դաշինքն է, և թեև զուտ անընդունելիության առումով ՀՀԿ-ն Հայաստանում անցանկալի, մերժելի է հանրության բացարձակ մեծամասնության համար, սակայն այդ մեծամասնությունը շարունակելու է լինել ՀՀԿ հանդեպ «ենթակա»-ի կարգավիճակում, և Հայաստանն էլ շարունակելու է ենթարկվել ՀՀԿ-ի ավելի ու ավելի մեծացող ռիսկին ու վտանգին, քանի դեռ չի ձևավորվի առավել մեծ հանրային շրջանակ ընդգրկող և դրա հիմքում որակապես այլ շահի և անվտանգության գաղափար ձևակերպող ու սպասարկող քաղաքական նոր դաշինք:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: