Կարեն Կարապետյանը հեռու կմնա ցեխից, բայց կարող է «խեղդվել» ջրում

Հայտարարելով, որ ՀՀԿ նախընտրական քարոզարշավին մասնակցելու է իր աշխատանքով, վարչապետ Կարեն Կարապետյանը փաստորեն հայտարարեց, որ ըստ էության չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին, այլ աշխատելու է: Եթե նա չի ընդգրկվում նաև ՀՀԿ համամասնական ցուցակում, որի հետ կապված ունի իրավական խնդիր, նա վերջին 4 տարում չի եղել Հայաստանի մշտական բնակիչ, և եթե նաև այդ ամենին ավելացնենք նրա հայտարարությունը, թե չի լինի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, եթե անգամ առաջարկեն իրեն, ապա, ըստ էության, ստացվում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրության գործընթացին:

Ստացվում է հետաքրքրական մի վիճակ: Նա չի մասնակցելու այդ ընտրությանը, բայց դրա արդյունքում շարունակելու է լինել վարչապետ: Այդ իրավիճակում հարց է առաջանում՝ Կարեն Կարապետյանն ի՞նքն է հրաժարվում այդ մասնակցությունից, թե՞ նրան Սերժ Սարգսյանն է դրանից հեռու պահում ինչ-որ նկատառումներից ելնելով:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ նախընտրական քարոզարշավ և գործընթաց հասկացությունն ինքնին արդեն, մեղմ ասած, ոչ պոպուլյար գործընթաց է, որի մասնակիցները գործնականում չեն կարող հանրային անգամ չեզոք ընկալման արժանանալ: Կարեն Կարապետյանը փաստորեն անմասն է մնալու հենց այդ ոչ պոպուլյար, մեղմ ասած՝ բացասական ընկալման լիցքեր պարունակող գործընթացից: Իհարկե, ամենևին այնպես չէ, որ առանց դրա Կարեն Կարապետյանը որևէ կապ չունի ներկայիս իշխանության և ՀՀԿ-ի հետ, ու հանրությունը նրան ընկալում է իբրև սև իշխանության մեջ լիովին սպիտակ կետ: Բայց հանրային մեծ ուշադրություն գրավող գործընթացից նրա հեռու մնալը նրան կպահի զգալիորեն մաքուր, առնվազն ընդհանուր իշխանական ֆոնին:

Մյուս կողմից՝ ստացվում է, որ ՀՀԿ-ում բոլորը կամ մեծ մասը ներգրավվելու են նախընտրական այդ գործընթացին, իսկ գլխավոր «մրցանակը» մնալու է Կարապետյանին, նա լինելու է դրա արդյունքը քաղող վարչապետը: Այսինքն՝ բոլորը կեղտոտվելու և աշխատելու են Կարեն Կարապետյանի վարչապետության համար: Եվ սա, ինչ խոսք, մեծ անվստահություն է առաջացնելու նրա նկատմամբ կամ խորացնելու է այդ անվստահությունը:

Դրանից գլխավոր օգտվողը, սակայն, լինելու է ավելի շուտ Սերժ Սարգսյանը, քան հենց Կարեն Կարապետյանը, քանի որ նրա և ՀՀԿ-ի մեծ մասի կամ հիմնական մասի միջև անվստահությունը առնվազն այս իրավիճակում ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որը սրելով ներքին հակասություններն ու բաժանարար գծերը՝ կարողանում է առնվազն ժամանակ շահել և կառավարել իրավիճակը:

Ըստ այդմ, եթե Սարգսյանը պատրաստվում է իշխանությունը թողնել Կարեն Կարապետյանին, ապա նա Կարապետյանին փաստորեն մաքուր է պահում ընտրական փոշուց, ավելի շուտ՝ ցեխից, ինչը հնարավորություն կտա ընտրությունից հետո առավել ուժեղացնել նրա դիրքերը և արագացնել ՀՀԿ «հին ոգուն հեռացնելու» գործընթացը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը պատրաստվում է Կարեն Կարապետյանին օգտագործել որպես ժամանակավոր տեղապահ և անցումային լուծում՝ իր վարչապետության համար ցատկահարթակ պատրաստալու տեսանկյունից, ապա ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանի հանդեպ անվստահության մեծ աստիճանը նրան կօգնի Կարապետյանի կախվածության մեծ աստիճան ապահովելուն, ինչն էլ նրան կպահի ցանկացած պահին հեռացվելու ենթակայության ռեժիմում:

Գործնականում բացառվում է Սերժ Սարգսյանի համար ռիսկային իրավիճակի առաջացումը, երբ Կարեն Կարապետյանը կարող է Սարգսյանի դեմ միավորվել ՀՀԿ մեծամասնության հետ: Դա չստացվեց անգամ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանն այդ առումով չունի անգամ տեսական շանս:

Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...